Աչքին է երեւում

28/09/2008

Դատաբժշկական փորձաքննության կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը երեկ մարտի 1-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է, թե ընդդիմության կողմից ձեւավորված հանրային հանձնախմբի կողմից ցուցադրված մարտի 1-ի դեպքերի մասին պատմող ֆիլմում արյան մեջ երեւացող ոսկորները մարդու մարմնի մասեր չեն: «Դրանք խոճկորի մարմնամասեր են: Այտոսկորը խոճկորի է, իսկ լեզուն կամ ոչխարի է, կամ հորթի է: Այն թմկությունը, որ կա լեզվի վրա, մարդու լեզու չէ»,- ասել է

Շ. Վարդանյանը: Վերջինս հանձնաժողովի անդամներին ներկայացրել է նաեւ այդ կադրերի ֆոտո տարբերակը, որտեղ ծնոտի ոսկորի մասում արյուն չի երեւում: Նա ներկաներին հորդորել է հաշվի առնել այն հանգամանքը, որ նկարում ոսկորի մուգ շողքն էլ է երեւակվել: Նրա ասելով՝ հենց այդ մուգ շողքն է արյան տպավորություն թողել: Մինչդեռ հենց այդ պահին ցուցադրվող ֆիլմում պարզ երեւում է, որ նույն ոսկորը ընկած էր լերդացած ու փայլող արյան մեջ: Այդ հիշեցմանն ի պատասխան՝ Շ. Վարդանյանն ասել է բառացիորեն հետեւյալը.

«Ձեր աչքին արյուն է երեւում, իմ աչքին` շողք»: Ավելի «մասնագիտական» եւ «հեղինակավոր» պատասխան Շ. Վարդանյանից, իհարկե, պետք էլ չէր ակնկալել: Նշենք, որ սույն վստահ պնդումները գլխավոր դատաբժիշկն արել է ոչ թե խնդրո առարկա ոսկորների ֆիզիկական հետազոտության, այլ տեսաերիզի «փորձաքննության» արդյունքում: