Երեկ Հյուսիսային պողոտայում Հայ Ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքից առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, իր սովորության համաձայն` զգուշացրել է ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին, որպեսզի երեկոյան զգույշ լինեն Կենտրոնում գտնվելիս: Ըստ դեսպանատան` «ընդդիմությունը չարտոնված հանրահավաք է անցկացնում, որից հետո կարող է լինել բողոքի երթ Երեւանի կենտրոնական փողոցներով»: Հաշվի առնելով իրավիճակի անկանխատեսելիությունը` դեսպանատունը խորհուրդ է տվել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին զգույշ լինել: «Մենք կուզենայինք հիշեցնել Ամերիկայի քաղաքացիներին, որ նույնիսկ խաղաղ նպատակներ ունեցող ցույցը կարող է վերաճել առճակատման եւ ուղեկցվել բռնությամբ: Ուստի կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին` խուսափել ցույցի անցկացման վայրին մոտ գտնվելուց եւ զգույշ լինել»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: