Ավելի ընդգրկուն հայեցակարգ

28/09/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գիտություների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արթուր Իշխանյանի կողմից առաջարկած հայաստանցի ու սփյուռքահայ ուսանողների` արտասահմանում բարձրակարգ կրթություն ստանալու նախագծի վերաբերյալ այս տարվա հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի արդյունքում որոշվել են ծրագրի իրականացման հիմնական սկզբունքները: Հայեցակարգը կազմվել եւ քննարկվել է բոլոր գերատեսչություններում, ու այժմ ներկայացվել է կառավարություն` հաստատման: Հայեցակարգը ներկայացված է նաեւ ԿԳ նախարարության կայքէջում:

Հիշեցնենք, որ այս նախագծի առաջին հայեցակարգը քննարկվել է դեռեւս 2007-ին: Սակայն այն վերաբերում էր միայն հայաստանցի եւ սփյուռքահայ ուսանողների` արտասահմանյան առաջատար գիտաուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար կրթաթոշակներ տրամադրելուն: Ներկայիս հայեցակարգում այս` կրթաթոշակային մասը պահպանված է անփոփոխ, սակայն մի շարք այլ կարեւոր բաղադիրչներ էլ են ավելացել: Նոր հայեցակարգն ավելի լայն եւ ընդգրկուն է: Արթուր Իշխանյանը, ով բացի այս ծրագրի հեղինակը լինելուց՝ հանդիսանում է նաեւ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի անդամ, նշում է, որ նախագիծը կոչված է արտասահմանյան առաջնակարգ բուհերում սովորելու համար հայաստանցի եւ սփյուռքահայ ուսանողներին աջակցելուն:

«Խոսքը բացառապես բարձրակարգ համալսարանների մասին է: Այս ծրագրի նպատակն է՝ ունենալ այս բուհերն ավարտած ուսանողների մեծ բազմություն: Էական է, որ կօժանդակվեն թե՛ ՀՀ քաղաքացի, թե՛ սփյուռքահայ ուսանողները: Ծրագիրը շատ լայն է ու վերաբերում է եռաստիճան կրթական համակարգի բոլոր երեք մակարդակներին: Այն նաեւ ներառում է ավագ դպրոցի հետ աշխատանքը, որպեսզի մեր երեխաները նախապատրաստվեն այդպիսի բուհեր ընդունվելուն»,- ասում է Ա. Իշխանյանն` ավելացնելով, որ այս հայեցակարգը ներառում է նաեւ հետկրթական ժամանակահատվածը: «Ծրագրի կենտրոնում գտնվում է ուսանողական կրթաթոշակային բաղադրիչը, որը վերաբերում է բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա ժամանակահատվածին: Կարեւոր է նաեւ ավագ դպրոցում առավել օժտված երեխաների հայտնաբերումն ու հավաքագրումը, ապա բարձրակարգ բուհեր նրանց ընդունվելուն աջակցելը: Այդ երեխաների կողմից այդ բուհերում պահանջվող քննությունների հանձնումը քանի որ ծախսատար է, այս ծրագիրը հանձն է առնում վճարել այդ քննությունների համար պահանջվող ծախսերը»,- նշում է նա:

Ա. Իշխանյանի խոսքերով՝ նոր` ավելի ընդգրկուն հայեցակարգն իր մեջ ներառում է կրթաթոշակները, ինչպես նաեւ` նախ՝ ավագ դպրոցի խնդիրը, ապա` հետկրթական ժամանակաշրջանը: «Այսինքն, մենք այստեղ ունենք լուրջ խնդիրներ: Ավագ դպրոցում սկզբունքն այն է, որ պիտի լինեն հենակետային դպրոցներ մարզերում, եւ աշխատանքը պիտի ընթանա երեխաների հետ հենց դրանց միջոցով: Հետկրթականը երեք ենթաբաղադրիչներ է ենթադրում: Առաջինը` շրջանավարտների որոշ մասի Հանրապետություն վերադարձն է: Մյուսը` գիտության երիտասարդ առաջնորդների եւ երիտասարդ գիտական խմբերի ձեւավորման հարցը: Երրորդը` այն մարդկանց համար, ովքեր կմնան դրսում, օրինակ, սփյուռքահայերը, պետք է փորձել ստեղծել պայմաններ լավագույն մասնագիտական աճի համար»,- ասում է նա: Արտասահմանյան բարձրակարգ բուհերի այն շրջանավարտները, որոնք կվերադառնան Հայաստան, լայն գործունեություն կարող են ծավալել: Նրանցից շատերը կլինեն գիտության ասպարեզում` համապատասխան դրամաշնորհների միջոցով: Ա. Իշխանյանի խոսքով` դա հիմնականում կկազմակերպվի Գիտության պետական կոմիտեի ու Գիտությունների ազգային ակադեմիայի եւ մեր բուհերի ուժերով: Իսկ նրանց համար, ովքեր կցանկանան ոչ գիտական գործունեություն ծավալել, կգործի հետեւյալ մեխանիզմը` կիրականացվի երկու մրցույթ, առաջինը՝ աշխատատեղերի, եւ երկրորդը` ուսանող-շրջանավարտների շրջանում` այդ թափուր տեղերը լրացնելու համար:

«Այս նոր հայեցակարգում, ի տարբերություն նախորդի, եւս մեկ բաղադրիչ կա: Այն է` մենք ցանկանում ենք այս կրթաթոշակային ծրագրին մասնակցող երեխաներին ակտիվորեն ներգրավել մեր Հանրապետության եւ սփյուռքի կյանքում` ուսումնառության ողջ ընթացքում եւ հետկրթական ժամանակահատվածում: Սա արվում է հայեցի մտածելակերպի ամրապնդման ու հայրենիքի հետ կապերի ամրապնդման համար: Այդ պատճառով մեկ պարտադրական կետ կա` մենք կրթաթոշակները տալու ենք հետեւյալ կերպ` առաջին տարին այն կտրվի առանց նախապայմանի: Սակայն երկրորդ եւ հաջորդ տարիների համար պահանջելու ենք, որպեսզի ուսանողներն այցելեն Հայաստան, տարեկան մեկ-երկու անգամ` 20-30 օրով: Այդ այցերի ընթացքում նրանք պիտի դասական ամառային դպրոցների սխեմայով մասնակցեն դասընթացների, որոնցից երեքը կլինեն քննական` հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն եւ հայ մշակույթի պատմություն: Ամեն տարի այս առարկաներից ստացած նիշերի աճը դիտվում է որպես նախապայման` կրթաթոշակի շարունակման համար»,- բացատրում է Արթուր Իշխանյանը` նշելով, որ ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար հետաքրքրվողները կարող են դիմել հետեւյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]: