Մաչի Պարտիկան արվեստի մենեջեր է: Նա Վարշավա քաղաքում ստեղծել է մասնավոր ընկերություն, որը զբաղվում է ցուցահանդեսների ու համերգների կազմակերպմամբ, նաեւ՝ նպաստում է Լեհաստանի կառավարության հեռահար նպատակների կատարմանը։ Իսկ նպատակը մեկն է՝ կրթել երիտասարդներին։
Մենք սովոր ենք այդ գործը համարել միայն պետության պարտականությունը, իսկ Լեհաստանի կառավարությունը մշակել է մի ճկուն մոդել, որի շնորհիվ այդ գործով զբաղվում է մասնավոր կապիտալը, եւ ինչպես վիճակագրությունն է վկայում՝ մասնավորը դրանից միայն շահում է՝ խոշոր եկամուտներ ստանալով։ Լավ մշակված օրենսդրական դաշտի առկայության դեպքում մասնավորները հաճույքով են կրթության ու մշակույթի մեջ գումար ներդնում, քանի որ շահույթը շատ կոնկրետ է երեւում։ Չէ՞ որ կրթելով, նրանք միաժամանակ արվեստի պահանջ ունեցող նոր սերունդ, այսինքն՝ նոր սպառողներ են պատրաստում։ Իսկ Լեհաստանը հասկանում է, որ իրեն հենց դա է պետք։
Մաչի Պարտիկան գործարար է, եւ արվեստը նրա համար բիզնես է։ Նա երկար տարիներ ղեկավարել է Վրոցլավ քաղաքի ջազային փառատոնը, հետո արդեն զբաղվել է տարբեր համերգների, գիտաժողովների ու ցուցահանդեսի կազմակերպմամբ։ Օրեր առաջ նա Երեւան էր այցելել Արշիլ Գորկուն նվիրված գիտաժողովին մասնակցելու համար եւ միաժամանակ փորձում էր համագործակցության ձեւեր գտնել Հայաստանի հետ։ Սակայն դա միայն ցանկություն մնաց, քանի որ պան Մաչիի փորձով հայկական կողմը չհետաքրքրվեց։
– Որքան հասկանում ենք, Լեհաստանը լրջորեն է զբաղվում մշակույթի քարոզչությամբ: Ինչի՞ց եք սկսել այդ գործը։
– Մենք սկսել ենք այդ աշխատանքը 8 տարի առաջ, երբ հասկացանք, որ մեր ժողովրդի մոտ բավականաչափ փող կա, որը նրանք կարող են ծախսել արվեստի վրա։ Իհարկե, չեմ կարող ասել, որ մենք ամենահարուստ երկրներից ենք, բայց մշակույթի հետ ծանոթանալու համար լեհերն արդեն պատրաստ են գումար ծախսել։ Մեր պետությունն առաջնահերթ համարեց կրթությունը եւ պատրաստ եղավ տարբեր կրթական ծրագրեր իրականացնել՝ որոշելով, որ հարկավոր է ցուցադրելով արվեստը՝ սովորեցնել։ Դա բավականին խորամանկ մոտեցում էր, եւ բոլոր ծրագրերն էլ շատ խորամանկ էին կազմակերպվում։ Ցուցահանդեսներ կազմակերպելուց բացի, մենք սկսեցինք տարբեր մրցույթներ կազմակերպել։ Այսինքն, դպրոցականներն իրենց դասերն անցկացնում էին պատկերասրահներում, եւ միաժամանակ ստեղծագործում էին։ Օրինակ, երբ մենք ռուսական պաստառի ցուցահանդես էինք կազմակերպել, երիտասարդ լեհերը՝ դասախոսություն լսելու հետ մեկտեղ, նաեւ մասնակցում էին ժամանակակից պաստառի մրցույթին։ Իսկ հետո ժյուրին լավագույններին մրցանակներ հանձնեց։ Ասեմ, որ դրանք բավականին խոշոր մրցանակներ էին` տարբեր տեխնիկաներ, համակարգիչներ։ Երիտասարդներին դա շատ էր հետաքրքրում, եւ նրանք իրականում փորձում էին ավելի շատ բան իմանալ պաստառի ու ընդհանրապես պատմության մասին։ Այդ մոտեցումը կրթության համար լավ խթան էր։ Իսկ մենք՝ ցուցահանդեսների կազմակերպիչներս, գոհ էինք, քանի որ պետությունը մեզ համար ճանապարհ էր բացել` դպրոցականներին կրթելու համար, որի շնորհիվ մենք կարող էինք հանգիստ շարունակել մեր գործը եւ նույնիսկ շահույթ ունենալ։ Եվ ամեն ինչ այդպես պտտվում է, մենք կարողանում ենք լավագույն նկարների, քանդակների ցուցահանդեսներ կազմակերպել, դահլիճների վարձը վճարել եւ միաժամանակ՝ կատարում ենք պետական ծրագրերը։ Նաեւ՝ յուրաքանչյուր վաճառված տոմսից տոկոս ենք վճարում ցուցասրահներին։ Բոլորին էլ ձեռնտու է, որ մեր ցուցահանդեսները մեծ քանակի այցելուներ ունենան։ Մենք հասկացանք, օրինակ, որ թանգարանները ոչ թե մինչեւ ժամը 18:00-ն պիտի աշխատեն, այլ՝ ավելի երկար: Հիմա մեր ցուցադրությունները բաց են մինչեւ 22:00-ն, քանի որ շատ մարդիկ կան, որոնք երեկոյան, աշխատանքից հետո են ցանկանում թանգարան գնալ։
– Մենք աշխատանքից հետո սովորաբար ռեստորան ենք գնում, եւ շատ քչերն են նախընտրում թանգարան գնալ։
– Ռեստորան մենք էլ ենք գնում, բայց եթե լավ ցուցահանդես է լինում, մտածում ենք՝ իսկ ինչո՞ւ չգնալ նաեւ ցուցահանդես։
– Խորհրդային շրջանում մեր երկրների մշակույթը նույնպես նման ուղով էր ընթանում, այն լիովին ֆինանսավորվում էր պետության կողմից։ Սակայն հիմա էլ մեր մշակութային նախագծերում հազվադեպ է կոմերցիոն տարր մտնում (եթե, իհարկե, դա շոու-բիզնես չէ), այն լավագույն դեպքում հովանավորներ, այլ ոչ թե՝ ներդնողներ է ունենում։ Ամեն դեպքում կոմերցիոն մոտեցումն օգնո՞ւմ է մշակույթին։
– Կարծում եմ` մշակույթի ոլորտը միայն շահում է, երբ կոմերցիայի պահ է հայտնվում։ Իհարկե, լավ է, երբ պետությունն է օգնում, սակայն մենք՝ որպես հետխորհրդային պետություններ, գիտենք, որ այդ օգնությունը ոչ միշտ է լավ արդյունք ունենում։ Նախկինում ոչ ոք չգիտեր, թե որտեղից է փող հայտնվում, պետությունը գումար էր տալիս ու իր պատկերացումների համաձայն՝ «ճիշտ» պրոյեկտներ էր ֆինանսավորում։ Իսկ հիմա այդպես չի կարելի շարունակել։ Կառավարման տրանսֆորմացիա է տեղի ունեցել, եւ հարկավոր է մտածել՝ թե ինչպես կարելի է մշակույթը «վաճառել» արդեն նոր ֆորմացիայում։ Սկզբում դրան նպաստում են հովանավորները, որոնք հիմնականում կա՛մ բանկերը, կա՛մ հեռախոսային ընկերություններն են լինում (դե, նրանք ամենահարուստն են), իսկ հետո պիտի ավելի փոքր բիզնեսմեններն այդ գործի մեջ ներգրավվեն, որոնք արդեն ոչ թե կհովանավորեն, այլ՝ կոմերցիայով կզբաղվեն։ Համոզված եմ, որ դա է ճիշտը։
– Իսկ Դուք Ձեր որոշումները համապատասխանեցնո՞ւմ եք պետական օղակների հետ, թե՞ լիակատար ազատ եք՝ ցուցահանդես կազմակերպելու գործում։
– Մենք անպայման աշխատում ենք կրթական գործակալությունների հետ՝ խնդրելով, որ նրանք ոչ թե մեզ խորհուրդներ տան, այլ՝ պարզապես մեր մասին ինֆորմացիա տարածեն։ Մեզ հերիք է, որ նրանք մեր նախագծերի մասին ասեն դպրոցներում ու դրանք ցանկալի դասընթաց համարեն։ Հրամաններն ու հրահանգները չեն գործում, մենք բոլորս էլ «կշտացել» ենք հրամաններից։ Հիմա ամեն ինչը շատ հստակ է, քանի որ կան պետական ծրագրեր, ու մենք այդ ծրագրերի համապատասխան նախագծեր ենք անում։ Մանավանդ, որ հիմա մեր պետությունը խրախուսում է այն դասերը, որոնք տեղի են ունենում դպրոցի պատերից դուրս: Այսինքն՝ դահլիճներում, թատրոններում, պուրակներում, բուսաբանական եւ կենդանաբանական այգիներում։ Մենք էլ հենց այդ ծրագրերին համապատասխան նախագծեր ենք անում, որոնք նախեւառաջ պետք են դպրոցներին։ Գիտեք, շատ տխուր է, երբ աշակերտները ժամեր շարունակ դասասեղանների մոտ են նստում. նրանց պետք է չորս պատերից դուրս հանել, հետաքրքրել։ Կարծում եմ` նույնը ցանկանում են նաեւ ուսուցիչները։
– Երեւի ճիշտ է, երբ բոլոր բարեփոխումները հենց դպրոցից են սկսվում։ Մենք, օրինակ, շարունակում ենք սովորեցնել սովետական մոդելով։
– Կարծում եմ` եթե նույնիսկ լուրջ կրթական փոփոխություններ չեն լինում, ապա հարկավոր է գոնե փոխել ուսուցիչների մենթալիտետը։ Ուսուցիչները պետք է տեսնեն, որ ամեն ինչը միայն իրենց պատասխանատվության տակ չէ, որ կան մարդիկ, ովքեր իրենց փոխարեն պատրաստ են նախագծեր անել։ Իրենք պետք է տեսնեն, որ, օրինակ, պատմության դասեր անցկացնելու ամենահարմար տեղը թանգարանն է, որը հատուկ նրանց համար ցուցանմուշներ է պատրաստել։ Այդ դեպքում ուսուցիչներն ավելի հաճույքով կաշխատեն եւ չեն մտածի, թե ինչպես դասն ավելի հետաքրքիր դարձնեն։ Չէ՞ որ կյանքում արդեն իսկ պատրաստի պատասխաններ կան։ Պարզապես պետք է օգտագործել դրանք։
– Եկեք թվերի լեզվով խոսենք. որքա՞ն աշխատավարձ է ստանում ձեր ուսուցիչը, եւ որքա՞ն արժե ցուցահանդեսի տոմսը։
– Ուսուցիչները մոտավորապես 600 եվրո են ստանում, իսկ տոմսերն արժեն 6-7 եվրո։ Իհարկե, դպրոցականների համար դրանք ավելի էժան են՝ 3 եվրո։ Հավատացեք, դա շատ փոքր գումար է, քանի որ աշխարհում հիմա գրեթե ոչ մի թանգարան չկա, որը կարելի է անվճար այցելել։ Դա լիովին կոմերցիա է, եւ մենք էլ չենք թաքցնում, որ կոմերցիայով ենք զբաղվում։ Մարդիկ գնում են թանգարան, քանի որ ուզում են շատ բան իմանալ ու դրա համար պատրաստ են վճարել, իսկ աշակերտները գնում են թանգարան, քանի որ դա նրանց ուսման ծրագրի մասն է։ Վստահ եմ, որ եթե նրանց ազատ թողնենք, նրանք առաջին հերթին կգնան դիտելու ամերիկյան հիմար ֆիլմերը, որոնք մտածելու ոչ մի առիթ չեն տալիս։ Բայց մի քանի անգամ թանգարան գնալով, նրանք կզգան դրա կարեւորությունը։
– Իսկ այդ կոմերցիան ինչպե՞ս է մուտք գործում արվեստի այլ ոլորտներ։
– Շատ հետաքրքիր պատկեր է թատրոններում։ Նախկինում մենք մի քանի հսկայական թատրոններ ունեինք, իսկ անկախությունից հետո հայտնվեցին բազմաթիվ փոքր թատրոններ։ Նրանք միայն քաղաքների կենտրոնում չեն, տարբեր վայրերում կան, եւ հիմնականում զբաղեցնում են շենքերի կիսաքանդ նկուղային հարկերը։ Մի շատ հաջող թատերախումբ ունենք, որն, օրինակ, կայարանում է ելույթներ ունենում, նույնիսկ՝ հենց գնացքների մեջ է խաղում իր ներկայացումները։ Կայարանի ղեկավարությանը դա միայն օգուտ է տալիս, եւ այն հանգիստ իր տարածքը թատրոնին է տալիս։ Մեկ այլ թատրոն էլ կոնսերվացված գործարանի տարածքում է աշխատում։ Այսինքն, բոլորը փորձեցին ոչ թե շենք ունենալու, այլ՝ հանդիսատես ունենալու վրա կենտրոնանալ։ Եվ դա նրանց մոտ ստացվեց, նրանք բավականին թանկ գնով տոմսեր են վաճառում ու նոր ներկայացումներ են անում։ Վարշավայում, օրինակ, մասնավոր թատրոնը 60-70 եվրոյով է տոմսեր վաճառում, եւ բոլոր տոմսերը վաճառվում են։ Էլի եմ կրկնում, դա «մաքուր» կոմերցիա է, որով մասնավոր անձինք են զբաղվում։ Եվ դա արվեստն առաջ մղելու լավագույն տարբերակն է։ Վերջիվերջո, ո՞ւմ է հարկավոր այն դերասանը կամ նկարիչը, ում ոչ ոք չի տեսնում եւ ում մասին ոչ ոք չի խոսում։ Լավ արվեստը երբեք աննկատ չի մնում, եւ եթե կան լավ նախագծեր, ապա նրանք անպայման իրականություն կդառնան։
– Հասկանալի է, որ նախեւառաջ հարկավոր է, որպեսզի հասարակությունը փող ունենա։ Մեզ մոտ նման գումար թատրոնում կամ թանգարանում ծախսելու հնարավորություն ունեցողները քիչ են։
– Անկասկած, սոցիալական բարեկեցությունը կարեւոր գործոն է։ 10 տարի առաջ մենք էլ չունեինք այդպիսի հասարակություն։ Երբ վրա հասավ կապիտալիզմը, ոչ մի լեհ չէր հասկանում՝ ի՞նչ է պետք անել։ Բայց հետո սկսեցին մտածել… Կամ պետք էր ինչ-որ բան անել, կամ ոչինչ չանել։ Մենք նախընտրեցինք անելը։ Հիմա մենք շատ լուրջ խնդիր ունենք Լեհաստանում, մեր երիտասարդությունն արագությամբ հեռանում է մեր երկրից, քանի որ գնում է սովորելու ու աշխատելու Եվրոպայի այլ երկրներ։ Նրանք արդեն եվրոպացիներ են դառնում, եւ ազգային պատկանելությունը չեն կարեւորում։ Դա, իրոք, լուրջ հարց է։ Կարծում եմ, շուտով մեր պետությունը հատուկ ծրագրեր կմշակի՝ նրանց ազգային կապը պահպանելու համար։