Սեպտեմբերի 28-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից բոլորի ուշադրության կենտրոնում է Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունը, որը, դատելով իրավիճակից, բավականին թեժ է լինելու:
Օրերս գործող թաղապետ, թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը հայտարարել էր, թե ընդդիմությունը պատրաստվում է ընտրակեղծիքներ անել: Երեկվա ասուլիսում Գ. Բեգլարյանի մրցակից, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, թե դա այնպիսի անհեթեթություն է, որ նույնիսկ մեկնաբանելու կարիք չունի: «Բոլորը գիտեն` ովքեր են ընտրակեղծարարները Հայաստանում, բոլորը շատ լավ պատկերացնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, եւ խոսել ընդդիմության կողմից իրականացվելիք ընտրակեղծիքների մասին` ընդհանրապես անհեթեթություն է, անթույլատրելի է եւ որեւէ տրամաբանական բացատրության չի ենթարկվում»: Նա նաեւ հիշեցրեց, որ ընտրական հանձնաժողովների բոլոր անդամները, բացի «Ժառանգություն» կուսակցությանը հատկացված տեղից, հանձնաժողովներում այդ օրը ներկայացնելու են հենց Գ. Բեգլարյանին: «Հստակ ընտրակեղծիքներ են նախապատրաստում ու փորձելու են դրա մեղքը գցել ընդդիմության վրա: Կարծում եմ` նման ձեւով մշտապես փորձ է կատարվում խաթարել իրականությունը: Բոլորը գիտեն` ովքեր են ընտրակեղծարարները Հայաստանում, բոլորը շատ լավ պատկերացնում են, թե ինչ է կատարվում, ու անհեթեթ է խոսել ընդդիմության կողմից նախապատրաստվող ինչ-ինչ ընտրակեղծիքների մասին»,- ասաց Ա. Զուրաբյանը: Երեքշաբթի օրվանից Հայաստանում է Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը դիտարկելու է սեպտեմբերի 28-ի ընտրությունները: Նախօրեին Ա. Զուրաբյանն ու իր շտաբի ներկայացուցիչները հանդիպել են դիտորդներին եւ նրանց են փոխանցել հնարավոր ընտրակեղծիքների հետ կապված իրենց մտահոգությունները: «Միջազգային կառույցի ներկայացուցիչների առկայությունը որոշակիորեն կարող է նպաստել գործընթացի նորմալ ընթացքին: Բայց ամեն ինչ կախված է մեր իշխանությունների կամքից, որովհետեւ նրանց տրված է շանս մեկ անգամ նորմալ ընտրություն անցկացնելու համար»,- ասաց Ա Զուրաբյանը: Անդրադառնալով իր քարոզարշավի ընթացքում իշխանությունների կողմից ստեղծված խոչընդոտներին, Ա. Զուրաբյանն ասաց, որ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները` բացառությամբ ԱԼՄ-ի, հրաժարվել են իրեն վճարովի եթերաժամ տրամադրել. «Բոլոր հեռուստատեսությունները գրեթե հրաժարվել են դա անելուց, երկուսը համաձայնել էին` «Երկիր մեդիա»-ն եւ ԱԼՄ-ն, ԱԼՄ-ն երեկ ցուցադրեց, փաստորեն, մեր հոլովակը, իսկ «Երկիր մեդիան»-ն մեկ անգամ ցույց տալուց հետո հրաժարվեց ցուցադրել այլեւս եւ ասաց, որ խզում է պայմանագիրը: Կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, թե ինչ պատճառ կա այստեղ»:
Ինչ վերաբերում է թեկնածուների հեռուստատեսային հնարավոր բանավեճին, ապա դա տեղի չի ունենա: Ա. Զուրաբյանի հավաստմամբ` մեր իշխանության ներկայացուցիչները խուսափել եւ խուսափում են ցանկացած բանավեճից, որովհետեւ ասելիք չունեն: «Թեկնածուները պետք է բանավիճեն, ու հանրությունը տեսնի ու ձեւավորի իր մոտեցումը տվյալ թեկնածուի հանդեպ, պատկերացում կազմի նրա մասին: Իսկ իշխանությունների միակ ռեսուրսն ընտրակեղծիքներն են: Նրանք կարիք չունեն խոսելու ու բանավիճելու»,- ասաց նա: Ըստ Ա. Զուրաբյանի` կատարված ուսումնասիրությունների համաձայն` ներկայումս ինքը տիրապետում է հաղթանակ տոնելու համար անհրաժեշտ ձայների կրկնակիին: Հարցին, որ եթե իրեն չհաջողվի հաղթել, արդյոք ընդդիմությանը չե՞ն մեղադրի հերթական պարտության համար, Ա. Զուրաբյանը պատասխանեց, որ ընդդիմությունն այս մեկ տարվա ընթացքում երբեք չի պարտվել, նույնիսկ` նախագահական ընտրություներում` թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով: «Հայաստանում սկսվել է մի գործընթաց, որն արդեն հսկայական հաղթանակ է: Եթե մի քանի տարի առաջ ունեինք մի հասարակություն, որը ոչնչի չէր հավատում, գտնում էր, որ այս մարդիկ մնալու են քաղաքականության մեջ 100 տարի, եւ չկա մեկը, որ նրանց հեռացնի իշխանությունից, ապա այսօր հենց իշխանության գործողություններն են ապացուցում, որ նման ուժ կա: Հակառակ դեպքում նրանք սարսափահար չէին լինի հանրահավաքներից»,- հայտարարեց նա:
Ի դեպ, Ա. Զուրաբյանը երեկ նաեւ տեղեկացրեց, որ ընդդիմությունը մասնակցելու է նաեւ քաղաքապետի ընտրություններին: ՏԻՄ ընտրություններին մասնակցելն էլ, Ա. Զուրաբյանի հավաստմամբ, ինչ-որ տեղ պայմանավորված է նաեւ դրանով: «Սահմանադրությունը փոխելիս քաղաքապետի ընտրություններն էին կարեւորում: Ընդունումից հետո մեր իշխանություններն այս պահանջի մասին մոռացան: Նրանք վախենում են անցկացնել քաղաքապետի ընտրություններ, ցանկացած պատճառաբանություն բերում են, որպեսզի հետաձգեն այդ ընտրությունները, որովհետեւ համոզված են, որ այս իրավիճակում հաստատ կպարտվեն: Ընդդիմությունն էլ, բնականաբար, չի կարող հեռու կանգնել նման մասշտաբի ընտրությունից, եւ կմասնակցի դրան: Եթե պրոցեսը շատ երկարի, հնարավոր է արդեն որպես իշխանություն ներկայացնող քաղաքական ուժ մասնակցենք»,- չբացառեց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ չնայած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականին` չքաղաքականացնել ուսումնական հաստատությունները, այսօր Կենտրոն համայնքի դպրոցներում ակնհայտ քարոզչություն է գնում Գ. Բեգլարյանի օգտին, Ա. Զուրաբյանը պատասխանեց, որ վարչապետի դրած արգելքը վերաբերում է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության ներկայացուցիչներին: «Մեզ մոտ իշխանությանը կարելի է ամեն ինչ, իսկ ընդդիմությանն անգամ մտածել չի կարելի: Իշխանությունները ցանկացած բան կարող են ծառայեցնել իրենց նպատակներին, կատարել ցանկացած անօրինականություն` լինի դա ուսումնական հաստատություն կամ այլ վայր: Ու ինչքան էլ վարչապետը խոսի ինչ-որ բանի մասին, որեւէ բան չի փոխելու»,- ասաց նա` հավելելով, որ համայնքի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում բնակիչները համայնքի խնդիրների փոխարեն ավելի շատ քաղաքական խնդիրներից են խոսում: