Պրոթեզավորում` մեկ շաբաթում

01/10/2008

Հայաստանում ստոմատոլոգիայի բնագավառում կկիրառվի նորագույն մեթոդ, որին երեկ Երեւանում կազմակերպված միջազգային կոնֆերանսի ընթացքում ծանոթանում էին հայ ստոմատոլոգները: Հայաստանի ստոմատոլոգիական կլինիկաների բժիշկների ասոցիացիայի եւ Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի կողմից համատեղ կազմակերպված կոնֆերանսի ընթացքում Հայաստանի եւ Արցախի գործընկերներին միջազգային փորձին եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն են ծանոթացնում Բրյուսելի Բժշկական համալսարանի մասնագետները: Ասոցիացիայի նախագահ Լեւոն Գրիգորյանի խոսքով` Առողջապահության ազգային ինստիտուտի օրթոպեդիայի եւ ստոմատոլոգիական ամբիոնի ջանքերով առաջիկայում կկազմակերպվեն նաեւ կրեդիտային վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացներ, ինչը հայ ստոմատոլոգներին հնարավորություն կտա որակավորվել եւ ծանոթանալ նոր տեխնոլոգիային: Լ. Գրիգորյանը նշել է, որ նոր մեթոդը թույլ է տալիս մեկ փուլով, առանց խոշոր վիրահատությունների, հատուկ սարքավորումների միջոցով տեղադրել իմպլանտներ: Գործողությունը տեւում է ընդամենը 3-5 րոպե: Նոր մեթոդով իմպլանտներ տեղադրելուց հետո պրոթեզավորումը կիրականացվի ընդամենը 1 շաբաթ հետո, ներկայիս 3-6 ամսվա փոխարեն: Մեր տարածաշրջանի ոչ մի երկրում այս մեթոդը դեռեւս չի կիրառվում, ուստի հայ մասնագետները համոզված են, որ դրանից օգտվելու համար Հայաստան կժամանեն նաեւ հարեւան երկրներից: Գները դեռեւս չեն հրապարակվում, սակայն, Լ. Գիրգորյանի խոսքով, դրանք մատչելի կլինեն եւ գրեթե չեն տարբերվի առկա գներից: