Ինչո՞ւ չի ժպտում հարկատուն

28/09/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երբեւէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք՝ ինչի՞ համար են հարկերը, կամ՝ ինչի՞ համար է պետական բյուջեն։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ ասել է պետական բյուջե։ Դա, պատկերավոր ասած, փողի մի մեծ սնդուկ է, որի կափարիչը միշտ բաց է։ Այն անընդհատ լցվում է ու դատարկվում։ Այն տարանցիկ կանգառ է. փողը հարկատուներից գնում, մտնում է այդ սնդուկի մեջ, հետո դուրս է գալիս եւ ուղղվում տարբեր ոլորտներ՝ պաշտպանության, սոցիալական, կրթական եւ այլն։

Գուցե փոքր-ինչ անհավանական թվա, բայց մի պահ պատկերացնենք, որ այդ սնդուկը չկա, փողը հարկատուներից գնում է միանգամից վերը նշված ուղղություններով։ Եթե, օրինակ, Պողոսի համար ավելի կարեւոր է երկրի ճանապարհների վիճակը, նա իր վճարումները փոխանցում է միանգամից ճանապարհաշինության ոլորտին։ Իսկ, օրինակ, Պետրոսի համար գուցե հոգեհարազատ է կրթությունը։ Մարտիրոսը կարող է ընդհանրապես թքած ունենալ ամեն ինչի վրա եւ նրան պետք չէ մի քանի կոպեկ թոշակը՝ իր ծերության օրերին։ Եվ նա ոչինչ էլ չի վճարում։ Ո՞վ ասաց, որ բոլորը՝ համահարթեցման սկզբունքով, պարտավոր են հոգալ պետության բոլոր կարիքները։ Ո՞վ է որոշել, որ հենց այսպես էլ պետք է լինի՝ բոլորը միասին պարտավոր են հարկեր վճարել, ու պետությունը (որը գործնականում դժբախտաբար նույնանում է՝ ի դեմս մարդկանց որոշակի խմբի) այդ բոլորի փոխարեն որոշի ինչ անել նրանց գումարներով։ Պարտավորությունները (հարկ վճարելը պարտավորություն է) փոխարդարձ են լինում։ Եթե ես պարտավոր եմ պետությանը հարկեր վճարել, ապա պետությունն էլ ունի որոշ պարտավորություններ իմ նկատմամբ. նա պետք է հոգա իմ անվտանգության, իրավունքների, պաշտպանության, առողջության եւ այլնի մասին։ Իսկ ցանկացած այսպիսի փոխհարաբերության ժամանակ պետք է լինի փոխադարձ համաձայնություն։ Այլ կերպ ասած՝ ցանկացած պարտավորություն ստանձնելուց առաջ ես պետք է ծանրութեթեւ անեմ, որոշեմ՝ ձեռնտո՞ւ է ինձ արդյոք այդ ամենը, ի՞նչ օգուտներ ես կունենամ իմ պարտավորության դիմաց։ Ու ըստ այդմ որոշում կայացնեմ։ Իսկ պետության ու հարկերի դեպքում նման բան չկա՝ ամեն ինչ որոշված է ի սկզբանե՝ պարտավոր ենք հարկեր վճարել։ Միգուցե ես՝ ՀՀ շարքային քաղաքացիս, ընդհանրապես չեմ ուզում օգտվել հասարակական բարիքներից, ու դրա համար վճարել հարկերի տեսքով։ Կամ գուցե ինձ պետք են այդ բարիքները, բայց ես սկզբունքայնորեն դեմ եմ, որ դրանք պարտադրաբար փաթաթվեն իմ վզին՝ ժամկետանց ապրանքի նման, առանց իմ կամքը հաշվի առնելու։ Սա իմ՝ ժողովրդավարական երկրի (ըստ Սահմանադրության) քաղաքացուս իրավունքների, մասնավորապես՝ ընտրության (բարիքների ընտրության) իրավունքի ոտնահարում է։ Սա չի նշանակում, որ ես կոչ եմ անում հարկեր չվճարել, կամ դեմ եմ այն դրվածքին, որ դարեր շարունակ կա ողջ աշխարհում։ Սակայն, այնուամենայնիվ, կարելի է խնդիրը քննարկել նաեւ այլ տեսանկյունից: Բոլորն են հասկանում, որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ում համար կրթական ոլորտը ոչ մի նշանակություն չի ունենա, եւ նրանք չեն ցանկանա իրենց միջոցներով զարգացնել կրթությունն ու գիտությունը։ Կգտնվեն մարդիկ, որոնց չի հետաքրքրի սպորտը։ Կլինեն նաեւ գերպացիֆիստներ, ովքեր ընդհանրապես դեմ կլինեն բանակ ունենալուն։ Մինչդեռ վերը նշված հասարակական բարիքների ողջ համալիրն անհրաժեշտ է բոլորին՝ ողջ հասարակությանը։ Առանձին վերցրած՝ բոլորն էլ, իհարկե, ուզում են քայլել լուսավորված փողոցներով, կամ պարծենալ իրենց երկրի մարզիկների նվաճումներով, ունենալ արդար դատաիրավական համակարգ, որն իրենց կպաշտպանի։ Դրանց ամբողջությունը տնտեսագիտության մեջ անվանում են հասարակական բարիքներ։ Բայց առանձին վերցրած՝ ոչ ոք չի համարում, որ հենց ի՛նքը պետք է այդ բարիքն արտադրի։ Որովհետեւ այդ բարիքների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանից օգուտ ստանում են բոլորն անխտիր, եթե անգամ դրա համար վճարել է միայն մեկ հոգի։ Օրինակ, եթե ինչ-որ մեկն աստղաբաշխական աշխատավարձեր վճարի մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին, նրանք ավելի մեծ ջանքեր գործադրեն եւ դառնան աշխարհի չեմպիոն, կուրախանան՝ այսինքն, տնտեսագիտության լեզվով ասած, օգուտ կստանան բոլորը։ Գումար վճարողը չի կարող արգելել, որ հասարակության ամենամերժված անդամն էլ տեղից վեր թռչի գոլի ժամանակ։ Փաստորեն, դարերի ընթացքում ձեւավորվել ու գործում է լուռ համաձայնություն՝ մարդիկ զբաղվում են անձնական գործերով, հետապնդում են անձնական շահեր, սակայն իրենց եկամտի մի մասը տալիս են պետությանը՝ հասկանալով, որ դա պետք է երկրին, այդ թվում՝ նաեւ իրենց։ Պետությունն էլ այդ գումարներով ապահովում է այն ամենը, ինչը բոլորին պետք է, գիտություն է զարգացնում, մշակույթ, բանակ է պահում եւ այլն։ Երբ քաղաքացին հարկ վճարում է՝ մտքում ունենալով այս ամենը, դա էլ հենց պետականամետ մտածելակերպն է։

Ըստ էության, վարչապետ Տիգրան Սարգսյանը հենց այս մտածելակերպն է ուզում ներարկել ժողովրդին իր նշանակման առաջին իսկ օրվանից։ Ուզում է հասկացնել, համոզել, որ ՀԴՄ-ի կտրոն պահանջողը դրանով օգնում է նաեւ ինքն իրեն։ Ու առեւտրականին էլ ուզում է համոզել, որ ՀԴՄ-ի կտրոն դակելով ու նորմալ հարկեր վճարելով, ինքը նպաստում է երկրի զարգացմանը՝ հետեւաբար եւ՝ անձամբ իրեն։ Փաստորեն, Տ. Սարգսյանը հասկացել է, որ ավելի լավ է համոզել, քան ստիպել։ Ավելի լավ է հարկ վճարողը սիրով ու հասկանալով հարկ վճարի, քան պատժվելու վախից։ Այդպես ավելի արդյունավետ կլինի եւ, ինչո՞ւ ոչ՝ ավելի ուրախ։ Եվ ուզում է փոխել մտածելակերպը։ Այսինքն, իր իսկ խոսքերով, ներքին հեղափոխություն անել, մտածողության հեղափոխություն։ Ստացվո՞ւմ է։ Առայժմ ոչ։ Հայերը շատ խելացի են, պետք չէ նրանց թերագնահատել՝ մտածել, որ չեն հասկանում վերը նշվածը։ Հայաստանի քաղաքացին հասկանում է, որ նորմալ երկրում հենց այդպես էլ պետք է լիներ. իր վճարած հարկը պետք է լիներ իր, իր ընտանիքի, իր բարեկամների լավ ապագայի համար վճարած գինը։ Սակայն այսօրվա Հայաստանում նա համարում է, որ վճարում է ո՛չ թե իր երկրին, այլ մի քանի հոգու՝ հոդվածի սկզբում նշված սնդուկի պահակներին։ Ստիպել նրան այլ կերպ մտածել, նշանակում է՝ ստիպել չհավատալ սեփական աչքերին, չտեսնել, որ ամսական 100-150 հազար աշխատավարձ ստացող չինովնիկը 100 հազար դոլարանոց մեքենայով է շրջում։ Այլ կերպ ասած՝ սա նշանակում է՝ ստիպել հավատալ հրաշքների։ Ենթադրենք հաջողվեց՝ շարքային քաղաքացին համոզվեց, որ իր վճարած հարկերն ուղղվում են միայն երկրի կարիքները հոգալու գործին, իսկ 100 հազարանոց մեքենաները մեր չինովնիկներին Աստված է նվիրում։ Կլուծվի՞ արդյոք խնդիրը, կսկսե՞ն մեր քաղաքացիները, այսպես ասենք, ինքնաբուխ հարկեր վճարել՝ առանց թաքցնելու, հոժար կերպով եւ փայլուն ապագա ունենալու հույսով։ Ոչ։ Որովհետեւ, ինչպես արդեն նշեցինք՝ այդ ամենը ենթադրում է փոխշահավետություն։ Եթե քաղաքացուն ի սկզբանե պարտադրված է հարկեր վճարել ու դրա դիմաց ստանալ բարիքներ, ու գործում է լուռ համաձայնություն, ապա այդ բարիքները գոնե պետք է որակյալ լինեն։ Հակառակ դեպքում ստացվում է ցինիզմ. պետությունը շահագործում է սեփական քաղաքացուն՝ նրա վրա «սաղացնելով» ոչ թե անորակ, այլ վնասակար բարիքներ։ Քաղաքացին վճարում է, որ ունենա նորմալ կրթական համակարգ, որ իր զավակները նորմալ կրթություն ստանան։ Սակայն բուհում կրթությունը թողած՝ զբաղվում են ուսանողների մոտ ստրուկի հոգեբանություն ձեւավորելով։ Քաղաքացին վճարում է, որ ունենա իրեն պաշտպանող ոստիկան, սակայն ունենում է ոստիկան, որն իրեն ծեծում է եւ գործ սարքում՝ գումար կորզելու նպատակով։ Քաղաքացին վճարում է, որ ունենա անկախ դատական համակարգ, որը կպաշտպանի իր շահերը, սակայն ունի «նեղ կրուգի» շահերը սպասարկող պատժիչ մարմին։ Օրինակ, Անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 54 աշխատակիցներ պարգեւատրվել են շնորհակալագրերով, իսկ 48 աշխատակիցներ՝ դրամական պարգեւներով (պարզ է, որ դրամական պարգեւները սովորական հարկատուներիս հաշվին են)։ Իսկ ի՞նչ է պատկերացնում հասարակ քաղաքացին՝ ԴԱՀԿ ասելով՝ համազգեստավոր մի քանի ամրակազմ տղերքի, ովքեր ծեծելով դուրս են հանում Բուզանդի ու այլ փողոցների տների բնակիչներին։ Ու քաղաքացին պետք է ժպիտով հարկ վճարի, որ այս մարդիկ աշխատավարձ ստանան. նաեւ պարգեւատրումներ։ Ավելին՝ պարգեւատրման արարողությունից հետո տեղի ունենա համերգ՝ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ, որոնք հազիվ թե կերգեն անվճար։ «Աստղերի» մասին խոսելիս հիշենք նաեւ բոլոր հարկատուների հաշվին սնվող Հանրային հեռուստաընկերությունը, որը, չգիտես ինչու, որոշել է, որ ազգովի գժվում ենք օրումեջ բազմացող անտաղանդ երգիչների համար։ Որը, փոխանակ տեղեկատվություն հաղորդի՝ լավն ու վատը որոշելը թողնելով մեզ (թե՛ արվեստում, թե՛ քաղաքականության մեջ), ինքն է նախօրոք որոշում՝ ինչն է լավն ու ինչն է վատը, ու իր իմացած լավը հրամցնում լսարանին։ Քաղաքացին վճարում է դատավորի դեր ստանձնած հեռուստաընկերության համար, պատգամավորի համար, ով պետք է օրենք ընդունի, բայց իր անունը տողադարձ անել չի կարողանում, աշխարհով մեկ շրջագայող պատվիրակությունների, նրանց հյուրանոցային համարների, ռեստորանների ու այլ «հաճույքների» համար, երբ Հայաստանը գնալով մեկուսանում է աշխարհից։ Փաստորեն, հարկ վճարող քաղաքացին գնում է իրեն ոչ պիտանի, անգամ՝ վնասակար բարիքներ։ Իշխանության դիրքերից՝ սա ցինիզմ է, քաղաքացու տեսանկյունից՝ մազոխիզմ։ Նա պարբերաբար դեղատնից ժամկետանց դեղեր է գնում ու քայքայում իր առողջությունը։ Ու նրան գեղեցիկ բառերով ստիպում են ժպիտով վճարել այդ դեղերի համար, իսկ ժամկետանց ու վնասակար դեղարտադրողներին ու վաճառողներին, սնդուկի պահակներին արժանացնում պետական մրցանակների։ Այնպես որ, գեղեցիկ բառեր ասելու փոխարեն, լավ կլիներ գոնե մի քիչ բարձրացնել մատուցվող բարիքների որակը՝ անպիտան ու ժամկետանց «բարիքներին» դուրս գրելով։ Այդ ժամանակ, գուցե, հարկատուի դեմքին ժպիտ հայտնվի, թեկուզ թախծոտ ժպիտ։