Կնոջ խաղաքարտը

28/09/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Այլեւս նորություն չէ, որ մեր կյանքում կարեւոր իրադարձությունները կատարվում են ընտրությունից ընտրություն: Կարծես այն ինչ-որ կերպ, այսպես թե այնպես, որոշում է մեր ապրել-չապրելու իմաստը, եւ որոշ մարդիկ չափից ավելի են ակտիվանում այդ օրերին, եւ, հասկանալի է, որ այս հողի վրա յուրաքանչյուրն ակտիվանալու իր պատճառներն ու ոճն ունի։

Քաղաքական այս թեժ շրջանում հետաքրքիր եւ դիտարժան է կնոջ ակտիվությունը, հատկապես, երբ այն միտված է հավակնելու, ըստ մեր հասարակության մեջ արմատացած կարծիքի, տղամարդկային պաշտոնի։ Այդպիսի մի պաշտոն է, օրինակ, թաղապետի պաշտոնը, որը գրավելու համար ընտրապայքարի մեջ մտավ «Ժառանգություն» կուսակցությունից Զոյա Թադեւոսյանը։ Պայքարը դիտարժան էր այնքանով, որ հենց սկզբից ուշադրություն հրավիրվեց հատկապես Զոյա Թադեւոսյանի կին լինելու հանգամանքի վրա։ Սա ամենակարեւոր խաղաքարտն էր, որ միանգամից նետվեց խաղի մեջ բաց վիճակում։ «Ես կին եմ, ես հաղթելու եմ»,- հայտարարում եւ վստահեցնում էր Զոյա Թադեւոսյանը։ Եվ որքան շատ էր ի ցույց դրվում սույն խաղաքարտը, այնքան կասկածելի էր դառնում դրա զորությունը եւ նույնքան կասկածելի էր դառնում Զոյա Թադեւոսյանի՝ թաղապետ դառնալու ցանկությունը։ Սա, կարծես, նախապես ծրագրված շոուի գեղարվեստական մասն էր, այն մասը, որով պետք է ստվեր նետվեր գործող թաղապետի վրա, եւ կասկածի ենթարկեր նրա արժանիքները, քանի որ գաղտնիք չէ, որ Արաբկիրի թաղապետը վայելում էր բնակիչների համակրանքն ու հարգանքը, եւ, ստվեր նետելով մեկի վրա, ինքնըստինքյան ճանապարհ էր հարթվում մյուսի համար։ Հասկանալի է, որ տիկին Թադեւոսյանը չէր կանխատեսում մյուսի այն աստիճան չարդարացված ակտիվությունը, որն արյունով էր պսակելու իր հաղթանակը, այլապես կանացի ինտուիցիայով պետք է որ ընտրություններից առաջ ինքնաբացարկ հայտարարեր եւ բացեիբաց պաշտպաներ այն թեկնածուին, որի համար կամա-ակամա պայքարում էր։ Այդ ժամանակ ուժերն ավելի որոշակի կլինեին եւ, գուցե, հնարավոր լիներ խուսափել բախումներից։ Սակայն, տիկին Թադեւոսյանը, որքան էլ պնդում էր իր կին լինելու հանգամանքը, չարեց այն քայլը, որը պետք է հաստատեր այդ պնդումը եւ ի ցույց դներ դրա իրական առավելությունը։ Նա, թվում է, թե գնաց մինչեւ վերջ, սակայն իրականում ավելի շո՛ւտ մոռացավ իր կին լինելու հանգամանքը, քան մյուսները, եւ պայքարն ավելի ինքնահոս բնույթ ստացավ, քան ուղղորդվող: Նրան մոռացան հենց ընտրությունների ընթացքում, քանի որ ժողովրդի ուշադրությունը բեւեռվեց ուժ կիրառողի եւ փող բաժանողի գործողությունների վրա։ Տիկին Թադեւոսյանն, իհարկե, թաղապետ չդարձավ, ինչպես պնդում էր ու համոզում, սակայն իր դերակատարությունն ունեցավ գործող թաղապետին չեզոքացնելու եւ եւս մի իշխանության հովանավորյալի պաշտոնի բերելու հարցում, եւ չի կարելի ասել, թե սա տեղի ունեցավ անտեղյակության հետեւանքով կամ միամտության մթնոլորտում։ Կին թե տղամարդ, Զոյա Թադեւոսյանը կուսակցական գործիչ է եւ ակտիվ անձնավորություն, ու եթե գործող թաղապետ Շահինյանը շարունակ պնդում էր թաղապետի ընտրությունները չվերածել քաղաքական ակցիայի, ճիշտ հակառակն էր պնդում Զոյա Թադեւոսյանը, ուստի չի կարելի ասել, թե նա չգիտեր, թե ինչ ջուր է մտնում։

Որքան էլ ջերմեռանդ էր սեփական անձը ներկայացնելիս, այնուամենայնիվ, նրան հավատացող շատերից շատերը չվստահեցին նրան։ Սա ակնհայտ էր դեռ ընտրություններից առաջ, երբ ցուցադրվում էին հեռուստատեսային դրվագներ Արաբկիրի թաղամասի բնակիչների հետ հարցումներից, ու հենց կանայք խորհուրդ էին տալիս նրան զբաղվել ընտանեկան գործերով։ Փողոցներն օճառաջրով լվանալու գայթակղիչ հեռանկարը քչերին գրավեց, որն էլ միակ գրավիչն էր տիկին Թադեւոսյանի ողջ ծրագրում, իսկ նման հատկություններով օժտված տիկինն իրականում կարող էր պայքարել ոչ միայն թաղապետի ու քաղաքապետի, այլեւ հանրապետության նախագահի պաշտոնի համար, մանավանդ որ, հանրապետությունն, իրոք, մանրամասն լողանալու կարիք ունի եւ վաղուց։ Եվ այն ուժերն էլ, որ, իբր, սատարում էին տիկին Թադեւոսյանին, կարելի է ասել, մատը մատին չտվեցին: Նրանց դեմքն առանձնապես չերեւաց այդ օրերին։ Մնում է հասկանալ այն ֆարսը, որ ժողովրդին մատուցում են երկուստեք՝ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը։ Երկուսի համար էլ, կարծես թե, կարեւոր չեն ՏԻՄ ընտրությունները, սակայն ամեն ինչ անում են, որ այն սուր բնույթ ընդունի, որ ժողովուրդն ուշադրությունը կենտրոնացնի մի բան վրա, ինչը նրա կյանքում էական դեր չի խաղում։

Փորձենք այս ամենին նայել ժողովրդի աչքով. մի՞թե ժողովուրդն այնքան միամիտ է, որ կուլ տա ցանկացած խայծ, ասենք՝ այնպիսին, ինչպիսին կնոջ խաղաքարտն է, նրա՝ կին լինելու հանգամանքը։ Սա այն խաղաքարտն է, որը մերժվում է ի սկզբանե: Այսինքն՝ այնտեղ, ուր պահանջվում է պրոֆեսիոնալիզմ, կին կամ տղամարդ լինելը երկրորդական է դառնում. նման խաղաքարտը մերժվում է նաեւ այն դեպքում, երբ հավակնողը շեշտում է իր՝ տղամարդ լինելու պարագան (Ռոբերտ Քոչարյանը՝ ձեզ օրինակ)։ Հետեւություն. չի կարելի ասել, թե մեր ժողովուրդը չի ընտելացել կին-պաշտոնյա ունենալու մտքին, եւ դա մի արտառոց բան է մեր ժողովրդի համար: Փառք Աստծո՝ կին-նախարարներ էլ ունենք, կին-պատգամավորներ էլ, եւ բազմաթիվ կին-տնօրեններ ու բաժինների վարիչներ, եւ ընդհանրապես, մենք ուղղակի շրջապատված ենք կանանցով. ոստիկաններն ուղղակի կրակն են ընկել կին-ընդդիմադիրների ձեռքը։ Այնպես որ` մեր կանայք փայլում են թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական ակտիվությամբ, եւ խնդիրը այլ կտրվածքով է երեւում, երբ խորանում ես կանանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի մեջ. ինչո՞ւ է, այնուամենայնիվ, հասարակությունը խրտնում պաշտոնյա շատ կանանցից։ Պատճառն ավելի քան պարզ է եւ ամենեւին էլ քաղաքական կամ հետամնացության հետեւանք չէ։ Այսքանից հետո կարող է պարադոքսալ հնչել, սակայն հասարակությունն ընդունում է կնոջ ակտիվության այն տեսակը, որը պահպանում է հենց կանացի որակները. զսպվածությունը, հոգատարությունը, նվիրվածությունը, անձնազոհությունը, ներողամտությունը եւ այլն, այն, երբ կինը, մտնելով պայքարի մեջ, չի օգտվում տղամարդկային զինանոցից, այլապես ի՞նչ տարբերություն՝ պաշտոնյան կի՞ն է, թե՞ տղամարդ: Հասարակությունն իրավացիորեն նախընտրում է պրոֆեսիոնալիզմը՝ գումարած մարդկային արժանիքը, այն, ինչ մարդն է վաստակել, եւ այն, ինչ տվել է նրան բնությունը, լինի տղամարդ, թե կին։

Կնոջ պայքարի յուրահատկությունն էլ այն է, որ նա ինչ սկսում է, հասցնում է ավարտին: Նա ոչ միայն հստակ պատկերացնում է նպատակը, այլեւ հստակ գիտի այդ նպատակին հասնելու ուղիները, նաեւ այն միակ ուղին, որ հայտնի չէ որեւէ մեկի: Այսինքն՝ բազում ուղիներից նա միշտ ունի սեփականը, այն, որը, պահեստային լինելով, միշտ փայլեցրած վիճակում է։ Դրանով հանդերձ, կինը նաեւ քիմք ունի՝ երբ եւ ինչպես սկսել պայքարը նպատակին հասնելու համար, եւ երբ այն դեռեւս պարզորոշ չէ, նա քայլ չի անի։ Սա այն բնազդն է, որ դրված է կնոջ բնույթի մեջ՝ նրա մայրական որակը պաշտպանելու համար, քանի որ դրանից է կախված նրա զավակների կյանքը. այդ քիմքով է կինը պաշտպանում ու պահպանում զավակներին հազար ու մի խնդիրներից, այն նրբությամբ, ինչին հասու չէ տղամարդը։ Ու երբ կինը, մտնելով պայքարի մեջ, չի արդարացնում այդ մուտքը, մնում է զարմանալ, թե այդ դեպքում ինչո՞ւ է շեշտվում հատկապես կին լինելու հանգամանքը, ինչպես որ վերը հիշված մեր օրինակում, որն առավել քան տարօրինակ է. Զոյա Թադեւոսյանը թաղապետի ընտրությունների համար պայքարում ներս մտավ շրխկոցով, սակայն հեռացավ՝ չվերցրած բանալիները հանգիստ հանձնելով. ո՞ւր մնաց հաղթանակի մասին նրա խոստումը, որը դրժեց հենց սկզբից: Չէ՞ որ, այնուամենայնիվ, նրան ձայն տվողներ եղան եւ ոչ այնքան քիչ, որ արհամարհվեին այդ ձայները, եւ մի՞թե նրա պայքարը մինչեւ թաղապետի աթոռն էր, եւ թաղապետության թեկնածուի գործը՝ օճառափրփուրով լվացք անելու հավաստիացումները: Ի՞նչ եղան նրան սատարող ուժերը, երբ դանակահարում էին երիտասարդ մարդուն եւ ընտրությունների ողջ ընթացքում թաղամասում տիրում էր ահաբեկչության մթնոլորտը։ Սրան հակառակ, բարոյական հաղթանակ տարավ գործող թաղապետը, որին ո՛չ իշխանությունն էր սատարում, ո՛չ ընդդիմությունը, եւ նա միայնակ պայքարողի տպավորություն էր թողնում ու չէր պարծենում իրեն սատարող ուժերով։ Ու թեեւ գործող թաղապետ Շահինյանը քարոզարշավի ընթացքում առանձնապես չէր փայլում խոսքով, ինչպես տիկին Թադեւոսյանը, սակայն ընտրության ընթացքում եւ դրանից հետո գործով ապացուցեց իր նվիրվածությունը այն թաղամասի բնակիչներին, ովքեր իրեն ձայն տվել կամ չէին տվել։ Չարաբաստիկ դիպվածից հետո նա ստիպված էր մի կողմ թողնել իր ընտրվել-չընտրվելու խնդիրը եւ մտահոգվել բնակիչների անվտանգությամբ՝ հնարավորինս կասեցնելով հետագա բախումները, իսկ ընտրություններից հետո, թեեւ պարտված, շարունակեց պաշտոնեական պարտականությունը հասցնել ավարտին, որով էլ հարգեց նախորդ ընտրություններում ստացած ձայները։

Ցավոք, թաղապետի պաշտոնի համար ընտրապայքարի մեջ մտած կնոջ խիզախությունը չպսակվեց ո՛չ բարոյական, ո՛չ իրական հաղթանակով, ինչը խորացրեց հասարակության կասկածը կնոջ նմանատիպ խիզախության նկատմամբ, երբ նա, ռինգ մտնելով, հարվածները թողեց ժողովրդին եւ մարտը լքեց՝ խոստումները մոռացած։ Մնում է միայն ափսոսալ այնպես էլ չլվացված մեր փողոցների տխուր ճակատագրի համար, որ փոշով են թաքցնում անտեղի ու հանիրավի թափված արյան խայտառակ հետքերը։