Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը երեկ հանդիպեց լրագրողների հետ:
Նախքան ասուլիսի սկսվելը տեսաֆիլմ ցուցադրվեց, որում համառոտ ներկայացված էին Ա. Սարգսյանի 100 օրվա պաշտոնավարման արդյունքները: Ինքը` ոստիկանապետը, նշեց, որ այս հարյուր օրերի ընթացքում արվել է հնարավորը, որպեսզի Հանրապետության ողջ տարածքում պահպանվի հասարակական կարգը, ակտիվ պայքար տարվի հանցավորության դեմ, եւ «ինչպես ՀՀ նախագահն է կարեւորել` որպեսզի վերականգնվի Ոստիկանության հեղինակությունը հասարակության մեջ»: Ըստ Ոստիկանապետի, հանցագործություննների թիվը թեեւ վերջերս ավելացել է, սակայն դա պարզ բացատրություն ունի` պարզապես պահանջներն են փոխվել, հանցագործության դեպքերը հաշվառումից թաքցնելու արատավոր երեւույթը վերացվել է: «Մեր հիմնական բարեփոխումները սկսվեցին Ճանապարհային ոստիկանության եւ Անձնագրերի ու վիզաների վարչության աշխատանքից: Այլ բարեփոխումներ եւս ակնկալվում են: Տարբեր առաջարկություններով արդեն դիմել ենք ՀՀ կառավարություն: Կառավարության որոշմանը ներկայացվեց ու հաստատվեց ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի ստեղծումը: Շատ շուտով կունենանք Ոստիկանությանը կից հասարակական խորհուրդ, որում կներգրավվեն հիմնականում մտավորականության ներկայացուցիչներ: Այսօր համարում ենք նաեւ անհրաժեշտություն Երեւանում ընդունիչ-բաշխիչ կայան ունենալու խնդիրը, քանի որ փողոցներում կան մուրացկաններ, որոնց պահվածքը սահմաններն անցնում է, ուղղակի մարդկանց հետապնդում են: Այդ կայանի ստեղծումը հնարավորություն կտա նման տարրերին ու այն մարդկանց, ովքեր օթեւան չունեն, հայտնվել այնտեղ»,- ասաց նա: Ա. Սարգսյանը շատ է կարեւորում Անձնագրային ծառայության աշխատակիցների մոտեցումը քաղաքացիներին: Նա զգուշացրել է անձնագրային համակարգի բոլոր աշխատողներին` քաղաքացիներից որեւիցե մեկի հետ ոչ հարգալից ցանկացած դրսեւորում կպատժվի ժամերի ընթացքում: «Քաղաքացուն կընդունենք, կլսենք, ու տվյալ աշխատակիցը կպատժվի, այդ մեկը չեմ ների: Դրա համար խնդրել եմ, որ մարդկանց ժպտալով ընդունեն ու ճանապարհեն, գոնե վերաբերմունքով սիրաշահենք, մարդկանց հոգս չպատճառենք»,- ասաց նա:
Բնականաբար, լրագրողներին հետաքրքրում էին առաջին հերթին մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ կապված հարցերը: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի տեսաֆիլմը, որտեղ որոշ դրվագներ են արձանագրված մարտի մեկից, դիտել է նաեւ Ա. Սարգսյանը: Սակայն, նրա կարծիքով, այնտեղ կադրեր կան, որոնք մոնտաժված են: «Կան նաեւ կադրեր, որոնք քնության են ենթարկվում, ստեղծվել է հանձնախումբ, որը զբաղվում է այդ հարցով: Բայց ցույց են տալիս ոստիկանին` զենքը ձեռքին, դա զարմանալի չէ: Ամեն դեպքում ամեն ինչ քննվում է: Ես որեւէ մեկին չեմ ուզում պաշտպանել, բնականաբար, կան տեսարաններ, որտեղ քաշքշում են ոստիկանները: Սակայն մասսայական անկարգության պահին մի՞թե հնարավոր է մտածել, որ ոստիկանն իր պահանջված կեցվածքով պիտի տաներ ծառայությունը: Բնականաբար, նման դեպքեր եղել են, եւ մենք մեր մոտեցումն այսպիսի մարդկանց հանդեպ կունենանք, բայց մի քաշքշուկի համար ոստիկանին դատի չեմ տալու, եթե նա մեկի թեւից մի քիչ կոպիտ քաշել է այդ պահին, խնդրում եմ ակնկալիքը չունենաք»,- ասաց նա: Իսկ որտե՞ղ են մարտի մեկի առավոտյան «Ա1+», ԱԼՄ եւ «Երկիր մեդիա» հեռուստաալիքներից առգրավված տեսաժապավենները: Ըստ Ա. Սարգսյանի, այս պահին իր մոտ ոչ մի տեսագրություն չկա, գործերը Ոստիկանության գործառույթից դուրս են եկել: «Նպատակահարմար չեմ գտնում անընդհատ խոսել մարտի մեկից: Նախ՝ կոռեկտությունս թույլ չի տալիս, դեպքի վայրում չեմ եղել: Հետո ամեն քայլի ինձ մարտի մեկից հարցնում են, թե ինչ կարծիքի եմ մարտի մեկի մասին եւ այլն: Իսկ իմ գործընկերներն աշխատել են, իհարկե, որոշակի թերություններով: Միշտ շեշտել եմ, դանդաղկոտ գտնվեցին: Պետք չէր թողնել, որպեսզի այս աստիճանի հասնի»,- ասաց նա:
Քաղաքապետարանը չի արտոնել ընդդիմության սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքը: Ինչպե՞ս է վարվելու Ոստիկանությունը: Ա. Սարգսյանի խոսքով` «իրենք անընդհատ համբերատար զիջում են, երբ միտինգի մասնակիցները Ոստիկանությանն արհամարհելով` նրա պահանջին չեն ենթարկվում»: Ա. Սարգսյանը խնդրեց, իր բութագրմամբ՝ «ընկերներին», կամաց-կամաց իրենց տրամադրվածությունը փոխել, եւ ըստ էության խնդրանքը շարունակեց սպառնալիքով, ասելով` «կգա ժամանակ, որ այլեւս չեմ հանդուրժի»: «Ամենամեծ վիրավորանքը Ոստիկանության հանդեպ է, երբ մենք կանգնում ենք մարդկանց դիմաց ու փորձում ենք հասարակական կարգը պահպանել, իսկ մարդիկ շրջանցում են օրենքը: Եթե արտոնված չի, միտինգ անել չի կարելի: Իսկ որ Ոստիկանությունը մի օր իր իրավունքները կպաշտպանի, դրանում չկասկածեք: Միգուցե մինչեւ հիմա ես գնացել եմ դրան, կարգադրել եմ, որպեսզի ոչ մի բախման չգնան, բախումներ չլինեն, որպեսզի հետագայում էլ անհարկի շահարկումների առիթ չլինի, թե Ոստիկանությունը պատժիչ մարմին է, եւ այլն»: «Այս անգամ մեր ներկայացուցիչը բարձրացավ ամբիոն ու հայտարարեց, որ երթն արտոնված չի, ու խնդրեց չանել: Ու ի պատիվ ընդդիմությանը, որին ես շնորհակալություն եմ ուզում հայտնել, նրանք ըմբռնումով մոտեցան, ու երթը չարվեց: Բայց քաղաքական գործիչ չեմ, Ոստիկանությունն ապաքաղաքականացված հիմնարկ է: Սակայն, որ մենք հասարակական կարգի թիվ մեկ պատասխանատուն ենք` փաստ է»,- ասաց նա: Երբ Ա. Սարգսյանը Արարատի մարզպետ էր, մամուլի էջերում նրա մասին ավելի շատ դրական խոսքեր էին հնչում, քան այսօր, երբ զբաղեցնում է ոստիկանապետի պաշտոնը: Լրագրողներից մեկի այս դիտարկմանն ի պատասխան՝ Ա. Սարգսյանն ասաց, թե դա բնական է համարում եւ չգիտի մի երկիր, որտեղ Ոստիկանության պետի մասին հիացմունքով կամ ավետարանական բառերով խոսեն: «Բոլոր երկրներում էլ Ոստիկանության պետը հայտնվում է մամուլի էջերում: Ավելին ասեմ, ես դրան պատրաստ էի: Գիտեի, որ այդպես պիտի լինի, ու հիմա էլ առանձնապես չեմ զղջում, որ հայտնվել եմ այս պաշտոնում, եւ սիրով եմ աշխատում: Ընդամենը չեմ ընթերցելու այդ թերթերը: Դրա կարիքն էլ չկա: Ինչ ունեք ինձ հարցնելու, ես կպատասխանեմ հաճույքով, կոմպլեքսավորված անձնավորություն չեմ»,- ասաց նա: