Յո՜ երթաս

28/09/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Հարավկովկասյան հնգօրյա պատերազմով պայմանավորված ռուս-ամերիկյան հարաբերությունների գլոբալ սրացումը հայաստանյան (եւ ոչ միայն) շատ վերլուծաբանների հիմք տվեց ենթադրելու, որ ռուսաստանյան գեոքաղաքական ազդեցության տիրույթում գտնվող Հայաստանի համար իր իսկ կողմից որդեգրված եւ տարիներ շարունակ կիրառվող, այսպես կոչված, կոմպլեմենտարիզմի քաղաքականությունն այլեւս անցած փուլ է: Նման մոտեցումը, թերեւս, տրամաբանական էր թվում՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ երկու աշխարհաքաղաքական կենտրոններում էլ (գուցե առաջին հերթին` Ռուսաստանում) բարեկամ եւ առավել եւս ռազմավարական դաշնակից համարվող պետություններից պահանջում էին հստակեցնել սեփական դիրքորոշումներն առկա գործընթացների շուրջ: Պարզ ասած, ռուսաստանյան ազդեցիկ ռազմաքաղաքական շրջանակները ջրբաժանն իրականացնում են «րՉՏռ փցՋՏռ»` մանեւրելու շատ քիչ հնարավորություններ ընձեռող հայտնի սկզբունքով: Բայց ինչպես հաճախ լինում է հայաստանյան իրականության մեջ, այս անգամ էլ վերլուծաբաններին եւ էքսպերտային հանրության բազմափորձ ներկայացուցիչներին լուրջ անակնկալ էր սպասվում, քանզի այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ոլորտում, կարելի է բնորոշել նույնիսկ «սուպեր կոմպլեմենտարիզմ» նոր տերմինով, երբ տարաբնույթ գեոքաղաքական եւ տարածաշրջանային գերտերությունների շահերի կիզակետում դեպքերի բերումով հայտնված Հայաստանը փորձում է աշխարհում խաղացող բոլոր հիմնական դերակատարների եւ իր հարեւանների հետ սեփական «խաղերը տալ» եւ ջրից «չոր դուրս գալ»: Այս քաղաքական կուրսը պաշտոնական Երեւանը բնութագրում է որպես «արտաքին քաղաքականության մեջ ավելի ակտիվ եւ նախաձեռնող լինելու հրամայականով» պայմանավորված նոր ուղեգիծ: Թերեւս այդ «նոր ուղեգիծը» կյանքի կոչելով է պայմանավորված այն հետաքրքիր հանգամանքը, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի հնչեցրած արտաքին քաղաքական գնահատականների եւ նախաձեռնությունների մեծ մասը շատ դեպքերում «շոկային» ազդեցություն է թողնում ոչ միայն հայաստանյան հասարակության շրջանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Այս առումով նույնիսկ կարելի է վստահաբար ասել, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է առնվազն մեր տարածաշրջանի մասշտաբով (որոշ դեպքերում գերազանցելով նույնիսկ Մ. Սահակաշվիլուն) հետաքրքիր «նյուսմեյքերի» դեր ստանձնել, որի գրեթե յուրաքանչյուր ելույթը այնպիսի դրույթներ կամ «խիզախ» նախաձեռնություններ է պարունակում, որ անմիջապես դառնում է սուր քննարկումների առարկա: Իսկ որոշ դեպքերում էլ Ս. Սարգսյանի ենթակաները ստիպված են լինում հետագայում շտկումներ ու պարզաբանումներ մտցնել կամ լրացուցիչ սրբագրել ՀՀ նախագահի մտքերը: Նման գործողություններից չհաջողվեց զերծ մնալ նաեւ օրերս, երբ BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված եւ ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից տարածված հարցազրույցից հայտնի դարձավ, որ նախագահ Ս. Սարգսյանն Ի. Ալիեւին առաջարկել էր ներդրումներ անել ԼՂ-ում: Ընդ որում, Ս. Սարգսյանն ասել է. «Եթե ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ, որ լրջորեն հետաքրքրված են ԼՂ-ի անվտանգ կյանքի եւ ապագայի հարցերում, թող ներդրումներ կատարեն, լուրջ ներդրումներ կատարեն ԼՂ-ում, ապացուցեն, որ Ադրբեջանը կարող է երաշխավոր լինել իրենց անվտանգությանը: Գուցե դրանից հետո հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները ցանկություն հայտնեն մնալու Ադրբեջանի կազմում»: Դժվար չէր ենթադրել, թե ինչ արձագանք պետք է ունենար այս ավելի քան «հրապուրիչ առաջարկը» թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում եւ թե՛ առավել եւս ԼՂՀ-ում: Ինչեւէ, այս անգամ էլ, ինչպես Հայոց ցեղասպանության շուրջ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համաձայնություն տալու դեպքում, ստիպված էր գործին խառնվել ՀՀ նախագահի մամլո խոսնակ Ս. Ֆարմանյանը եւ նորից բոլորին հավաստիացնել, որ «շեֆին լավ չեն հասկացել», իսկ այս վերջին դեպքում, որ «հարցազրույցից մեջբերված հատվածը կոնտեքստից դուրս է» օգտագործված, որ նախագահի խոսքերում իրականում սարկազմ կար եւ այլն: Ի դեպ, նկատենք, որ հիշատակված հերքումն արդեն իսկ հասցրել են իրենց հերթին հերքել BBC-ի մոսկովյան բյուրոյում՝ պնդելով, որ իրենց ձեռքի տակ է Ս. Սարգսյանի հայերենով տված հարցազրույցը, եւ որ ՀՀ նախագահի ասվածից ոչինչ ձեւափոխած չէ: Հատկանշական է, որ հայաստանյան վարչախմբի «սուպեր կոմպլեմենտարիզմը», ինչպես դժվար չէր կանխատեսել, առաջին հերթին սկսեց իր «պտուղները» տալ ԼՂ հարցի կարգավորման շուրջ գործընթացներում, որտեղ վերջին շրջանում տարաբնույթ միջնորդների եւ այդպիսին դառնալու հավակնորդների պակաս չի զգացվում (օրերս նման ցանկություն է հայտնել նաեւ Իրանը): Ուշադրության է արժանի նաեւ այն իրողությունը, որ նույնիսկ Հայաստանը եւ ԼՂՀ-ն արտաքին քաղաքական ասպարեզում նույն ԼՂ հարցի կարգավորման շուրջ տարբեր «մանեւրներ են» իրականացնում: Հայաստանը, ըստ էության, համաձայնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից դուրս Ադրբեջանի հետ տարբեր միջնորդներով բանակցություններին, մեղմ ասած, կասկածի տակ է դնում այդ խմբի հետագա գործունեության հեռանկարները: Հետաքրքրական է, որ ԵԱՀԿ ձեւաչափից դուրս նոր ֆորմատի նախաձեռնությունը Թուրքիայինն էր, որին փոքր-ինչ քողարկված ձեւով պարբերաբար երկրորդում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Վերջինս, մամուլում հրապարակած տեղեկությունների համաձայն, Ս.Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների ժամանակ ուղղակի առաջարկել էր կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում ՌԴ-ում: Ընդ որում, ըստ ռուսական ԶԼՄ-ների, Ս.Սարգսյանն արդեն իսկ իր համաձայնությունը տվել է անմիջապես Մեդվեդեւի միջնորդությամբ կազմակերպվելիք նման հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ: Հատկանշական է, որ այս օրերին Նյու Յորքում նույնպես եռակողմ հանդիպում է տեղի ունենում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, բայց արդեն Թուրքիայի միջնորդությամբ (Սերժ Սարգսյանը գերադասում է այս դեպքում օգտագործել «օժանդակությամբ» բառը): Ի դեպ, այս եռակողմ հանդիպմանը, ինչպես մի փոքր «նեղացած տոնով» հայտարարել է Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը, այդ խմբի համանախագահները չեն մասնակցելու, քանի որ «դա թուրքական կողմի նախաձեռնությունն է եւ համանախագահները նրանց միանալու հրավերք չեն ստացել»: Պատահական չէ, որ վերոհիշյալ երկու գործընթացները թույլ են տվել վերլուծաբաններին եզրակացնել, որ Թուրքիան եւ ՌԴ-ը փոխհամաձայնեցված համատեղ ջանքերով պարզապես փորձում են Մինսկի խմբի ֆորմատը լուծարելով ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային դուրս թողնել ԼՂ հարցի կարգավորման գործընթացից: Ընդ որում, ռուս-թուրքական, թեկուզ եւ առայժմ իրարից առանձին, միջնորդությամբ կայանալիք հայ-ադրբեջանական բանակցություններում երաշխավորի դեր են ստանձնում բնականաբար հենց ՌԴ-ն եւ Թուրքիան: Առաջինն այս «փաթեթում», ըստ գաղափարի, պետք է ստանձնի թուրքական գործոնի վնասազերծողի դերը, իսկ Թուրքիան, բնականաբար, ՌԴ-ի միջոցով փորձի ավելի «ճկուն» դարձնել Հայաստանի մոտեցումները: Ի դեպ, հետաքրքիր է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն այս առումով ամենայն լրջությամբ հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմամբ փորձում են Թուրքիային հանել ԼՂ հարցում «Ադրբեջանի պատանդի» կարգավիճակից, եւ հույս ունեն, որ Թուրքիան կստիպի Ադրբեջանին «ավելի ճկուն» դառնալ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում: Մինչդեռ հետաքրքրական է, որ Մեթյու Բրայզայի կարծիքով՝ Թուրքիայի մասնակցությունը, ընդհակառակը, «կօգնի հենց Հայաստանին ավելի ճկուն մոտեցումներ ցուցաբերել»: Ու թերեւս այս ամենը տագնապ չառաջացներ, եթե չլինեին վերջին ամիսներին եւ առանձնապես ռուս-վրացական հակամարտության ժամանակաշրջանից նկատվող ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ ջերմացման միտումները: Ինքնին խոսուն փաստ է, որ վերջին շրջանում ՌԴ ղեկավարության ամենաբարձր պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում, ի տարբերություն նախկին «նեյտրալիտետի», հրապարակավ հայտարարելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չդնելու դրույթը: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների հանդեպ (Թուրքիայի տնտեսաքաղաքական նախասիրությունների մասին, կարծում ենք, խոսելն ավելորդ է) Ռուսաստանի չափազանց մեծ հետաքրքրությունը, ապա լուրջ կասկածներ են առաջանում նշմարվող այս նոր բանակցային ֆորմատում ՀՀ-ի հեռանկարների շուրջ: Բնականաբար, զարգացումների նման ընթացքը եւ ԼՂ հարցի կարգավորման գործընթացից դուրս մղվելու հեռանկարները չեն կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին եւ միացյալ Եվրոպային: Առավել եւս, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համաձայնեցված կերպով նաեւ ավելի գլոբալ խնդիրներ է նախատեսում լուծել տարածաշրջանում` փորձելով օգտվել Հարավային Կովկասում ստեղծված այսօրվա կացությունից եւ նոր տարածաշրջանային ֆորմատ ձեւավորել` կազմված հարավկովկասյան երեք պետություններից եւ տարածաշրջանային երկու գերտերություններից: Տարածաշրջանից դուրս մղվելու վտանգով են պայմանավորված վերջին շրջանում հաճախակի դարձած արեւմտյան «էմիսարների» այցերը: Ընդ որում, այս առումով առավել հետաքրքրական է Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների «Մինսկի խումբը փրկելու առաքելություն ունեցող այցերը»՝ իրարից առանձին այցերը Ստեփանակերտ: Դրանք թերեւս խորհրդանշական են, քանզի մինչ վերջերս համանախագահները ոչ միայն առանձին-առանձին չէին այցելում Ստեփանակերտ, այլեւ նույնիսկ փորձում էին հնարավորության դեպքում միասնական ֆորմատով չայցելել չճանաչված ԼՂՀ: Նախ՝ սեպտեմբերի 12-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, որը դրա ավարտից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ ԼՂՀ նախագահի հետ բանակցությունները բնութագրեց որպես «շատ կառուցողական եւ շատ հետաքրքիր»: Հատկանշական է, որ արդեն երկար ժամանակ համանախագահի դերը ստանձնած Մ.Բրայզան հայտարարեց, որ իր այս այցը «ճանաչողական բնույթ ունի», եւ որ իր առջեւ նպատակ էր դրել «ավելի լավ ճանաչել ԼՂ-ը եւ այնտեղի ժողովրդին»: Իսկ սեպտեմբերի 16-ին Բակո Սահակյանին Ստեփանակերտում հանդիպեց արդեն Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ: Բնականաբար, այդ երկու հանդիպումների ընթացքում էլ համանախագահները ԼՂՀ նախագահից` որպես արցախյան հակամարտության թերեւս ամենաշահագրգիռ կողմից, փորձել են Մինսկի խմբի ֆորմատը պահպանելու շուրջ դրական կարծիք կորզել: Դատելով այդ հանդիպումներից հետո Բակո Սահակյանի հայտարարություններից՝ պաշտոնական Ստեփանակերտը, ի տարբերություն պաշտոնական Բաքվի եւ «աչքը», այնուամենայնիվ, նաեւ այլ ֆորմատների վրա գցած պաշտոնական Երեւանի, առայժմ երես չի թեքել Մինսկի խմբից: ԼՂՀ նախագահը հետեւողականորեն հայտարարում է, որ Մինսկի խմբի ֆորմատը պետք է պահպանել, եւ միեւնույն ժամանակ՝ հավելում, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի վերականգնվի ԼՂՀ-ի` որպես լիակատար բանակցային կողմի կարգավիճակը: Բայց դատելով մամուլում տեղ գտած հրապարակումներից՝ ԼՂՀ-ն ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերից միակն է, որը դեռեւս իրոք կարեւորում է Մինսկի խմբի դերը: Եվ այս առումով Մինսկի խմբի հեռանկարները կասկածի տակ է դնում անգամ ինքը՝ Մեթյու Բրայզան, որը Բաքվում հայտարարեց, որ «քանի դեռ Կրեմլը չի կատարել Մեդվեդեւ-Սարկոզի ծրագրով նախատեսված Վրաստանի տարածքից ռուսաստանյան զորքերի դուրսբերման պահանջը, Մինսկի խմբի շրջանակում որեւէ համագործակցության շուրջ խոսելն ավելորդ է»: Իհարկե, նաեւ հավելեց. «Վրաստանի դեպքերից հետո ԱՄՆ-ը միշտ կանգնած կլինի Ադրբեջանի կողքին թե՛ պատերազմի, թե՛ խաղաղ ժամանակ: Վրաստանում վերջին իրադարձություններն ընդգծում են ԼՂ հակամարտությունը ժամանակին կարգավորելու կարեւորությունը: Վաշինգտոնում դա լավ են հասկանում, եւ դա է այս շաբաթվա իմ այցի պատճառը»: