«Սիրիայում եւ Լիբանանում հայն ավելի մեծ շանս ունի հայ մնալու, քան մեկ
այլ օտար երկրում»,- ասում է Սիրիայի հայ համայնքի «Համազգային»
կրթամշակութային կենտրոնի «Զվարթնոց» երգչախմբի ղեկավար Սամվել Վարոսյանը,
որը վերջերս է վերադարձել Սիրիայից: Համայնքի մշակութային օջախները
ֆինանսավորվում են համայնքի բյուջեից եւ ոչ թե պետությունից: Համայնքի
բյուջեն կազմվում է վճարված հարկերից եւ նվիրաբերություններից, որոնք
տարբեր առիթներով կատարում են մեծահարուստ հայերը: Ազգային կերպարը
պահպանելու խնդիրներից սիրիահայերը, կարելի է ասել՝ զերծ են եղել: Միայն
30.000-ից ավելի հայություն ունեցող Հալեպում գործում են Սուրբ Գրիգոր
Լուսավորիչ կաթողիկանիստ եկեղեցին, Քառասուն մանկանց, Աստվածածին, Սուրբ
Գեւորգ, Զվարթնոց եւ այլ եկեղեցիները, տասնյակ դպրոց-վարժարաններ,
ճեմարաններ: Հալեպի համալսարանն ունի հայագիտության ամբիոն: Մինչդեռ
քրդական, ասորական, հունական մեծաթիվ համայնքները չունեն իրենց դպրոցները:
Կախարդական բանալիները
Սիրիայի հայությունը խիստ կուսակցականացված է: Դաշնակցականների,
ռամկավարների, հնչակյանների գաղափարական հակամարտությունը Սիրիայում ավելի
արտահայտված է, քան Հայրենիքում: Այսպես եղել է ի սկզբանե, եւ սա էր
պատճառը, որ հայերի փոխադարձ շփումը միմյանց հետ սահմանափակվել է
կուսակցական ու հայրենակցական միության պատկանելության եւ հավատքի
շրջանակներով: Ավելի հաճախ այս սկզբունքներից տուժում են սիրահար
զույգերը, որոնք ամուսնանալու եւ ընտանիք կազմելու համար պետք է
հաղթահարեն մի շարք արգելքներ: Նախ՝ ամուսնանում են բավականին մեծ
տարիքում՝ 40-45 տարեկանում՝ տղամարդիկ, 30-35-ի սահմաններում՝ կանայք:
Իսկ երբ վճռում են դիմել այդ քայլին, ապա կուսակցական, եկեղեցական եւ
տարածքային պատկանելության պրոբլեմներ են ծագում: Դաշնակն ու ռամկավարը
հազվադեպ համատեղելի են, հատկապես, եթե դաշնակցականը կաթոլիկ է,
ռամկավարը՝ բողոքական: Զեյթունցին նախընտրում է ամուսնանալ զեյթունցու
հետ, եւ ոչ, ասենք, այնթապցու: Բացառությունները հնարավոր են, բայց քիչ
հավանական: Թեեւ ինչ-որ տեղ սիրիահայերի մեջ արթնանում է այն
գիտակցությունը, որ գուցե չարժե հավելյալ բարդություններ ստեղծել զույգերի
համար: Սիրիահայերը կատակում են, թե տղամարդն ամուսնանալու համար 5 բանալի
պետք է ունենա՝ բնակարանի, ամառանոցի, ավտոմեքենայի, խանութի բանալի եւ
մեկն էլ՝ զոքանչի բերանը փակելու համար:
Հայերը Սիրիայում զբաղվում են արհեստներով, հատկապես՝ ոսկերչությունն ու
արծաթագործությունը տարածված զբաղմունքներից են: Վաճառական հայերը եւս մեծ
թիվ են կազմում: Զբաղվում են սննդամթերքի, հագուստի, կոշկեղենի առեւտրով:
Որոշ հայ ազգանուններ Սիրիայում բրենդ են դարձել: «Մուրադյան» հագուստն ու
«Դրեջյան» կոշիկը հայտնի են ոչ միայն Սիրիայում, այլեւ հարեւան երկրներում
եւ Ռուսաստանում, իրենց մշտական գնորդներն ունեն այս երկրներում: Հալեպում
լույս տեսնող միակ պարբերականը «Գանձասար» շաբաթաթերթն է, բայց լիբանանյան
«Ազդակն» ամեն օր հասնում է Հալեպ: