«Նման հաղթանակը խայտառակ պարտություն է»

01/10/2008

Երեկ Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել կիրակի օրը Կենտրոն համայնքում կայացած թաղապետի ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Կենտրոն համայնքում թաղապետական ընտրությունները նույնպես անցան գործող ավազակապետությանը հատուկ ահաբեկչական մթնոլորտում։ Գիտակցելով Կենտրոնում պարտվելու քաղաքական հետեւանքները, վարչախումբը ոչ միայն գործի դրեց ընտրախախտումների իր ողջ զինանոցը, այլեւ այն հարստացրեց նոր միջոցներով։ Մինչեւ վերջ օգտագործվեց քրեական տարրը եւ կիրառվեցին քրեորեն հետապնդելի բազմաթիվ միջոցներ։ Քվեարկության մեկնարկից քիչ անց արդեն զինված խմբեր մուտք գործեցին մի քանի ընտրատեղամասեր (Նորագյուղ եւ Կիլիկիա թաղամասում) եւ, ոստիկանների հանցավոր աջակցությամբ կամ անտարբերությամբ, ծեծով ու սպառնալիքներով քվեարկության սենյակներից դուրս հանեցին Արարատ Զուրաբյանի վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված անդամներին, ինչպես նաեւ՝ դիտորդների ու լրագրողների։ Օրվա ընթացքում բազմաթիվ ընտրական տեղամասերում ու նրանց շուրջ վխտում էին այսօրինակ զինված ավազակախմբեր։ Ահաբեկչության այս պայմաններում բնակչության զգալի մասը պարզապես ձեռնպահ մնաց ընտրատեղամասեր գնալուց։ Ընդ որում՝ Ոստիկանությունը ոչ միայն որեւէ քայլի չդիմեց օրինախախտներին կարգի հրավիրելու համար, այլեւ ամենուր իր պաշտպանության տակ առավ նրանց ապօրինի գործողությունները։ Մինչդեռ մյուս կողմից, հօգուտ թաղապետի իշխանական թեկնածուի գործի դրվեցին ինչպես բազմիցս կիրառված, այնպես էլ նոր մշակված խախտումների ողջ զինանոցը։ Տարբեր տեղամասերում կատարվել են հետեւյալ օրինախախտումները.

– կատարվել են բաց, հանձնաժողովների անդամների կողմից վերահսկվող քվեարկություններ, դրանց դեմ բողոքող վստահված անձինք ոստիկանների օգնությամբ դուրս են հանվել տեղամասերից,

– կեղծվել են ըստ սահմանված ժամերի հաղորդվող մասնակիցների թվաքանակի մասին տեղեկությունները,

– ընտրատեղամասի շրջակայքում կատարվել է ընտրակաշառքի բաց բաժանում,

– քվեարկել են Կենտրոնի բնակիչ չհամարվող անձանց շրջիկ խմբեր,

– հանձնաժողովների անդամների կողմից արհեստականորեն անվավեր են դարձվել Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ,

– կատարվել են կրկնակի եւ ուրիշի անձնագրով քվեարկություններ,

– իշխանական թեկնածուի մարդկանց տրվել են Ա. Զուրաբյանի վստահված անձի կեղծ վկայականներ,

– կատարվել են լցոնումներ, ընդ որում՝ որոշ տեղերում ցուցադրաբար ու անթաքույց,

– խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը,

– դրսում մարդկանց բաժանվել են ընտրածրարներ, ընտրողների հետ քվեախցիկ են մտել կողմնակի մարդիկ՝ վերահսկելու ու պարտադրելու նրանց քվեարկությունը,

– զանգվածային քվեարկություններ են կատարվել ցուցակներում գրանցված բազմաթիվ բացակա քաղաքացիների փոխարեն,

– քվեարկության ավարտից հետո ձայները հաշվելու ժամանակ տեղամասերից բռնությամբ հեռացվել են Ա. Զուրաբյանի վստահված անձինք,

– քվեարկության վերջում անհայտացել են ստորագրված ընտրացուցակները։ Կենտրոնի ընտրություններում բացահայտվել են նաեւ իրենց ցինիզմով աննախադեպ խախտումներ,

– վստահված անձանց եւ հանձնաժողովների ոչ իշխանական անդամներին ահաբեկելու, նրանց տեղամասերից հեռացնելու կամ մեկուսացնելու համար օգտագործվել են 30-50 մարդուց բաղկացած զինված ավազակախմբեր,

– նույն զինված ավազակախմբերը առեւանգել են քվեատուփը, հափշտակել քվեաթերթիկներ ու ցուցադրաբար լցոնումներ կատարել իշխանական թեկնածուի օգտին,

– Ոստիկանությունը ամենուր պաշտպանել է ընտրախախտներին, իսկ տեղամասերից մեկում (նախկին Ձերժինսկու անվան դպրոց) Ա. Զուրաբյանի վստահված անձանց ու դիտորդների ծեծը, մեկուսացումը եւ քվեատուփի լցոնումը տեղի է ունեցել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ու նրան ուղեկցող հատուկջոկատայինների օգնությամբ,

– ընտրատեղամասերից մեկն են ներխուժել երեք տասնյակ մարդիկ ու ապօրինի քվեարկություն կատարել՝ յուրաքանչյուրը մի քանի անգամ, իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ինքը անզոր է նրանց դեմ,

– մի այլ տեղամասում (Կիլիկիա թաղամաս) հարձակում է իրականացվել ԿԸՀ անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի վրա, ապա նրա ներկայությամբ կատարվել լցոնում, իսկ ԿԸՀ նախագահը հեռախոսով նրան սպառնացել է՝ չխանգարել հանձնաժողովի «աշխատանքը»։

Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը Կենտրոնի թաղապետի այս հերթական խայտառակ ընտրության առիթով հայտարարում է. Մենք սին հույսեր չունենք, թե հանցավոր վարչախումբը կփորձի որեւէ բնագավառում օրինականություն հաստատել, քանզի այն օրենքի դաշտում պարզապես կկազմալուծվի, կոչնչանա։ Մենք շարունակելու ենք մասնակցել այսօրինակ գործընթացներին՝ հանրության ավելի ու ավելի լայն շրջանակներին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը ցուցադրելու համար այս ավազակախմբի «խոստումների» սնանկությունը: Հակառակ դեպքում ապօրինությունները կարճ ժամանակում բոլորի համար կդառնան կյանքի սովորական նորմ, իսկ դրանց հետ համակերպվելը՝ տարածված վարքագիծ։ Իրականում վարչախմբի ամեն մի այսօրինակ «հաղթանակը» նրա խայտառակ պարտությունն է, դրանք գումարվելով մոտեցնում են նրա վախճանը։ Համաժողովրդական պայքարը բերելու է ազատության, ժողովրդավարության ու օրինականության փառահեղ ու վերջնական հաղթանակի։ Մասնակցեք այդ պայքարին, մասնակցեք Համաժողովրդական շարժման-Հայ Ազգային կոնգրեսի հոկտեմբերի 17-ի առաջիկա հանրահավաքին եւ դուք կհամոզվեք դրանում»։