«Հեռվից ես զգում քաղցրությունը»

01/10/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Բացատրել, թե ով է ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը` կարիք չկա: Ով գիտե նրան` գիտե նաեւ մեր երգարվեստի երբեմնի բարձունքների մասին:

Իսկ նրանց, ով Տաթեւիկ Հովհաննիսյանին չի ճանաչում, պետք է անցյալ վերադարձնել ու հիշեցնել, որ 25 տարի առաջ մենք ոչ թե «էրզաց» փոփ-երաժշտությունն էինք լսում, այլ իրապես հետեւում էինք այն հեղաշրջմանը, որը Տաթեւիկ Հովհաննիսյանի շնորհիվ տեղի էր ունենում ջազում, էստրադայում ու ֆոլկլորում: Դա մի անհանգիստ, զգայուն ու շատ ազնիվ պրոցես էր, որից սկիզբ էին առնում բազմաթիվ երաժշտական ճյուղավորումներն ու համադրումները:

Տաթեւիկ Հովհաննիսյանը երբեք չթեքվեց դեպի փոփ-երաժշտությունը եւ հեշտ ճանապարհ չընտրեց իր համար: Նա մնաց նույն խստապահանջ ու տաղանդավոր պրոֆեսիոնալը: Նա մնաց միակն ու անկրկնելին, ում նախկին Խորհրդային Միությունում անվանում էին «Էլլա Ֆիտցջերալդը` Երեւանից»: Իսկ հայաստանցիները լսում էին նրա ջազային կատարումները ու կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ համատեղ ստեղծված «Դռներ» էստրադային ալբոմի շնորհիվ ընդունում էին, որ էստրադան նույնպես կարող է բարձր լինել:

Հետո եկավ մի շրջան, երբ ստեղծագործական պրոցեսը Հայաստանում շատ կտրուկ կանգ առավ, քանի որ մեր հանրապետությունից հեռացան լավագույն կատարողները` երգի դաշտը թողնելով բախտի քմահաճույքին: Եվ հիմա մեր երգարվեստը կարծես փորձում է վերհիշել այն հարուստ ու խորը շերտի մասին, որը մերն էր, սակայն որը մենք գիտակցաբար փոխարինեցինք դյուրամարս ու ոչինչ չասող երգերով: Եվ կորցրեցինք երաժշտական շղթայի շատ կարեւոր օղակներ, որոնք կարող էին զարգացնել ու երկարացնել այդ շղթայի ազդեցությունը: «Հիմա ապացուցվել է, որ մենք 70 տարի ջազ ենք ունեցել: Եվ ես շատ եմ ցանկանում, որ ջազը կրկնապատկվի, եռապատկվի ու իր տեղն ունենա այն երաժշտության կողքին, որը հիմա կա Հայաստանում: Չեմ կարող ասել, որ Միացյալ Նահանգներում փայլուն վիճակ է ջազի համար, ընդհանրապես հիմա բարգավաճում է այն երաժշտությունը, որը գումար է բերում, այսինքն` որը կոմերցիոն է: Եվ դա բնական իրավիճակ է: Բայց կոմերցիոն երաժշտության կողքին անպայման պիտի դասական, ջազային ու իսկական ժողովրդական երաժշտություն լինի, որպեսզի խոտանը հետ մղվի»,- ասում է Տաթեւիկ Հովհաննիսյանը, ով վաղուց ապրում է Նյու Յորքում, դասավանդում է, իր խմբով շրջագայում է աշխարհով մեկ, ձայնագրություններ է անում: Իսկ նրա ամուսինը՝ մենեջեր Վահրամ Գյուրջյանը զբաղվում է երգչուհու համերգների կազմակերպամբ: «Նա մեծ երաժշտասեր է, թեեւ չի երգում»,- ամուսնու մասին ասում է երգչուհին:

Տ. Հովհաննիսյանը 10 տարի հայրենիքում չի երգել, եւ հիմա այստեղ է` «Հայկական ջազ 70» ծրագրին մասնակցելու համար: «Ես երբեք նետը ձեռքիս առաջ չեմ նետվել: Բնավորությամբ միշտ համեստ եմ եղել, եւ իմը առաջ տանելու, բրթելու մղում չեմ ունեցել: Նաեւ իմ առաջ նպատակ չեմ դրել` անպայման գնալ ու ապրել ջազի հայրենիքում: Պարզապես այդպես ստացվեց: Եվ ավելի ընդլայնվելու, սովորելու, ավելի բարձրանալու հնարավորությունն ինձ համար կարծես ինքն իրեն է ստեղծվել», – ասաց նա՝ մինչ համերգը հանդիպելով լրագրողների հետ:

Տաթեւիկ Հովհաննիսյանը շատ շնորհակալ մարդ է, նա իր երախտագիտությունը հայտնեց Բերկլի քոլեջի դասախոս, երաժիշտ Ջոն Բաբոյանին, ով առաջինն էր, որ իր համերգը կազմակերպեց Բոստոնում, նաեւ` հանրահայտ պրոդյուսեր Ջորջ Ավագյանին, ում շնորհիվ Տաթեւիկն ու դաշնակահար Արմեն Դոնելյանը ձայնագրեցին հայկական էթնո-ջազային վիրտուոզ ու քնքուշ «Լսիր իմ սիրտը» ձայներիզը:

Ջազն ու ժողովրդական երաժշտությունը միաձուլելու մասին Տաթեւիկ Հովհաննիսյանն ասում է. «Հիմա շատ բաներ են լսվում, որոնք համարվում են ժողովրդական երաժշտություն, բայց դրանք ժողովրդական երաժշտությանը նույնիսկ մոտ էլ չեն կանգնած: Ասենք նաեւ, որ շատ ազգերի ժողովրդական երաժտություններն ավելի խորը ներկայացվելու տենդենց ու հնարավորություն չունեն: Եվ ոչ բոլորն են կապակցվում ջազի հետ: Իսկ հայկականը լավ է կապակցվում, քանի որ մենք շատ հարուստ ռիթմեր ունենք: Եվ եթե այդ ռիթմերը գեղեցիկ հարմոնիաներով կապվում են ջազային երաժշտության հետ, ստեղծվում է մի շատ հետաքրքիր աշխարհ: Ի դեպ, այդ աշխարհն իմ մեջ զարգացավ ու մեծ սնունդ ստացավ` դրսում լինելու ժամանակ: Այստեղ դա քոնն ես համարում, սիրում ես, երգում ես, լսում ես, բայց երբեք այդպես չես անդրադառնում, ինչպես անդրադառնում ես դրսում: Հեռվում ես զգում այդ կարոտը, հեռվում ես պարզում այդ քաղցրությունը, եւ հեռվում ես հասկանում, որ ժողովրդականի ու ջազի կապակցումը յուրահատուկ քայլ կլինի, եւ այդ քայլը հենց միայն իմը կլինի: Եվ հիմա ես շատ հպարտ եմ, որ գեղեցիկ, խորը, հարուստ, դարերից եկած ժողովրդական երաժշտությունը ջազի հետ եմ միացրել: Իմ բոլոր կատարումները կարծես իմ զավակներն են, որոնք ինձանից են ծնվել: Եվ դա ես Նյու Յորքում դասավանդում եմ տարբեր ազգերին: Գերմանացի մի աշակերտ ունեմ, որը «Հով արեք» է երգում, ուրեմն պատկերացրեք, որքան հպարտ պիտի ես լինեմ»:

Հաճախ, երբ փորձում ես կաղապարել քո պատմությունն ու պապերի երգերը որպես անձեռնմխելի սրբություն ես ներկայացնում, ինքդ քեզ զրկում ես իմպրովիզացիայով հիանալու հաճույքից: Եվ հիմա Հայաստանում չկա ոչ մի կատարող, ով Տ.Հովհաննիսյանի նման կարող է մեկնաբանել հայկական ժողովրդական երգերը: Այսօրվա Հայաստանում Տաթեւիկ Հովհաննիսյանը ջազային կատարողների նոր սերունդ է տեսնում, որոնք ըստ նրա` համաշխարհային մասշտաբով լավ որակի երաժիշտներ են, սակայն խոսքը միայն երաժիշտների, այլ ոչ թե՝ վոկալիստների մասին է. «Որպեսզի լավ վոկալիստներ լինեն, պիտի դպրոցը լավանա ու դասավանդումների մակարդակը բարձրանա: Շատերս հեռացել ենք Հայաստանից, մեղավոր ենք: Բայց ես հիմա այստեղ եմ, այստեղ են նաեւ իմ երաժիշտները, ուրեմն կարելի էր դասավանդումներ կազմակերպել: Հուսամ, որ հաջորդ անգամ դա էլ կընդգրկվի նման ծրագրերում»:

Մի կում թթվածին

Իսկ սեպտեմբերի 27-ին Տաթեւիկ Հովհաննիսյանը ելույթ ունեցավ Երեւանի ակումբներից մեկում: Երգեց հզոր մի ծրագիր, երգեց առանց սեթեւեթանքի նշույլի` սկզբից եւեթ իր կանոնները թելադրելով երեւանյան «թուլացած» ու զվարճասեր «բոմոնդին»: Նա հենց սկզբից հայտարարեց, որ համերգի ընթացքում արգելում է սրահում ծխելը, ինչից հանդիսատեսը փոքր-ինչ նեղսրտեց, բայց ենթարկվեց: Մեկ երգ երգելուց հետո երգչուհին կրկին դիմեց հանդիսատեսին` աղմուկը դադարեցնելու պահանջով: «Հասկանում եմ, որ եկել եք զվարճանալու, բայց եկեք այսօր իսկապես երաժշտություն վայելենք»,- ասաց նա: Եվ հանդիսատեսը բերանը փակեց, որպեսզի «բերանը բաց» հետեւի երգչուհու թելադրանքին: Եվ Տաթեւիկը թելադրեց, ստիպեց, հրամայեց լսել իրեն, եւ բոլորին գերեց իր կատարումներով: Պրոֆեսիոնալ ու բավական խորամանկ կառուցված ծրագիրն ընդգրկել էր բրազիլական բարդ ջազային երգերը, ջազային ստանդարտներն ու հայկական էթնո-մշակումները: Այդ ծրագիրը կարողացավ սողոսկել բոլորի սրտերը, կարողացավ հիշեցնել այն երաժշտական նախասկզբի մասին, որը մեր բոլորի ակունքն է, եւ այն ուղիների մասին, որոնք կարող են բացվել, սակայն որոնք մենք անընդհատ անտեսում ենք` գերադասելով չլարել մեր ուղեղներն ու սրտերը: Տաթեւիկի խումբը շատ նման է իրեն, նույնչափ օրգանիկ, պահանջկոտ ու գրագետ է: Տարբեր ազգերի ներկայացուցիչներից բաղկացած այդ խումբը հենց հայկական ջազ է նվագում, այն ջազը, որը փոքր-ինչ թախծոտ ու շատ էմոցիոնալ է: Նրանց ելույթը հիշեցրեց բոլոր հայ երաժիշտներին` ելակետից դեպի ավարտ սահուն մոտեցող ամուր երաժշտական կառուցվածք ստեղծելու կարեւորության մասին: Եվ մարդիկ շփոթվեցին, հուզվեցին, նրանց աչքերում արցունքներ հայտնվեցին: Նման խիստ հաշվարկված ու միաժամանակ հուզական կատարումից բոլորը հետ էին վարժվել, մոռացել էին, որ ժամանակին մենք դա ունեցել ենք, հետո կորցրել ենք ու «մանրացրել» ենք մեր պահանջներն ու մտածողությունը: Տաթեւիկ Հովհաննիսյանն ասում է. «Ժողովրդական երաժշտությունը լայնատարած հոգի ունի: Խոսքս ոչ միայն հայկական երաժշտության մասին է: Ցանկացած ֆոլկլոր ժողովրդի պատմությունն է, եւ այն կաղապար ունենալ չի կարող: Ժողովրդական երաժշտությունն է քո արմատը, իսկ մնացածը տերեւներն են: Եվ եթե այդ երաժշտությունը քո հոգում հիմք ունի, եւ դու էլ հետաքրքրված ես, զգում ես, տիրապետում ես այդ երաժշտությանը, ուրեմն կարող ես շատ խորը կերպով անդրադառնալ այդ երաժշտությանն ու առաջ գնալ, քանի որ այդ դեպքում քո մտածողությունն էլ է փոխվում»:

Տաթեւիկ Հովհաննիսյանը հաճախ է լինում Հայաստանում, քանի որ այստեղ են ապրում մայրը՝ լեգենդար երգչուհի Օֆելյա Համբարձումյանն, ու եղբայրը. «Հայաստանի հետ իմ ունեցած կապը երբեք չի կտրվել, եւ եթե մի քանի ամսով դասավանդելու հրավեր լինի, անպայման կգամ դասավանդելու: Եվ եթե ինձ ամեն տարի համերգների հրավիրեն, ես ամեն տարի էլ կգամ: Բայց թե աշխարհի երեսին որտե՞ղ եմ մշտական ապրելու` չգիտեմ»: Երգչուհին, սակայն, վստահ է, որ մոտ ապագայում իր նոր ձայներիզները Հայաստան չի բերի: Պատճառը ավազակությունն է: «Իմ առաջին օրիգինալ 1998 թվականին լույս տեսած «Listen to my heart» ձայնապնակն այստեղ տեսել եմ մի խանութում, ու սիրտս դրանից ուղղակի կոտրվել է: Սոսկալի վատ տպագրված ու անտանելի վատ որակի պատճեն էր, որը հանգիստ վաճառվում էր խանութներում: Ի՞նչ եք կարծում, դրանից հետո ինձ մոտ կարո՞ղ էր ցանկություն լինել նորից իմ սկավառակները բերել Հայաստան: Ոչ»: Այնպես որ, նրա նոր ձայնագրությունները մենք կամ դեռ երկար չենք լսի, կամ էլ խեղաթյուրված տարբերակով կլսենք: Եվ Աստված գիտե, թե երբ նրան կրկին Երեւան կհրավիրեն: «Երգը իմ մի բաժակ ջուրն է, իմ թթվածինն է, առանց որոնց ապրել ոչ մի մարդ չի կարող: Երգը միշտ ինձ հետ է քայլել, հուսով եմ, որ շարունակելու է քայլել նաեւ ապագայում»,- ասում է Տաթեւիկ Հովհաննիսյանը: Նաեւ ավելացնում է. «Հայերը միշտ անհատ հատիկներ են եղել, եւ ավելի ցայտուն իրենց արտահայտել են այն ժամանակ, երբ Հայաստանից դուրս են եկել: Հայերն ընդհանրապես երբեք խմբված չեն եղել: Դա մեր ամենավատ հատկությունն է»: