«Լեւոն Տեր-Պետրոսյանն ԱԺ նախագահ ընտրվել է 1990թ., 1991-ին դարձել է հանրապետության նախագահ, ընտրվել է 5 տարով, պաշտոնավարել է 1 տարի: Նույնը վերաբերում է Բաբկեն Արարքցյանին, Խոսրով Հարությունյանին, Արմեն Խաչատրյանին, Կարեն Դեմիրճյանին, եւ այլն: Որեւէ մեկը մինչեւ իր լիազորությունների ավարտը չի պաշտոնավարել: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: Բաբկեն Արարքցյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Տիգրան Թորոսյանը ներկայացրել են պարտադրված հրաժարականներ: Սա նույնպես նորանկախ Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ հետաքրքիր օրինակ է: 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով Կարեն Դեմիրճյանը սպանվել է: 1990-1999թթ. Հայաստանի պառլամենտի բոլոր նախագահներն ընտրվել են այլընտրանքի պայմաններում: 1999թ. սկսած Կ. Դեմիրճյանը, Ա. Խաչատրյանը, Ա. Բաղդասարյանը, Տ. Թորոսյանն ընտրվել են այլընտրանքի բացակայության պարագայում: Ես ԱԺ նախագահի եւ «Հանրապետական» կուսակցության հետ կապված խնդիրը համարում եմ ներկուսակցական դեմոկրատիայի խնդիր ու, ցավոք սրտի, ՀՀ-ում եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության, եւ՛ չեզոք քաղաքական ուժերի շրջանակներում բացակայում է ներկուսակցական դեմոկրատիան: Եվ այն անձինք, որոնք փորձում են Հայաստանում հաստատել դեմոկրատիա, պետք է դեմոկրատիայի հաստատումը սկսեն հենց իրենց կուսակցություններից: Հայաստանում, ցավոք սրտի, գործում է լիդեր կուսակցությունների արատավոր ինստիտուտը»,- երեկ խորհրդարանում ԱԺ նախագահի ընտրության հետ կապված քննարկումների ժամանակ իր ելույթում հայտարարեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` վերհիշելով նաեւ ԱԺ շենքի պատմությունը: «Այս շենքը որոշակի միստիկա ու հետաքրքրություն ունի: Այս շենքը, որտեղ դուք նստած եք, կառուցվել է 1949թ., ճարտարապետը եղել է Մարկ Գրիգորյանը: Եվ այս շենքում, 1949 թվականից սկսած, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի որեւէ քարտուղար իր ժամանակահատվածում չի պաշտոնավարել` Գրիգոր Հարությունյան, Սուրեն Թովմասյան, Յակով Զարուբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան: Եվ, ուշադրություն դարձրեք, խորհրդավորության մասով` ցավոք սրտի, այս շենքի տեղում ժամանակին եղել է Կոզեռնի գերեզմանատունը: Հարգելի գործընկերներ, ես չէի ցանկանա իմ ելույթն ավարտել միստիկայով, բայց նկատի ունեցեք, որ չարի եւ բարու պայքարն այս դահլիճում առայժմ չի հանգուցալուծվել»,- փաստագրական իր ելույթում ասաց Վ. Դալլաքյանը:
Իսկ երեկ հայրենի խորհրդարանում պատգամավորները Հովիկ Աբրահամյանին ընտրում էին ԱԺ նախագահի պաշտոնում: Ի դեպ, պատգամավոր ընտրվելուց հետո Հ. Աբրահամյանը երեկ առաջին անգամ էր եկել խորհրդարան: Նրան նախագահ ընտրելու համար խորհրդարան էին եկել նաեւ նիստերին հազվադեպ մասնակցող պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Տիգրան Արզաքանցյանը, Լեւոն Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Մանվել Ղազարյանը։ Երեկ խորհրդարանում էր նաեւ ԱԺ արդեն նախկին նախագահ Տ. Թորոսյանը, ով Հ. Աբրահամյանի թեկնածության քննարկումը սկսելու պահին դուրս եկավ Նիստերի դահլիճից: ԱԺ կանոնակարգի համաձայն, մինչեւ ընտրելը պատգամավորները թեկնածուին պետք է հարցեր ուղղեն ու ելույթներ ունենան: Բայց հենց սկզբից բոլորի համար անակնկալ կերպով խորհրդարանում միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն առաջադրեց նաեւ Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը: Թե որն էր Հ. Աբրահամյանին «այլընտրանքի» իմիտացիա ստեղծելու` «Ժառանգության» մղումը, պարզ չէ: Ու թեեւ թեկնածուները երկուսն էին, սակայն քննարկումները ծավալվեցին հիմնականում Հ. Աբրահամյանի շուրջ: Նախ ելույթ ունեցան թեկնածուները: Հ. Աբրահամյանը սկզբում երդվեց պատգամավոր ընտրվելու առիթով: Շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին իրեն առաջադրելու համար եւ խոստացավ խորհրդարանում ապահովել «խիստ անհրաժեշտ գործընկերության, փոխադարձ հարգանքի մթնոլորտ»: «ԱԺ-ը հոգեհարազատ է ինձ, եւ ինձ քաջատեղյակ է խորհրդարանի աշխատանքի ընթացքը: Այս դահլիճում ներկա գրեթե բոլոր պատգամավորները գիտեն ինձ, գիտեն իմ ունակությունները, ուժեղ ու թույլ կողմերը: Ես աշխատելու եմ ԱԺ քաղաքական դերը բարձրացնելու ուղղությամբ: Ամեն ինչ անելու եմ, որ ԱԺ-ն հասու լինի ՀՀ բոլոր քաղաքացիների ու սոցիալական բոլոր խմբերի համար»,- հայտարարեց թեկնածուն: Լ. Ալավերդյանն էլ ասաց, որ իր առաջադրումը քաղաքական պրոցես է, եւ եթե չընտրվի, լինելու է Հ. Աբրահամյանի գործունեության ամենախիստ վերահսկողներից մեկը (կարծես առանց թեկնածություն առաջադրելու հնարավոր չէ վերահսկել Հ. Աբրահամյանի գործունեությունը): Ասաց` գիտակցում է, որ չունի ընտրվելու շանս, բայց հույս ունի, որ իր խոսքն ինչ-որ ազդեցություն կթողնի ընտրվելու շանս ունեցող թեկնածուի վրա: Լ. Ալավերդյանը հայտարարեց նաեւ, որ պատգամավորները պետք է ազատ լինեն իրենց կարծիքն արտահայտելու մեջ եւ չպետք է «պարտադրված կոճակ սեղմեն»: Եվ որպեսզի երեկ մինչեւ օրվա վերջը կարողանային քննարկումն ավարտել եւ Հ. Աբրահամյանին ընտրել ԱԺ նախագահ, պատգամավորները որոշել էին նրան հարցեր չուղղել: Հարցեր տվեցին միայն «Ժառանգության» պատգամավորները եւ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: Անահիտ Բախշյանին հետաքրքրում էր, թե ո՞րն է Հ. Աբրահամյանի թույլ կողմը, ի՞նչ կարծիք ունի ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջների մասին եւ ինչպե՞ս է պայքարելու ընտրակեղծիքների դեմ: Իշխանության թեկնածուն պատասխանեց, որ իր կարծիքով՝ իր թույլ կողմը հասարակության հետ քիչ շփվելը ու փակ լինելն է: «Կարծում եմ, որ դրա համար էլ իմ նկատմամբ բացասական կարծիք է ստեղծվել: ԱԺ նախագահի պաշտոնն ինձ հնարավորություն կտա ավելի հրապարակային լինել, եւ, կարծում եմ, որ դրանից հետո իմ մասին եղած բացասական կարծիքը շուտ կվերանա»,- պատասխանեց Հ. Աբրահամյանն ու ավելացրեց, թե ընտրակեղծիքների դեմ պետք է պայքարեն օրենքով ու ՀՀ պետական բոլոր ինստիտուտներով: Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ բանաձեւին, ապա, Հ. Աբրահամյանի կարծիքով՝ պետք է կատարվեն այն պահանջները, որոնք բխում են Հայաստանի շահերից: Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ կարծիք ունի Հ. Աբրահամյանը ՀՀ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու վերաբերյալ, հատկապես, որ մարտի 1-ից հետո փոխվել են ՀՀ, ԱԺ եւ Վճռաբեկ դատարանի նախագահները: Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե ԱԺ ապագա նախագահը ի՞նչ է մտածում մարտի 1-ի գործով կալանավորվածների նկատմամբ համաներում հայտարարելու մասին: «Նախ կուզենայի արձանագրել, որ նախագահ չի փոխվել, ուղղակի նախագահի ժամկետն ավարտվել է, եւ Սահմանադրության համաձայն պետք է լիներ նոր նախագահի ընտրություններ»,- պատասխանեց Հ. Աբրահամյանը: Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազին անվստահություն հայտնելուն, հայտարարեց, թե ձեռնպահ կմնա նման դատողություններ անելուց: Համաներման մասին հարցին ի պատասխան էլ՝ հորդորեց սպասել դատավարությունների ավարտին: Եվ հարցուպատասխանից ու ելույթներից հետո Հ. Աբրահամյանը 110 ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ: Եվ ինչպես կատակում էին պատգամավորները, ընդամենը 1 ձայն չբավականացրեց Հ. Աբրահամյանին` «գոլդ» թվով ընտրվելու համար: