«Armenia Today»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Այդ հարցազրույցը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ:
– Ի՞նչ սպառնալիքներ է իր մեջ պարունակում շուտով Նյու Յորքում ԱԳ նախարարների մակարդակով կայանալիք եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա) հանդիպումը, որի նպատակն է ԼՂՀ հիմնահարցի կարգավորման ուղիների քննարկումը:
– Այդ սպառնալիքների լրջությունն ընկալելու համար անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել ԼՂՀ հիմնահարցի կարգավորման պատմության վրա:
Երբ մտաբերում ես այդ պատմությունը, գալիս ես այն եզրակացության, որ միջնորդի դերում հանդես գալու Թուրքիայի հավակնությունը դրսեւորվել է կոնֆլիկտի բռնկման առաջին իսկ օրերից: Այդ ուղղությամբ Թուրքիայի տեւական ջանքերը, որոնք մինչեւ կրակի դադարեցման ռեժիմի սահմանումը բերեցին որոշակի արդյունքի` Թուրքիան դարձավ ԵԱՀԿ կողմից ձեւավորված Մինսկի խմբի անդամ, 1994թ. վերջում գումարված ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթաժողովում թեւակոխեցին բախտորոշ փուլ, երբ քննարկման առարկա դարձավ ԼՂՀ կոնֆլիկտի տարածքում միջազգային խաղաղարար ուժերի տեղադրման խնդիրը: Թուրքիան լրջորեն հավակնում էր ամրագրել ձեւավորվելիք խաղաղարար զինուժի կազմում թուրքական զինվորականության մասնակցության սեփական քվոտան: Քանի որ ԼՂՀ-ն Բուդապեշտյան գագաթաժողովում ճանաչվել էր բանակցությունների ինքնուրույն կողմ, հնարավոր դարձավ հակակշռել թուրքական հավակնությունները: Այն ժամանակ ես, որպես հրավիրված մասնագետ աշխատելով ՌԴ Պետդումայի ապարատում Անդրկովկասյան պետությունների հարցերով գլխավոր փորձագետի պաշտոնում, հնարավորություն ունեի մոտիկից հետեւել բանակցությունների ընթացքին եւ բանակցային գործընթացի շուրջ ծավալվող իրադարձություններին: Կարող եմ վկայել, որ ազատագրված տարածքներից ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի դուրս բերման եւ այդ տարածքներում միջազգային խաղաղարար ուժերի տեղադրման հարցը դրված էր այն ժամանակ ամենայն լրջությամբ եւ չէր կարող մեծ մտահոգություն չառաջացնել ԼՂՀ ղեկավարության մոտ: Հենց ԼՂՀ ղեկավարության հստակ եւ կոշտ դիրքորոշումը թույլ տվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին վիճարկել Թուրքիայի հավակնությունները, միանգամայն հիմնավորված մատնանշելով, որ Թուրքիան չի կարող հանդես գալ անկողմնակալ միջնորդի դերում եւ ներկայացված լինել խաղաղարար ուժերի կազմում, քանզի կոնֆլիկտի առաջին իսկ օրվանից որդեգրել է ադրբեջանամետ եւ հակահայկական կեցվածք` փակելով հայ-թուրքական սահմանը եւ Ադրբեջանի հետ հավասար մասնակցելով ՀՀ եւ ԼՂՀ շրջափակմանը: Հաշվի առնելով հարցի նախապատմությունը, սպասվելիք նյույորքյան հանդիպումից առաջ ԼՂՀ ղեկավարության դիրքորոշումը զարմանալի է. այն անորոշ, չպարզաբանված եւ լղոզված է: Բայց ի՞նչն է այսօր փոխվել Թուրքիայի կամ Ադրբեջանի գործելակերպում: Մի՞թե այն հանգամանքը, որ ՀՀ-ում իշխանության ղեկին կանգնած են ղարաբաղյան ծագումով մարդիկ, բավարար հիմք է այս անգամ ձեռնպահ մնալու համար հստակ, պատասխանատու եւ, ինչո՞ւ ոչ, կարծր դիրքորոշումից: Ինչո՞ւ 1994թ. ԼՂՀ ղեկավարությունը սկզբունքային կեցվածք որդեգրեց, եւ դրա շնորհիվ հաջողվեց չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, իսկ այսօր պատկերը միանգամայն այլ է: Այս հարցը հայ հասարակության մեջ ծնում է բազում կասկածներ: Գուցե՞ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա ձեւավորված ԼՂՀ քաղաքական վերնախավի նպատակը ոչ թե ԼՂՀ հիմնահարցի արդար լուծումն էր, այլ Երեւանում իշխանությունը տնօրինելը: Ցավալի է, սակայն այդ կասկածներն այսօր չափազանց տարածված են: Դրանք էլ ավելի են տաքացվում ընդդիմության առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթներով: ՀՀ առաջին նախագահը, չնայած Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության անհրաժեշտության մասին իր համոզմունքին, չնայած ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակի ընդգրկումից առժամանակ հրաժարվելու գնով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ դրանով սահմանների բացմանը նպաստելու իր պատրաստակամությանը, միշտ միանշանակորեն մերժել է ղարաբաղյան կարգավորման գործում Թուրքիայի միջամտությունը: Եթե այսօր Հայաստանը, թեկուզ մասամբ կամ բանակցային գործընթացին օժանդակելու անվան տակ, ընդունի Թուրքիայի միջնորդությունը, ապա վաղը անխուսափելիորեն Թուրքիան հավակնելու է ՌԴ-ին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային հավասար մասնակցության քվոտայի ազատագրված տարածքներում տեղակայման ենթակա խաղաղարար զինուժի կազմում: Արդեն այսօր է Գյուլը հայտարարում, որ այն օրը, երբ «գրավյալ տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին», սարերի հետեւում չէ: Եթե Թուրքիան եւ Ադրբեջանը Մինսկի խմբի ամերիկյան համանախագահող Մեթյու Բրայզայի հետ միասին գտնում են, որ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի դուրսբերումն անվտանգության գոտուց արդեն հասունացած հարց է, ապա ակնհայտ է, որ զուգընթաց պետք է շուտափույթ լուծեն նաեւ մեկ այլ` ազատագրված տարածքներում միջազգային խաղաղարար զինուժի կազմի որոշման հարցը: Պարզից էլ պարզ է, որ Թուրքիան այս անգամ իր ձեռքից բաց չի թողնի առնվազն 25% մասնակցության չափով միջազգային խաղաղարար ուժերի կազմում ընդգրկվելու հնարավորությունը: Այդ մասնակցությունը կարող է նույնիսկ ավելի ծանրակշիռ լինել, եթե ԱՄՆ-ը որոշի իր մասնակցության քվոտան տրամադրել Թուրքիային: Եթե հաշվի առնենք այն, որ այսօր ՌԴ-ն շահագրգռված է ամեն գնով սահմանափակել ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցությունը Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության ապահովման գործերին, ապա հասկանալի է, որ Թուրքիան ԱՄՆ-ի եւ ԵՄ մասնակցության հաշվին առաջիկայում սեփական մասնակցությունն էապես ընդլայնելու հնարավորությունը նկատի ունենալով է ՀՀ-ին առաջարկում միանալ Կովկասում անվտանգության եւ կայունության պլատֆորմին:
– Որքանո՞վ է իրատեսական այդ «պլատֆորմի» ձեւավորման գաղափարը:
– «Պլատֆորմի» իրականացումը կախված է մի շարք պրոբլեմների հաղթահարումից: Այդ պրոբլեմներն այսօր հիմնականում հանգում են Սահակաշվիլիի ռեժիմի վնասազերծման անհրաժեշտությանը` խնդիր, որը կարճ ժամանակում ինքնըստինքյան կլուծվի: Եկեք ինքներս մեզ չխաբենք, դատողություններ անելով թուրքական «պլատֆորմի» իրագործման դժվարության մասին: Թուրքական դիվանագիտությունը շատ խելացի է ինչպես Թուրքիայի ազգային շահերի, այնպես էլ սեփական կրտսեր գործընկերոջ` Ադրբեջանի շահերի պաշտպանության գործում: Երբ համեմատում ենք նրանց համաձայնեցված քայլերը մեր պետական այրերի գործունեության հետ, հնարավոր չէ խեղդել նախանձի զգացումը: Տեսեք, որքան արագ ՌԴ-ի գիրկն ընկնելու ուղղությամբ նպատակամղեց Ադրբեջանին Գյուլը, որքան արագ նրանք միասին ուրացան խորտակվող «եղբայր Սահակաշվիլիին», իսկ Հայաստանի ղեկավարությունն ունակ չէր հասկանալու, որ Սահակաշվիլիի ռեժիմի նկատմամբ սկզբունքային քննադատական դիրքորոշում որդեգրելու հաշվին միայն հնարավոր էր մեղմել հայկական շահերի տեսանկյունից վտանգավոր ռուս- ադրբեջանական մերձեցման հետեւանքները: Սահակաշվիլին ստիպված կլիներ լռելյայն կուլ տալ այդ «դառը հաբը», որովհետեւ ստեղծված իրավիճակում հայերին հակադրվելն իր համար հղի էր մահացու հետեւանքներով: Մյուս կողմից դրանով մենք ռուսներին առիթ չէինք տա այսօր արդարացնել հայկական շահերի զոհաբերության հաշվին Թուրքիային եւ Ադրբեջանին սիրաշահելու քաղաքականությունը: Ո՞վ չգիտի, որ ջավախահայությունը բոլորից, այդ թվում՝ վրացիներից, շատ ձայներ տվեց Սահակաշվիլիին ոչ թե Ջավախքում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման կամ հայերի հոգեւոր պահանջմունքների բավարարման հարցերում նրա նախանձախնդրության համար, այլ՝ որովհետեւ ՀՀ ղեկավարությունը «հայտնի մեթոդներով» ճնշում գործադրեց ինչպես վիրահայության, այնպես էլ ջավախահայության վրա: Թե չէ բոլորին է հայտնի, ինչ ողբերգական պայմաններում են գոյատեւում մեր հայրենակիցները Ջավախքում: Ես քանիցս այդ մասին արտահայտվել եմ. Վրաստանի բոլոր քաղաքական ղեկավարները մինչեւ աշխարհի վերջը պարտական են հայ ժողովրդին, քանզի ջավախահայությունն անհամեմատելի ավելի լուրջ պատճառներ ուներ անկախական շարժում սկսելու համար, քան նույն աբխազներն՝ Աբխազիայում կամ օսերը՝ Հարավային Օսիայում: Դա հասկանալու համար հերիք է մատնանշել այն անհերքելի փաստը, որ եւ՛ Աբխազիայում, եւ՛ Հարավային Օսիայում սոցիալ-տնտեսական պայմանները Թբիլիսիի տիրապետության տարիներին անհամեմատ ավելի տանելի էին, քան Ջավախքում: Ես օրերս Ջավախքում էի: Այնտեղ կյանքի պայմանները սարսափելի ծանր են: Չնայած դրան, հայերը Վրաստանի անկախության տարիներին միշտ ցուցաբերել են ինքնազոհություն` վրացական իշխանությունների առջեւ ծառացած պրոբլեմները սեփական, թեկուզեւ օրինական պահանջներով չբարդացնելու պատրաստակամություն: Սակայն այս անգամ մենք իրավունք չունեինք հաշվի չառնել այն նոր խաղը, որը սկսել էին Թուրքիան եւ Ադրբեջանը, հաշվի չառնել, որ այն նույն Ադրբեջանը, որին Սահակաշվիլին օգոստոսի 8-ի իրադարձություններից ընդամենն օրեր առաջ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցապատման հանդիսավոր բացման առիթով հռչակեց Վրաստանի ազգային անվտանգության գլխավոր երաշխավոր, ահա այդ նույն Ադրբեջանը ի դեմս նախագահ Իլհամ Ալիեւի՝ մահակներով դաժանորեն ցրեց Բաքվում ապրող վրացիների ցույցը, որը նրանք փորձում էին կազմակերպել Ադրբեջանում ՌԴ դեսպանատան առջեւ: Բա ինչո՞ւ Սահակաշվիլին ի պատասխան ծպտուն չհանեց: Այո, ըմբռնումով մոտեցավ Ադրբեջանի մարտավարությանը. Բաքուն հայերի նկատմամբ դիվանագիտական առավելության հասնելու նպատակով արագ հարմարվեց փոփոխված իրավիճակին: Ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է վաղուց ցուցաբերեր հստակ դիրքորոշում Վրաստանին Հյուսիսատլանտյան Դաշինքում ընդգրկելու հեռանկարի կապակցությամբ: Երկրի ղեկավարությունը իրավունք չունի անտեսել այն իրողությունը, որ մեր տարածաշրջանում բաժանարար գծերի գոյացումը, Հյուսիսատլանտյան դաշինքի եւ ՀԱՊԿ-ի միջեւ ռազմաքաղաքական մրցակցության սանձազերծումը առաջին հերթին հարվածելու է հենց Հայաստանին: Չէ՞ որ այդ դեպքում բաժանարար գիծը կանցնի ոչ միայն Վրաստանի եւ Հայաստանի, այլ հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ: Տարածաշրջանի համար իր հետեւանքներով դա հավասարազոր է նոր Բեռլինյան պատի կառուցմանը: Գերմանացիները մինչեւ հիմա հիշում են, թե ինչպես էին ձեռքերով քանդում այդ պատը, եւ պետք է հասկանան, որ այդ դեպքում նույնը կանեն հայերը. վերամիավորման ձգտումը բնորոշ է բոլոր ազգերին:
– Ասում են, եթե Վրաստանն անդամակցի Հյուսիսատլանտյան Դաշինքին, Հայաստանը ստիպված է լինելու նույնպես կցվել այդ դաշինքին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ կարգի խոսակցություններին:
– Այդ մասին կարելի էր լուրջ խոսել մինչեւ օգոստոսի 8-ը: Օգոստոսի 8-ից հետո խաղի կանոններն էապես փոխվեցին, որովհետեւ ՌԴ-ն, ի վերջո, ընդունեց, որ իրեն պարտադրված եւ երկակի չափանիշների օգտագործման վրա հիմնվող խաղի կանոններին հետեւելն անխուսափելի է, ուստի անհրաժեշտ է գործել այնպես, ինչպես ԱՄՆ-ը` կիրառելով երկակի չափանիշներ եւ ապավինելով ուժային մեթոդներին: Հետխորհրդային տարածքում ինքնահռչակ բոլոր պետությունների անկախության ճանաչման հարցում Կոսովոյի նախադեպի կիրառման օրինականությունն ամիսներ շարունակ ապարդյուն պնդելուց հետո ՌԴ-ն որոշեց խաղալ ԱՄՆ-ի «կանոններով»` ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, բայց ԼՂՀ եւ Մերձդնեստրի Հանրապետության անկախության իրավունքը մերժեց: Ի՞նչ շահեց Հայաստանը, ձեւացնելով թե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում հետխորհրդային տարածքի բոլոր նմանատիպ չճանաչված պետական կազմավորումների ճանաչման օրինականության մասին ՌԴ ամիսներ շարունակվող հորդորները հայերին չեն վերաբերում: «Շահեց» այն, որ այսօր ՌԴ-ն, ճանաչելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, ԱՄՆ-ի հետ միասին լսել չի ցանկանում ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին: Այդպես եղավ, քանզի միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի լիիրավ անդամ հանդիսացող երկիրը փաստորեն չուներ քաղաքականություն: Եթե դու չես մասնակցում մեծ աշխարհաքաղաքական խաղի մասը կազմող տարածաշրջանային խաղին, ապա դատապարտված ես ի վերջո ձեռնունայն մնալուն: Քաղաքականությունն այդ առումով են համեմատում խաղի հետ. այստեղ էլ դու կարող ես խաղալ կամ հայտարարել «փաս», սակայն, եթե դու անընդհատ «փաս» ես հայտարարում, կոնը վերջանալուց հետո մնում ես ձեռնունայն: Ոչ ոք չգիտի` ի՞նչ արագությամբ է սպառվելու կոնը, սակայն հաստատ է, որ անընդհատ «փաս» հայտարարելով` վաղ թե ուշ կպարտվես: Մեր դեպքում բոլորը սեփական խաղն ունեն` Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, իսկ ՀՀ ղեկավարները պարզապես հրաժարվեցին մասնակցել խաղին: Գիտակցելով թե անգիտակցաբար՝ նրանք հանցագործություն են կատարում հայ ժողովրդի ապագա սերունդների հանդեպ. պատմությունը նրանց դրա համար կդատապարտի: Այսօր ՀՀ ղեկավարները սեթեւեթում են` «մենք ապահովում ենք երկրի կենսագործունեության ուղիների անվտանգությունը, սակայն իրականում այդ մարդիկ այսրոպեական խնդիրները լուծում են ապագայի հաշվին:
– Դուք առաջարկում եք ՀՀ ղեկավարությանը տարածաշրջանում ձեռնարկել ավելի ակտիվ քայլե՞ր:
– Եթե ՌԴ-ն ի պաշտպանություն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի չձեռնարկեր այն քայլերը, որոնք արեց, ապա շատ շուտով կենթարկվեր կատարյալ ֆիասկոյի: Այդ քայլերով ՌԴ-ն սկիզբ դրեց սեփական ռենոմեի` որպես դաշնակիցներ ունենալու արժանի երկրի, վերականգնման համար: Եթե ՌԴ-ն չընդուներ իրեն նետված մարտահրավերը, կկորցներ կովկասյան ժողովուրդների հարգանքը եւ, որպես դրա հետեւանք, կկորցներ նաեւ սեփական Հյուսիսային Կովկասը:
ՌԴ-ի կողմից Հյուսիսային Կովկասի կորուստը եւ այստեղ բաժանարար գծերի գոյացումը չափազանց լուրջ հետեւանքներ կունենար Կովկասյան տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, առաջին հերթին՝ հայերի անվտանգության համար: Իսկ ՀՀ ղեկավարությունն այս ընթացքում համառորեն շարունակում էր լռել. սա ոչ միայն «կոմպլեմենտար», այլ ընդհանրապես քաղաքականության լիակատար բացակայության դրսեւորում էր: Այո, եթե դու մեծ խաղին չես մասնակցում, չունես դիրքորոշում, ուրեմն դու արժանի չես նաեւ ունենալ դաշնակիցներ եւ պետք է ծնկի իջնես Թուրքիայի առջեւ, իսկ ՌԴ-ն քեզ վերաբերող հարցերը հերթական անգամ կլուծի Թուրքիայի հետ:
– Ի՞նչ պետք է անի Հայաստանը ԼՂՀ անկախության ճանաչման նպատակով:
– Նյու Յորքում կայանալիք եռակողմ բանակցությունների հետ Ադրբեջանը եւ Թուրքիան հասկանալի հույսեր են կապում: Չէ՞ որ Հայաստանը, որն այսօր գործնականում հանդես է գալիս նաեւ ԼՂՀ անունից, այդ բանակցություններով սկիզբ է դնում Թուրքիայի նոր միջնորդական դերի լեգիտիմացման գործընթացին, ինչը, անշուշտ, հղի է լուրջ բացասական հետեւանքներով Արցախի ճակատագրի համար: Իհարկե, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը Թուրքիային վերապահում է ոչ թե միջնորդի, այլ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսության աջակցի դերակատարությունը: Սակայն այդ հայտարարությունն այն գնահատականների շարքից է, որոնք ավելի շատ կոչված են քողարկել իրականությունը: Իսկ իրականությունը պարզ է. Թուրքիան սեփական «աջակցությունը» դիտում է որպես ԼՂՀ հիմնահարցի կարգավորման շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական կարգավիճակին հավասար կարգավիճակի ձեռքբերման ուղղությամբ կատարված առաջին եւ կարեւորագույն քայլ: Թուրքիայի համար գլխավորը Սերժ Սարգսյանի սեթեւեթանքները չեն, այլ այն, որ Անկարայի անմիջական ներգրավումը ԼՂՀ հիմնահարցի կարգավորման մեջ ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր 3 համանախագահները: Դա նշանակում է, որ համանախագահները միահամուռ են միջնորդի դերում հանդես գալու Թուրքիայի հավակնություններին կանաչ լույս տալու հարցում: ՀՀ դիվանագիտության սեթեւեթանքները Թուրքիայի դերը «երկխոսության աջակցությամբ» սահմանափակելու մասին շատ էլ օգտակար են: Չէ՞ որ, երբ ցանկանում ես կնոջը թակարդը գցել, պետք է միասին մի բաժակ սուրճ խմելու առիթ ստեղծես, որից հետո ամեն ինչ կստացվի ինքնըստինքյան:
– Ինչո՞ւ են ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն այդքան շահագրգռված ԼՂ հիմնահարցի կարգավորման մեջ ներքաշել Թուրքիային:
– Նախ՝ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն չեն այդ հարցում ակտիվացրել Թուրքիային: Հայտնի է, որ Գյուլն ամերիկացիների կամ եվրոպացիների հետ չի համաձայնեցրել Կովկասում անվտանգության եւ կայունության պլատֆորմի ընդունման իր առաջարկությունը: Բայց ես չեմ հավատում, որ նա այդ նախաձեռնությունը չի համաձայնեցրել ՌԴ-ի հետ: Այո, Արեւմուտքը ողջունում է այդ նախաձեռնությունը, որովհետեւ հասկանում է. դա այն գինն է, որը պետք է վճարի Հարավկովկասյան տարածաշրջանից էներգակիրների անվտանգ ու անխափան տեղափոխման դիմաց: Այսօր ՌԴ-ն գտնում է, որ ինքն է տարածաշրջանի անվտանգության երաշխավորը, իսկ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն, չնայած բուռն հակաճառում են ՌԴ-ին, իրականում նոր իրողությունների հետ մտովի հաշտվել են: Այդ նոր իրողությունների համատեքստում Արեւմուտքի համար նախընտրելի է, որ ՌԴ-ն Կովկասի անվտանգության երաշխավորի դերում մենակ չլինի, այլ հանդես գա Թուրքիայի հետ միասին: Հենց Թուրքիային է այդ դեպքում վերապահվելու տարածաշրջանում արեւմտյան շահերը պաշտպանելու առաքելությունը: Չէ՞ որ Արեւմուտքը Թուրքիային արդյունավետ վերահսկելու համար ունի բավական լծակներ` ոչ միայն Հյուսիսատլանտյան Դաշինքը, այլ նաեւ ԵՄ-ն, որին Անկարան ջանում է շուտափույթ անդամակցել: Թուրքիան կերաշխավորի Արեւմուտքի շահերն էներգակիրների անխափան մատակարարման գործում, իսկ Ռուսաստանը կերաշխավորի տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը: Ստեղծված պայմաններում տարածաշրջանում ՌԴ-ի աճող դերն արդյունավետ խաղարկելու միջոցով մենք կարող էինք հասնել ղարաբաղյան հիմնահարցի հայանպաստ լուծմանը եւ տարածաշրջանում ՀՀ դիրքերի ամրապնդմանը: Ավաղ, ՀՀ-ն հրաժարվեց խաղից եւ իր պատմության մեջ հերթական անգամ մնաց «անշերեփ»: