Ազատ արձակման եւս մեկ կոչ

01/10/2008

Երեկ հրապարակվել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի` սեպտեմբերի 11-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացրած եզրակացությունները` 1620 բանաձեւի կատարման վերաբերյալ:

Ըստ Հանձնակատարի` «մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց իրադրությունը դեռեւս շարունակում է խիստ մտահոգությունների տեղիք տալ: Անհետաձգելի է լուծումներ գտնելու համար պարտադիր քաղաքական կամքի կիրառման անհրաժեշտությունը: Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններին առնչվող բոլոր քրեական գործերի նախնական հետաքննության փուլն ավարտված է: Գործերի մեծ մասն ուղարկվել են դատարաններ, իսկ ներգրավված անձանց ճնշող մեծամասնությունը, որոնցից գրեթե բոլորը ընդդիմության սատարողներ են, մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել: Ներկայում 7 անձինք գտնվում են նախնական կալանքի տակ, 14 կալանավորված անձանց առնչվող դատավարությունները ընթացքում են, եւ 39 անձինք դատապարտվել են ազատազրկման: Շուրջ 42 անձինք հիմնականում արագ դատավարական ընթացակարգով դատապարտվել են ազատազրկում չենթադրող պատժամիջոցների, այն է` պայմանական ազատում կամ տուգանքներ»,- ասված է եզրակացության մեջ: Բացի այդ, Հանձնակատարը գտնում է, որ լուրջ խնդիրներ կան մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց դեմ ներկայացված քրեական մեղադրանքների բնույթի վերաբերյալ: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայության պետի` 2008թ. մարտի սկզբին որոշ մարզային դատախազներին ուղղած նամակը, որով նա պահանջում է տեղեկատվություն հավաքել ընդդիմության ցույցերի մասնակիցների, այլ ոչ` կոնկրետ գործողությունների վերաբերյալ, հարցեր է առաջացնում հետաքննության բնույթի եւ նպատակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակված փաստաթղթին: Համարբերգը մասնավորապես մտահոգված է նախնական կալանքի տակ գտնվող յոթ անձանց, այդ թվում` երեք պատգամավորների եւ Լ. Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրարշավի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի առնչությամբ, որոնց, ըստ Հանձնակատարի` բավականին ընդհանրական մեղադրանք է առաջադրված պետական հեղաշրջում (իշխանության բռնի զավթում, Քրեական օրենսգրքի հոդված 300) կազմակերպելու համար: Հանձնակատարի մտահոգությունն էլ ավելի է սրել այն փաստը, որ բոլորովին վերջերս` սեպտեմբերին, այդ գործերից մի քանիսի առնչությամբ համապատասխան դատարանը երկու ամսով երկարացրել է նախնական կալանքի ժամկետը: «19 անձանց դեմ հարուցված դատական գործերը հիմնված են եղել բացառապես ոստիկանական ցուցմունքների վրա»,- ասված է փաստաթղթում: Հանձնակատարի զրուցակիցներից շատերի կարծիքով` խախտվել է դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքը: Նրանց համար խնդրահարույց է եղել նաեւ որոշ դեպքերում արագացված դատավարության պրակտիկան, որի շրջանակներում «մի քանի դատավարությունների տեւողությունը 30 րոպեից պակաս է եղել»: Փաստաթղթում նաեւ արձանագրվել է, որ «մինչ օրս մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ իրավապահ մարմինների որեւէ ներկայացուցչի մեղադրանք չի առաջադրվել»: Թ. Համարբերգը նաեւ ընդգծել է, որ «բացառապես քաղաքական համոզմունքների կամ ոչ բռնի գործողությունների հիման վրա ազատազրկման կամ դատապարտման պրակտիկայի շարունակումը, նույնիսկ ազատազրկում չնախատեսող պատժաչափերի դեպքում, անընդունելի է»:

Ի դեպ, Համարբերգը նշել է, որ ինքը համամիտ է ԵԽ ԽՎ նախագահ պրն Դե Պուչի հուլիսի 29-ին արած այն հայտարարության հետ, թե` «Պետք է հստակ լինի, որ (մարտի 1-ի) իրադարձությունների առնչությամբ ձերբակալությունները, բացառությամբ ծանր հանցագործություններ կատարածների դեպքում, Վեհաժողովի տեսանկյունից անընդունելի է»: «Հետեւաբար,- ընդգծել է Համարբերգը,- իշխանություններին կոչ եմ անում հնարավորինս արագ կերպով ազատ արձակել այդ մարդկանց»: Անդրադառնալով մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների հետաքննությանը, Հանձնակատարը նշել է, որ հուլիսին Հայաստան կատարած իր այցի ընթացքում քննարկումների հիման վրա` փորձագետը (ով մասնակցել է այդ այցին) պատրաստել է հուշագիր, որը ներկայացնում է ինչպես հետաքննություն իրականացնող փորձագիտական հանձնաժողովի ձեւավորման ընթացակարգին, այնպես էլ` կոմիտեի գործունեության էական կողմին (այն է` հետաքննության շրջանակը, մանդատը եւ այլն) առնչվող հիմնական հարցադրումները եւ խնդիրները` երաշխավորելու դրանց համապատասխանությունը ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջներին եւ իր հանձնարարականին: Փորձագետը հուշագիրը Հայաստանի կառավարությանն է հանձնել օգոստոսի 21-ին: «ՀՀ իշխանություններն արագ կերպով պատասխանել են՝ մշակելով նախագահական հրամանագրի նախագիծ, որը նախատեսում է փորձագիտական խմբի ձեւավորումը` մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների փաստերի հայտնաբերման նպատակով: Այնուամենայնիվ, հետագա ջանքեր են հարկավոր համալրելու այդ հրամանագիրը, որը հիմք կծառայի փորձագիտական խմբի աշխատանքի համար: Բացի այդ, լիակատար ներառական եւ համապարփակ խորհրդատվական գործընթաց է անհրաժեշտ` երաշխավորելու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ընդհանուր աջակցությունը եւ ներգրավվածությունը»,- ասված է փաստաթղթում: Ըստ Համարբերգի` հուլիսին կատարած իր այցից ի վեր Հայաստանի իշխանությունների «ջանքերը պետք է գնահատվեն՝ որպես դրական քայլեր»: Նա առաջարկում է շարունակել «ջանքերը միջազգային փորձագետի խորհուրդների ներքո»` երաշխավորելու այս գործընթացի հաջողությունը: «Համապարփակ, անկախ, անկողմնակալ, թափանցիկ եւ Հայաստանի բնակչության կողմից արժանահավատ համարվող հետաքննություն վարելու նպատակ ունեցող փորձագիտական խմբի ձեւավորումը կարծես այլեւս իրականանալի խնդիր է: Հանձնակատարը հույս է հայտնում, որ այս հնարավորությունը կգնահատվի, եւ կշարունակվի բոլոր ներգրավված կողմերի կառուցողական մասնակցությունը»,- ասված է Հանձնակատարի պատրաստած եզրակացության մեջ: Ի դեպ, նա նաեւ նշել է, թե իր գրասենյակը եւ փորձագետը «ներգրավված են ՀՀ կառավարության հետ փորձագիտական խմբին վերաբերող ընթացակարգային եւ ըստ էության խնդիրներին վերաբերող շարունակական երկխոսության մեջ»: Համարբերգը նաեւ կարեւորել է փորձագիտական խմբի զեկույցի հրապարակման անհրաժեշտությունը, որը մատչելի կլինի բնակչությանը: