Եվ այսպես, հինգշաբթի օրը կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն, 2009թ. պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով` 905,4 մլրդ դրամ, ծախսերի գծով` 945,4 դրամ։ Բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` նախորդ տարիների համեմատ, աննախադեպ փոքր է` ՀՆԱ-ի 1 տոկոսից էլ քիչ, 40 մլրդ դրամ, ինչը, ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի` հնարավորություն է տալիս զսպել նաեւ գնաճային ճնշումները: Դեֆիցիտի առյուծի բաժինը՝ 30 մլրդ դրամը, ֆինանսավորվելու է ներքին աղբյուրներից։ Բյուջեի աննախադեպության երկրորդ վկայությունն այն է, որ 905 մլրդ դրամի եկամուտների մեջ հարկային եկամուտները եւ պետական տուրքը կազմում են 726 մլրդ դրամ, ինչը, նախարարի խոսքերով, «աննախադեպ բարձր մակարդակ է նախորդ տարիների համեմատ»: Ինչ վերաբերում է գնաճին, ըստ բյուջեի` այն չպետք է գերազանցի 5.5%-ը։ Տիգրան Դավթյանի համոզմամբ, 2009-ին ունենալու ենք «համեմատաբար ցածր ինֆլյացիոն ֆոն», եւ այդ ֆոնի վրա՝ «բավական կայուն մակրոտնտեսական իրավիճակ, բարձր (9,2 %) եւ կայուն տնտեսական աճ»։ ՀՆԱ-ի ակնկալվող ցուցանիշը, ըստ նախարարի` կազմում է 13,8 մլրդ դոլար, 4300 դոլար` մեկ շնչի հաշվով։ Եկամուտներ եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը կկազմի 21.7%, իսկ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասնելու է 17.4%-ի (այս տարի` 17%): Եվ վերջապես, նախարարը բյուջեն աննախադեպ է անվանել նաեւ այն առումով, որ «Աննախադեպ բարձր ծավալներ են նախատեսված կրթության եւ առողջապահության, սոցիալական ոլորտի, եւ դա պայմանավորված է այն մեր պարտավորություններով, որ մենք վերցրել ենք կառավարության ծրագրով՝ 2012-ին այդ ոլորտներին հատկացումները հասցնել ՀՆԱ-ի 3,5 եւ 2,2 %-ի մակարդակին»։ Կրթության ոլորտին տրամադրվելու է 127 մլրդ դրամ, առողջապահության` 66 մլրդ դրամ։ Պաշտպանության ոլորտին հատկացվելու է 149.6 մլրդ դրամ կամ մոտ կես միլիարդ դոլար։ Իսկ ՀՀ շարքային քաղաքացիների վրա բյուջեի ավելացումը կազդի թոշակների եւ աշխատավարձերի բարձրացմամբ. թոշակներն ավելանալու են 17%-ով, նվազագույն աշխատավարձը՝ 20%-ով՝ կազմելով 5000 դրամ։ Հատկացված լրացուցիչ 9 մլն դրամի հաշվին կավելանա ոստիկանների աշխատավարձը. ոստիկանի միջին աշխատավարձը կհավասարվի Ոստիկանության քննիչի միջին աշխատավարձին: Քիչ էր մնում մոռանայինք՝ շուրջ 40%-ով կբարձրանա այն մարդկանց աշխատավարձը, ովքեր պետք է հավաքեն բյուջեի փողերը, այսինքն՝ Հարկային ծառայությունում աշխատողներինը: Իսկ բյուջեի մեծացումն, ինչ խոսք, ամենից շատ իրենց կաշվի վրա կզգան հարկատուները, հատկապես՝ մանր ու միջին գործարարները։