Այս անգամ «փողերը լվացվել» են Սյունիքում

28/09/2008

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ ներկայացրել է Սյունիքի մարզում կատարված ստուգումների վերաբերյալ հաշվետվությունը: Ստուգումների արդյունքում ՎՊ հայտնաբերած շուրջ 585 մլն դրամի չարաշահումներից մոտ 180 մլն դրամը արձանագրվել է Սյունիքի մարզպետարանի միջոցներով իրականացվող ծրագրերում: 394 մլն դրամի ֆինանսական չարաշահումները հայտնաբերվել են մարզի քաղաքային ու գյուղական համայնքների կատարած գործարքներում: Ընդ որում, ինչպես հայտարարել է Իշխան Զաքարյանը, ՎՊ-ն ուսումնասիրել է մարզպետարանի ծրագրերի մի մասը միայն: «Մեր ուսումնասիրած բոլոր ծրագրերում խախտումներ եղել են, եւ այդ գումարները պետք է վերականգնվեն պետբյուջե»,- ասել է Ի. Զաքարյանը: Սակայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում բառացիորեն ասել է, որ մարզպետարանում «չարաշահումներ չեն եղել»: «Ասեմ, որ հիմնականում ասֆալտապատման աշխատանքներ են եղել, որոնք եղանակի պատճառով ժամանակին չեն կատարվել: Գարունը բացվելուն պես արվել է, իրենք էլ տեսել են: Իսկ ինչ վերաբերում է դուռ-պատուհանների համար ծախսված 39,4 մլն դրամին, ապա այդ գները, որպես լիազոր մարմին, որոշում է Քաղաքաշինության նախարարությունը, դրանք ֆիքսված են նաեւ Գնումների կոմիտեում: Զաքարյան Իշխանը, եթե դժգոհում է այդ գներից, թող իմանա, որ եթե ամեն ինչ թանկանում է, դա չի կարող չթանկանալ»,- ասել է Ս. Խաչատրյանը: