Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ ՎՈՒԱՄ-ի տարածքում առկա սառեցված հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂՀ, տարածաշրջանի անկայունության հիմնական աղբյուրն են: Ըստ նրա՝ Վրաստանի իրադարձությունները մեկ անգամ եւս հաստատեցին դա: «Այդ հակամարտությունների պահպանումը սպառնալիք է ստեղծում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, ինչպես նաեւ թույլ չի տալիս մեզ լիարժեք օգտագործել ռազմավարական առումով այս կարեւոր տարածաշրջանի ներուժը,- ասել է նա` հավելելով,- Բռնազավթված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը եւ այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի լիակատար ինքնիշխանության վերականգնումը կարեւոր ավանդ կներդնի տարածաշրջանում համագործակցության եւ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում: Միայն այս մոտեցմամբ մենք կկարողանանք ճանապարհ հարթել ամբողջ տարածաշրջանի խաղաղության եւ տնտեսական բարգավաճման համար»: Նա նաեւ նշել է, թե Ադրբեջանի իշխանությունները ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն են: «Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում տարաձայնություններ առաջացնող հարցերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով, երկխոսության, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների եւ փոխադարձ հարգանքի հիման վրա»,- նշել է Մամեդյարովը: