«Շարժումը չի մարել եւ չի մարելու»

28/09/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի հանդիպումը ընտրողների հետ, որն իրականում վերածվեց բավական մեծ հանրահավաքի:

Թեեւ իշխանություններն այս անգամ թույլ չտվեցին հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, սակայն երեկ պարզվեց, որ Հյուսիսային պողոտան ինչ-որ իմաստով ավելի հարմար է: Երեկ պողոտան ծայրից ծայր լիքն էր մարդկանցով: Եվ դժվար է ասել, երեկվա հանրահավաքը մարդաշատ էր սեպտեմբերի 28-ին Կենտրոն համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների՞ պատճառով, թե՞ Հյուսիսային պողոտան մոտ է Ազատության հրապարակին, ու փետրվարյան հանրահավաքների շունչն այդտեղ զգալի էր: Երեկ հանրահավաքի ժամանակ բուն պողոտայի շրջակայքում շատ ոստիկաններ չէին հավաքվել. նրանք հիմնականում կուտակվել էին Ազատության հրապարակում: Երեկվա հանրահավաքին հետեւում էին նաեւ միջազգային դիտորդները, ովքեր կիրակի օրը հետեւելու են նաեւ ՏԻՄ ընտրությունների ընթացքին: Իսկ հանրահավաքին մասնակցում էին ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդները` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ միջոցառման օրակարգը երկու ուղղություն ունի` քաղաքական եւ ընտրական: Կիրակի օրը Կենտրոնի թաղապետի ընտրություններն են, եւ ելույթ ունեցողներն իրենց խոսքի մի մասը նվիրեցին առաջիկա ընտրություններին ու թաղապետի թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին: «Այստեղ հավաքված են կամքով ուժեղ, իրենց հաղթանակին հավատացող մարդիկ: Մենք ուժեղ ենք, որովհետեւ մեր կամքը հզոր է, մեր նպատակն արդար է: Եվ առաջիկա երկու օրվա ընթացքում մենք կփորձենք այդ քայլերը գործով ապացուցել: Այն, որ մենք ձայն ունենք, դա խնդիր չէ, մենք ունենք ձայները պահելու խնդիր, վայրագությունների ու զոռբայությունների դեմն առնելու խնդիր»,- հայտարարեց Ա. Մանուկյանը: «Սա սովորական ընտրություն չէ, եւ որքան մարդ մասնակցի ընտրություններին, այդքան գողի, կեղծարարի ձեռք կբռնվի: Մենք վստահ ենք մեր ուժերի ու մեր ժողովրդի հնարավորությունների վրա: Այս շարժումն այլեւս հնարավոր չէ կանգնեցնել»,- հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը եւ ավելացրեց, թե իշխանությունները հիմարություն են արել` իրենց չտրամադրելով Ազատության հրապարակը, քանի որ Հյուսիսային պողոտան ավելի հարմար վայր է: Երեկ ելույթ ունեցավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը եւ անդրադարձավ մարտի 1-ի գործով խորհրդարանական հանձնաժողովին: «Ձեր պայքարի շնորհիվ իշխանությունները ուզած-չուզած ընդունում են ընդդիմության պահանջները: Փաստահավաք խմբի ձեւավորումը եղել է Լ.Տեր-Պետրոսյանի ու նրա գլխավորած Համաժողովրդական շարժման պահանջը: Ու այսօր փորձում են դա ներկայացնել իրենց առաջարկը: Պարոն Նիկոյան, կաղավաղեք, չեք աղավաղի, այսօր էլ, վաղն էլ հրապարակում կանգնած ժողովրդի ճնշման տակ ընդունելու եւ կատարելու եք նրա պահանջը»,- ասաց Ա. Մուսինյանը: «Ազատագրելու ենք մեր Կենտրոնը, մեր քաղաքը եւ մեր հանրապետությունը: Մեր շարժումը քայլ առ քայլ շարժվում է առաջ, եւ թող չուրախանա որեւէ մեկը, ինքն իրեն չխաբի, թե շարժումը մարելու է: Մեր շարժումը չի մարել, չի մարելու եւ չի կարող մարել թեկուզ այն պարզ պատճառով, ինչը ոչ մի կերպ չեն կարողանում ներկայիս հանցախմբի ներկայացուցիչները հասկանալ, որ այսօր Հայաստանում ունենք լրիվ այլ հասարակություն, քաղաքացիական հասարակություն, որը պայքարելու է մինչեւ վերջ իր ազատությունների եւ իրավունքների համար: Եվ եթե այսօր աշխարհաքաղաքական իրավիճակը ժամանակավորապես ամենաբարենպաստը չէ մեր շարժման համար, դա ոչինչ չի նշանակում: Երբեմն կարծիքներ են հնչում, թե ընդդիմությունն արագ չի գործում: Մենք, հավատացնում եմ ձեզ, չենք սխալվել, եւ խոստանում եմ ձեզ, որ չենք սխալվելու: Ինձ բազմաթիվ անգամ հարցնում են՝ ե՞րբ է դա լինելու: Այսօր ճշգրիտ պատասխանում եմ ձեզ` լինելու է ճիշտ օրը, ճիշտ պահին, ճիշտ ձեւով»,- իր ելույթում հայտարարեց ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը: Ինչպես միշտ, վերջում ելույթ ունեցավ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա կարեւորեց Հայաստանում ՏԻՄ ընտրությունների նշանակությունը եւ բոլորին կոչ արեց սեպտեմբերի 28-ին մասնակցել ընտրություններին: