Ո՞վ ում դեմ է գնում

28/09/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանը շարունակում է բացահայտել Հայաստանի պաշտոնյաների ֆինանսական չարաշահումները: Եվ ահա երեկ ՎՊ նախագահը, ինչպես եւ խոստացել էր, ներկայացրեց Սյունիքի մարզում հայտնաբերած չարաշահումները:

Սա այն մարզն է, որը ղեկավարում է հանրահայտ Սուրիկ Խաչատրյանը, ում անձն ու գործունեությունը մինչեւ հիմա անձեռնմխելի են եղել ՀՀ իրավապահ ցանկացած կառույցի համար` ավելի բարձրաստիճան հովանավորներ ունենալու շնորհիվ: Եվ այս իրավիճակում կարծես թե Ի. Զաքարյանն ու ՎՊ ստուգողներն առյուծ են կտրել, որ հանդգնել են մտնել անառիկ Սյունիք: Բայց ՎՊ նախագահը Վերահսկիչ պալատի ցանկացած բացահայտում ներկայացնելիս հայտարարում է, որ այս ամենին տեղյակ է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո արդեն մամուլի համար ներկայացված խոսքում Ի. Զաքարյանը առանձնահատուկ կերպով անդրադարձավ հենց Սյունիքի մարզին: Ուրեմն ՎՊ նախագահն իր բացահայտումները, հայտարարվելիք խախտումների ու չարաշահումների ծավալները նախապես համաձայնեցնում է ՀՀ նախագահի հետ: Իհարկե, եզրակացություն չենք անի նոր ստեղծված իրավիճակի հետ կապված, պարզապես ավելացնենք, որ պարոն Զաքարյանի ղեկավարած կառույցն իրավունք ունի մտնել Հայաստանի ցանկացած գյուղապետարան, քաղաքապետարան, մարզպետարան, նախարարություն, կարող է ստուգել պետական կամ վարկային միջոցներով իրականացվող ցանկացած ծրագիր:

Եվ այսպես, ՎՊ-ն Սյունիքի մարզում իր ստուգումները կատարել է երկու` մարզպետարանի միջոցներով իրականացված ծրագրերի եւ համայնքների ֆինանսական հաշիվների ուղղություններով: Մարզպետարանի միջոցներով իրականացած ծրագրերից էլ ընտրվել է հատկապես շինարարության ոլորտը եւ հայտնաբերվել է մոտ 180 մլն դրամի խախտում, որից 94,5 մլն դրամը եղել է ծավալային հավելագրում` վճարում չկատարած աշխատանքի դիմաց: 39,4 մլն դրամը պարզապես կողոպտվել է դուռ ու լուսամուտ գնելու ընթացքում: Նախորդ` ՀՀ Քաղաքաշինության նախարարությունում կատարած ստուգումների դեպքում էլ դուռ-լուսամուտների գնման հետ կապված բավականին մեծ չարաշահումներ կային: Եվ 1 քմ-ն 18-36 հազար դրամ արժեցող դուռ-լուսամուտների գնման արժեքը Սյունիքի դեպքում ներկայացվել է 75 հազար դրամ: 11,7 մլն դրամով էլ գնել են անորակ նյութեր, եւ այդպես շարունակ: Ի. Զաքարյանն ասաց, թե հատկապես դուռ-լուսամուտները կրկնակի թանկ գնով ձեռք բերելը հատուկ է ամբողջ Հայաստանին: Եվ որոշել է արտադրող կազմակերպություններում նույնպես ստուգումներ անել՝ պարզելու համար, թե չարաշահման ինչ մեխանիզմ է գործում այս գործարքների մեջ: «Ներկայացրել են, որ կառուցել են 1000 մետր մայթ, բայց մեր չափագրումների ժամանակ պարզվել է, որ 800 մետր է: Ներկայացրել են, որ դպրոցների պատուհանների մոտ պետք է ինչ-որ սարքեր տեղադրվեն, որ անձրեւների ժամանակ ջուրը չքաշի ու պատերը չավերի, բայց գումարը ստացել են ու չեն տեղադրել»,- ներկայացրեց Ի. Զաքարյանը: Նա նաեւ հայտարարեց, որ իրենց ստուգումներից հետո 10 մլն դրամը վերականգնվել է, մյուս մասն էլ կա՛մ գումարով, կա՛մ էլ աշխատանքով պետք է վերականգնվեն:

Մարզի 109 համայնքներից ստուգել են 23 գյուղեր ու քաղաքներ եւ հայտնաբերել են 394 մլն դրամի խախտում: Գյուղական համայնքներում գտնված խախտումները նման են եղել` ապամոնտաժվել են մեծ քանակի խողովակներ, եւ 1 մետրը 200-300 դրամով վաճառվել են այն դեպքում, երբ դրա շուկայական արժեքը եղել է 3000-5000 դրամ: «Հետո այդ նույն խողովակները հայտնաբերում ենք գյուղատնտեսության ոլորտում կատարած ստուգումների ժամանակ, որտեղ էլ 1 մետրի համար նշված է 5000-6500 դրամ գնման գինը: Եվ Սյունիքի 5 համայնքներում մենք հայտնաբերել ենք, որ 200-300 դրամով վաճառվել է 20.400 մ խողովակ եւ պետությանը պատճառվել է մոտ 110 մլն դրամի վնաս»,- ասաց Ի. Զաքարյանը: Սյունիք համայնքի գյուղապետն օգնության համար

4 մլն դրամ է փոխանցել մի ընկերության, որի իրավունքը չի ունեցել, 8 մլն դրամով էլ գնել է «Ֆորդ» մակնիշի մեքենա: «Այդ նույն համայնքապետը վաղը ձեռքը պարզած կառավարությունից գումար է խնդրելու գյուղի ճանապարհները բարեկարգելու համար»,- ասում է ՎՊ նախագահը:

Քաղաքային համայնքներին հատուկ է եղել ոչ բնակելի տարածքների վաճառքը կադաստրային արժեքից ավելի ցածր գնով: «Հայտնաբերել ենք պետական ունեցվածքի, հողի, շենք-շինությունների խայտառակ վաճառքի դեպքեր: Այս առումով ռեկորդակիրը Կապանի քաղաքապետարանն է, որը 5200 քմ բնակֆոնդի 1 քմ-ն վաճառել է 3500-4000 դրամով: Կադաստրային արժեքից 6-10 անգամ պակաս գնով շինություններ են վաճառել եւ պետությանը հսկայական վնաս պատճառել: Քաղաքային համայնքներին հատուկ է նաեւ տարածքների վարձերի եւ գործող օբյեկտների տուրքերը չգանձելու միտում: Այստեղ էլ համայնքների բյուջեն է վնասներ կրել»,- նկատեց ՎՊ նախագահը: Եվ Սյունիքի քաղաքներից Կապանում հայտնաբերվել է՝ 133 մլն, Գորիսում՝ 11, Սիսիանում՝ 47 մլն դրամի խախտումներ: Մի ծրագրի դեպքում էլ հատկացվել է 22,9 մլն դրամ՝ սահմանային 4 համայնքում 4 տուն գնելու եւ դպրոցներ դարձնելու համար: Գումարը տեղաբաշխվել է, բայց միայն մի գյուղում է տուն գնվել: «Այդ բոլոր գումարները պետք է վերականգնվեն»,- հայտարարեց Ի. Զաքարյանը: «Բա ուրիշ պատասխանատվություն չի՞ լինելու, գումարները պետք է վերականգնեն ու վե՞րջ: Բա այդ պաշտոնյաները չպե՞տք է պատժվեն իրենց կատարած անօրինականությունների համար»,- հարցրեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը: Նույն հարցը տվեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը եւ կատակով առաջարկեց ՀՀ Քրեական օրենսգրքում վերականգնել մահապատիժը: ՎՊ նախագահը պատասխանեց, թե պատժելն իրենց լիազորությունների մեջ չի մտնում, իրենց նյութերը կփոխանցվեն ՀՀ եւ ԱԺ նախագահներին, վարչապետին: Կտեղադրվեն նաեւ իրենց կայքում: «Կլինեն գործեր, որ կփոխանցենք Դատախազություն, թող իրենք էլ մտածեն պատասխանատվության ենթարկելու մասին,- ասաց Ի. Զաքարյանն ու ավելացրեց, -սա դեռ փառք է, մյուս զեկույցի ժամանակ սրանից ավելի ծանր դեպքերի կհանդիպեք»: Իսկ հաջորդ զեկույցները նվիրված կլինեն Ոստիկանությանը եւ Տրանսպորտի ու կապի նախարարությանը:

Ի. Զաքարյանն այս անգամ էլ նշեց, որ իրենց ստուգած բոլոր ծրագրերում խախտումներ են հայտնաբերվել: Իսկ ՎՊ-ն ստուգում է մարզի կամ կառույցի աշխատանքների ոչ թե ամբողջ, այլեւ մոտ 20 տոկոսը: Ամբողջը ստուգելու դեպքում չարաշահումներն ու յուրացումները բազմակի շատ կլինեն: Եվ ստացվում է այնպես, որ Հայաստանի 900-ից ավելի գյուղապետարաններում, բոլոր քաղաքապետարաններում, մարզպետարաններում, նախարարություններում ու ցանկացած պետական կառույցում պետական հսկայական գումարներ են յուրացվում:

«Հեշտությամբ չի լցվում այդ բյուջեն, բայց ի՜նչ հեշտությամբ են գողանում: Առանց ջանք թափելու թաթները գցում են եւ բյուջեից վերցնում են, որքան ուզում են: Տգետ, որկրամոլ, բարոյականության հետ կապ չունեցող մարդիկ նստել են կառավարության աթոռներին, շատ հանգիստ լափում են պետության միջոցները: Ովքե՞ր են նրանք, նրանք իշխանություն կազմող կոալիցիայի անդամներն են: Իշխանությունները երբեմն տգեղ պիտակներ են կպցնում հանրահավաքի գնացող մարդկանց: Հարց եմ տալիս` ի՞նչ պիտի անի ժողովուրդը, որի համար պետությունը բյուջեով նախատեսել է առողջապահական, կրթական գումարներ, եւ պարզվում է, որ նույն իշխանավորները գողացել են այդ գումարները: Ի՞նչ պիտի անի, պիտի ձեռքերը խաչի, գնա ու մտնի գերեզմա՞ն, թե՞ պիտի ըմբոստանա»,- հարցնում է Ա. Բախշյանը:

Հ.Գ.
Երեկ օրվա վերջում մեզ հաջողվեց խոսել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Նա նախ հերքեց, թե մարզում չարաշահումներ են կատարվել: «Էդ դուռ-պատուհանների պատմությունը միայն Սյունիքի մարզին չի վերաբերում, Զաքարյան Իշխանն ինքն էլ է ասել, որ ամբողջ Հայաստանին է վերաբերում: Բայց լսողի ականջին հասնում է, թե Սյունիքի մարզում 39 մլն-ի չարաշահում է եղել: Զաքարյան Իշխանը չի ուզում ուշադրություն դարձնի, որ եթե վառելիքը, մնացած ծախսերը թանկանում են, ուրեմն այս երկրում ամեն ինչն է թանկանում: Թող ուսումնասիրեն այս գները, ռաստամոժկայի գները: 1 տարի առաջ ռաստամոժկան ուրիշ էր, հիմա` ուրիշ»,- ասաց Ս. Խաչատրյանն ու ավելացրեց, որ Ի. Զաքարյանը դուռ-պատուհանների գների խնդրին կհանդիպի բոլոր մարզերում: Համայնքների մասով էլ Սյունիքի մարզպետը բոլոր չարաշահումները վերագրեց համայնքապետերին ու ավագանիներին, ասաց, որ տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել: «Լիցենզավորված կազմակերպություն եմ հրավիրել, որ այդ խողովակների գները պարզեն: Եթե իսկապես էդպես է եղել, գյուղապետերը պետք է այդ գումարը վերադարձնեն: Դա ամենօրյա իմ ուշադրության կենտրոնում է, փորձելու ենք գյուղապետերին չթողնել, որ իրենց համայնքը դարձնեն իրենց պապական սեփականությունը»,- ասաց Ս. Խաչատրյանը: Կարծիք կա, որ Սյունիքի մարզում հատուկ նպատակով են ստուգումներ իրականացվում` մարզպետին պատժելու համար: Ի. Զաքարյանն էլ ասաց, թե հիմնականում ստուգում են այն կառույցները, որոնք 10 տարի չեն ստուգվել: «Չեմ կարծում, որ հատուկ նպատակներով է, դա հերթական ստուգումն է: 2005թ. ՎՊ-ն էլի ստուգումներ արել է: Նաեւ կառավարության վերահսկողությունն է ստուգել: Խաչատրյանն այս երկրի օրենքներին դե՞մ գնա, դա հնարավոր էլ չէ»,- հայտարարեց Ս. Խաչատրյանը: