Կիրակի օրը Կենտրոն համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունները վաղ առավոտից սկսվել եւ շարունակվել են լարված մթնոլորտում, ուղեկցվել են մասսայական լուրջ ընտրախախտումներով:
Եվ դրանց արդյունքում, ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների` քվեարկությանը մասնակցած 31.691 ընտրողներից ՀՀԿ-ական գործող թաղապետ, թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի օգտին քվեարկել են 22.369-ը, իսկ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի օգտին` 8085-ը: 1117 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Իսկ ընտրությունների օրը տեղի ունեցած գրեթե բոլոր տեսակի խախտումներն ու անօրինականությունները համատարած բնույթ էին կրում: Օրինակ, տարբեր համայնքներից ընտրողներ էին բերում եւ թույլ չէին տալիս Ա. Զուրաբյանի եւ նրա կողմնակից ավագանիների թեկնածուների վստահված անձանց ստուգել նրանց անունները ընտրացուցակներում: Իսկ նրանք, ովքեր փորձում էին, այնուամենայնիվ, մոտենալ նրանց` անմիջապես ոստիկանների միջոցով հեռացվում էին տեղամասից:
Գրեթե համատարած էին բաց քվեարկության դեպքերը: Առաջին նման ահազանգը ստացվեց առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում` Գրողների միության շենքում տեղակայված թիվ 10/49 տեղամասից. այստեղ բաց քվեարկությունը կանխել փորձող Արարատ Զուրաբյանի վստահված անձին դուրս հրավիրեցին տեղամասից: Ընդ որում, այս տեղամասի հանձնաժողովի որոշ անդամներ հայտարարում էին, «թե բաց քվեարկությունը օրենքով չի արգելվում», որպես դրա «հիմնավորում»՝ ներկայացնելով 2005թ. Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՀՀ այլեւս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` բաց քվեարկելու փաստը:
Իսկ Ալ. Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/39 տեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Մկրտչյանը (նա, ի դեպ, Կենտրոն թաղապետարանի աշխատակից է) եւ հանձնաժողովի անդամ Արեւիկ Ղազարյանն ընտրողներից պահանջում էին քվեախցիկից դուրս գալուց հետո բացել ծրարը, ցույց տալ, թե ում են ընտրել, հետո այն գցել քվեատուփի մեջ: Ժամը 10:45-ի սահմաններում նման հաջորդ միջադեպը տեղի ունեցավ Այգեստան թաղամասում գտնվող Ջ.Կիրակոսյանի (նախկինում` Ձերժինսկու) անվան թիվ 20 դպրոցում տեղակայված N 10/03 ընտրական տեղամասում: Այստեղ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանն անձամբ էր ընտրողներից պահանջում քվեաթերթիկը քվեատուփը գցելուց առաջ իրեն ցույց տալ` ուղղորդելով նրանց «պտիչկա դնել» Գ. Բեգլարյանի անվան դիմաց: Իսկ երբ Ա. Զուրաբյանի վստահված անձը պահանջել է դադարեցնել բաց քվեարկությունը, Ս. Կոստանյանը կանչել է տեղամասի մոտ հավաքված մի խումբ տղաների, որոնք սկսել են քաշքշել եւ հարվածել Զուրաբյանի վստահված անձին: Ժամը 10:55-ին բաց քվեարկություն է կատարվել նաեւ Ծխախոտագործների 1 հասցեում (Մետաքս թաղամասում) գտնվող թիվ 10/32 ընտրական տեղամասում: Այստեղ էլ` բաց քվեարկությունը դադարեցնել պահանջող վստահված անձանց ոստիկանները դուրս են հանել տեղամասից:
Բավական հետաքրքիր էր Հիդրոպնեւավտոմատիկայի ինստիտուտում տեղակայված թիվ 10/53 տեղամասում տեղի ունեցածը: Ժամը 10:15-ի դրությամբ այս տեղամասում քվեարկել էր ընդամենը 50 ընտրող, սակայն նույն ժամին այս տեղամասից թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հաղորդել էին, որ ընտրողների թիվն այդ ժամի դրությամբ 150 է:
Իսկ ժամը 10:30-ի սահմաններում Ա. Զուրաբյանի նախընտրական շտաբ ահազանգ ստացվեց, որ թիվ 39 դպրոցում տեղակայված 10/33 ընտրատեղամասում («Դրուժբա» խանութի հարեւանությամբ) Գագիկ Բեգլարյանի թիմակիցները «Գազել» միկրոավտոբուսներով ընտրողներին տեղափոխում են ընտրատեղամաս` քվեարկության, եւ Ա. Զուրաբյանի եւ ավագանիների թեկնածուների վստահված անձանց արգելում են մոտենալ ընտրացուցակներին` պարզելու համար՝ արդյո՞ք նրանք տվյալ տեղամասի ընտրողներ են, թե՞ ոչ: Իսկ հանձնաժողովի անդամները «Գազելով» բերված ընտրողների հետ մոտեցել են քվեախցիկին` համոզվելու համար, որ նրանք ընտրում են Գագիկ Բեգլարյանին: Իսկ թիվ 33 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Միշա Սանթրյանի կարգադրությամբ վստահված անձինք ընդհանրապես մեկուսացվել են, եւ նրա իսկ հրահանգով՝ տեղամասում գտնվող մի խումբ երիտասարդներ նրանց թույլ չեն տվել տեղաշարժվել տեղամասում: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի համակիրներն այս տեղամաս էին բերել Կենտրոնի բնակիչներ չհանդիսացող քաղաքացիների: Այս տեղամասում գտնվող «Հայք» թերթի թղթակցուհուն ինչ-որ երիտասարդներ ահաբեկել են` սպառնալով. «Եթե ուզում ես քո հետ վատ բան չլինի, հանգիստ նստի տեղդ»:
Ժամը 11:25-ին Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/33 տեղամասից դուրս է հանվել համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Մեսրոպյանը: Ա. Զուրաբյանի նախընտրական շտաբ ստացված տեղեկություններով` հանձնաժողովի նախագահը ժամը 11:50-ին բացել է արդեն քվեարկված քվեաթերթիկները եւ, Ա. Զուրաբյանի օգտին քվեարկվածների վրա նշումներ անելով` դրանք դարձրել է անվավեր: Նույն ընտրատեղամասում ժամը
11:05-ին արձանագրվել էին ինչ-որ անձանց կողմից իրենց չպատկանող անձնագրերով քվեարկելու դեպքեր: Նույնը տեղի է ունեցել Շեւչենկոյի անվան N 42 դպրոցում գտնվող թիվ 10/40 ընտրատեղամասում:
Ժամը 11:30-ին Ա. Զուրաբյանի շտաբ ահազանգ եղավ նաեւ, որ «Հրազդան» մարզաթատերական համալիրում գտնվող թիվ 10/51 եւ դրա հարեւանությամբ, Կիլիկա թաղամասի թիվ 22 գրադարանում տեղակայված 10/52 տեղամաս է մուտք գործել Դավիթ Օհանյան անունով ինչ-որ քաղաքացի եւ երկու հանձնաժողովների նախագահներին հրավիրել է տեղամասում գտնվող ոստիկանների սենյակ: Այդտեղից դուրս գալուց հետո հանձնաժողովների երկու նախագահներն էլ չհրկիզվող պահարաններից հանել են քվեաթերթիկները եւ պահել են իրենց գրպաններում: Ժամը 17:30-ի սահմաններում թիվ 10/52 տեղամասում թաղապետի թեկնածու Գ. Բեգլարյանի օգտին քվեարկված մոտ 150 քվեաթերթիկի լցոնում է կատարվել, ինչն արձանագրել է հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը: Ըստ «Ա1+»-ի` ժամը 14-ի սահմաններում Չարենցի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/46 ընտրական տեղամաս է ներկայացել Արմեն Պետրոսյան անունով մի քաղաքացի եւ ներկայացել է որպես Արարատ Զուրաբյանի վստահված անձ: Նա ցույց է տվել վստահված անձի մի վկայական, որը, ինչպես պարզվել է, նրան տրված չի եղել Զուրաբյանի նախընտրական շտաբի կողմից: Նման դեպք է արձանագրվել նաեւ Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/13 եւ 10/14 տեղամասերում, որտեղ որպես Ա. Զուրաբյանի վստահված անձ է ներկայացել ոմն Գալուստ Ալոյան: Իսկ Կոնդ թաղամասի Ռուսթավելու անվան դպրոցում տեղակայված թիվ 10/47 եւ 10/48 ընտրատեղամասեր գնալուց առաջ մի շարք ընտրողներ, ըստ «Ա1+»-ի` մտել են մոտակայքում գտնվող ոմն Սմբատի տուն, ստացել գումարը եւ համապատասխան ցուցակում իրենց անունը նշելուց հետո գնացել են քվեարկության: Այդ ընտրողներին, ըստ «Ա1+»-ի` ուղեկցել են Գ. Բեգլարյանի վստահված անձինք: Լրագրողներից մեկին հաջողվել է լուսանկարել ընտրակաշառք բաժանելու փաստը: Ի դեպ, թիվ 10/51 տեղամասում ընդհանրապես արգելել են լրագրողների մուտքը:
Ծեծել են Զուրաբյանի վստահված անձանց
Ժամը 12:05-ին Ա. Զուրաբյանի նախընտրական շտաբ ահազանգ ստացվեց, որ թիվ 19 մանկապարտեզում տեղակայված 10/07 ընտրատեղամասում Գագիկ Բեգլարյանի համակիրները ծեծի են ենթարկել Զուրաբյանի վստահված անձանց եւ նրանց դուրս են հանել տեղամասից:
Ժամը 13:20-ի սահմաններում էլ հայտնի դարձավ, որ Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված 10/29 տեղամասում Գ. Բեգլարյանի համակիրները ծեծի են ենթարկում վստահված անձանց: Նույն տեղամասից բռնի ուժով դուրս է հանվել ավագանու թեկնածու, ՀՀՇ անդամ Կարեն Կարապետյանի վստահված անձ Արտյոմ Բալաբեկյանը: Կ. Կարապետյանի մեկ այլ վստահված անձի` Նորայր Պապյանին ծեծի ենթարկելուց հետո դուրս են հանել Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում տեղակայված N10/36 տեղամասից:
Իսկ արդեն ժամը 15-ի սահմաններում Հիդրոպնեւավտոմատիկայի ինստիտուտում տեղակայված թիվ 10/53 եւ 10/54 ընտրատեղամասերում մի խումբ զինված անձինք հարձակվել են Արարատ Զուրաբյանի եւ ավագանու թեկնածուների վստահված անձանց եւ հանձնաժողովի` «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող անդամի վրա: Նրանց դուրս են հանել տեղամասից եւ այլեւս թույլ չեն տվել մտնել տեղամաս:
Նման զինված հարձակում եղել է նաեւ թիվ 10/23 տեղամասում: Ըստ «Ա1+»-ի` Գ. Բեգլարյանի մի խումբ զինված կողմնակիցներ հարձակման են ենթարկել վստահված անձանց` փորձելով ծեծելով նրանց դուրս հանել տեղամասից: Ժամը 15:30 սահմաններում մի խումբ զինված անձինք ներխուժել են Նորագյուղ թաղամասում գտնվող թիվ 10/53 եւ 10/54 տեղամասեր, վերցրել են քվեատուփերը եւ տեղափոխել են տեղամասի մեկ այլ հատված: Այնուհետեւ վերցրել են քվեաթերթիկների մի խուրձ եւ ցուցադրաբար նշում կատարելով Գագիկ Բեգլարյանի անվան դիմաց, այն գցել են քվեատուփի մեջ: Սա այն նույն տեղամասն էր, որտեղ առավոտյան տեղի էր ունեցել բաց քվեարկություն, ինչը կանխելու` վստահված անձանց փորձին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը կանչել էր տեղամասի մոտ կանգնած երիտասարդներին, որոնք կրկին ծեծել էին վստահված անձանց: «Ա1+»-ի փոխանցած տեղեկատվության համաձայն` Նորագյուղ եւ Կիլիկիա թաղամասերում արդեն երեկոյան մի քանի տասնյակ զինված երիտասարդներ արտասահմանյան մեքենաներով (հիմնականում՝ ջիփերով) շրջում էին տեղամասերին հարող տարածքներում եւ տեղամաս եկող քաղաքացիներին սպառնալով ստիպում էին ընտրել Գագիկ Բեգլարյանին: Որոշ ավտոմեքենաների համարներ հաջողվել է արձանագրել. դրանք են` 600 ss 06 պետհամարանիշով սեւ «Range Rover», 60 666 սեւ «Mersedes Brabus», 53 SS 555 պետհամարանիշով «7-րդ դասի BMW»: Զինված խմբավորման մյուս ավտոմեքենաներն էլ եղել են 50 555, 04 040, 09 990, 70 111 պետհամարանիշերով: