«Թուրքիայի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի կարող անկողմնակալ լինել. նման միջնորդի կարիք Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը չունեն»,- երեկ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` հավելելով, թե անկողմնակալ չի կարող լինել մի երկիր, որի ղեկավարն Ադրբեջանում հայտարարում է, որ իրենք միեւնույն ազգի ներկայացուցիչներ են` «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքով ձեւավորված: Ըստ նրա` Թուրքիան ԼՂ հարցում չի կարող նույնիսկ աջակցող լինել, քանի որ այս հակամարտության մեջ աջակցող կողմը Հայաստանն է, որը ԼՂ ժողովրդի իրավունքների երաշխավորն է հանդես գալիս Ադրբեջանի հետ բանակցություններում: Անդրադառնալով Վրաց-օսական պատերազմին, Լ.Մելիք-Շահնազարյանը նշել է, թե այդ իրադարձություններից հետո Հայաստանը հստակ կերպով պետք է հանդես գար եւ՛ Հարավային Օսիայի, Աբխազիայի, եւ՛ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ: