«Թող Աստված թատրոնը հեռու պահի ավանտյուրիստներից»

28/09/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Արմեն Ջիգարխանյանն իր ղեկավարած թատրոնի հետ Հայաստանում է գտնվում: Ռուս դերասանները երեք ներկայացում են բերել, որոնք անցնում են «Ռուսական սեզոնների» շրջանակներում: Իսկ բազմաթիվ մրցանակների ու կոչումների արժանացած Արմեն Ջիգարխանյանը Հայաստան է հրավիրել նաեւ իր ընկերներին` դերասան Ալեքսանդր Կալյագինին ու ռուս լրագրողուհի Ելենա Յամպոլսկայային, որոնց հետաքրքիր են ոչ միայն թատրոնի հյուրախաղերը, այլ` ընդհանրապես մեր տարածաշրջանի զարկերակը:

Հանդիպելով լրագրողների հետ (ընդ որում` երկար սպասելով Մշակույթի նախարարության նախասրահում, քանի որ նախարարը մեկ այլ ասուլիս էր նշանակել)՝ Ա.Ջիգարխանյանը նշեց, որ ասուլիսներ չի սիրում, քանի որ ասուլիսները սովորաբար մինչ ներկայացումների ցուցադրումներն են կազմակերպվում, եւ հանդիսատեսը դեռ հասցրած չի լինում դիտել դրանք: Նրա ղեկավարած թատրոնի ռեժիսորն ասաց, որ միշտ էլ հաճելի է աշխատել ոչ թե լիլիպուտների, այլ` Գուլիվերի հետ. «Իսկ Արմեն Ջիգարխանյանն անկասկած Գուլիվեր է, ով բարձրացնում է ռեժիսորների ու դերասանների ներքին «նշաձողը»:

Սակայն հայաստանցիներին ոչ այնքան կոնկրետ ներկայացումներն էին հետաքրքրում, այլ` հենց Ա.Ջիգարխանյանի պատկերացումները թատրոնի, առավելեւս` հայ թատրոնի մասին:

– Չեմ ուզում շատ խելոք բաներ ասել թատրոնի մասին: Կարող եմ ասել, թե ինչու ենք Հայաստան եկել: Եկել ենք, որովհետեւ Հայաստանն իմ հայրենիքն է: Բայց մի կողմ դնելով էմոցիոնալ վիճակը, կասեմ, որ ամեն երեկո ժամը 7-ին, երբ բարձրանում է թատրոնի վարագույրը, սկսվում է այն կարեւորը, որի համար էլ մենք բոլորս ապրում ենք:

Լավ արվեստը միշտ հզոր ներգործություն է ունենում մարդկանց վրա: Ես ինքս շատ փորձառու, նույնիսկ` ցինիկ մարդ եմ դառնում, երբ խոսում եմ թատրոնի մասին, բայց Երեւանում ես իրապես հուզվում էի: Երեւի իսկապես գոյություն ունի այն բանը, որը գիտնականներն անվանում են գենետիկ հիշողություն, այստեղ` Երեւանում, ինչ-որ բաներ իրար են հանգուցվում: Երբ պարզ դարձավ, որ Երեւան ենք գալու, մեր թատրոնի դերասաններն ինձ հարցրեցին` իսկ Երեւանում մարդիկ ռուսերեն հասկանո՞ւմ են: Ես փորձեցի նրանց բացատրել, որ հենց դա բնավ էլ կարեւոր չէ, եւ եթե մենք չկարողանանք սողոսկել հայ հանդիսատեսի պրոբլեմների ու թուլությունների մեջ, որ լեզվով էլ խոսենք, ոչնչի չենք հասնի: Եվ ես անսահման երջանկություն զգացի, երբ տեսա, որ մեր թատրոնի դերասանները շատ էին հուզվում, նրանք բեմից կերպարանափոխված էին դուրս գալիս, եւ ես նույնիսկ վախենում էի նրանց հետ խոսել, վախենում էի, ասենք, հարցնել` ձեզ խաղողը դո՞ւր եկավ, կամ էլ դե՞ղձը:

Ես հակված եմ պրիմիտիվ խոսել, քանի որ թատրոնն ինձ համար ծննդաբերություն է, այսինքն` ամենահզոր բանը, որը տեղի է ունենում աշխարհիս երեսին: Բեղմնավորումը, պտղի հասունացումն ու երեխայի ծնունդը հենց այն է, ինչը ես թատրոն եմ կոչում: Իսկ մնացածը սարքած բաներ են: Թատրոնը բնությանն ամենամոտ կանգնած երեւույթն է: Լինում է, չէ՞, որ մարդիկ խելացի զրույցներ են վարում ու դժվարությամբ են իրար հասկանում: Եվ Աստված թող թույլ չտա, որ նման զրույցները մուտք գործեն թատրոն: Եթե դա տեղի ունենա, բազմաթիվ ճարպիկ մարդիկ վրա կհասնեն ու կսկսեն մեզ խճճել: Տարբեր տեսակի ավանտյուրիստները հո չե՞ն կարող ծննդաբերությանը մասնակցել, քանի որ միայն կխանգարեն պրոցեսին: Իսկ այսօր թատրոնը լի է ավանտյուրիստներով, եւ տպավորություն է ստեղծվում, որ թատրոնը շատ հեշտ բան է: Մի անեկդոտ կա. Ստալինի բարեկամը գալիս է ու ասում է` ինձ մի հեշտ գործ տո՛ւր: Ստալինն ասում է` գնա, ընտրիր: Մարդը գնում է, մտածում, հետո գալիս է, թե` ես որոշեցի չափ տվող դառնալ, ես չափ կտամ, իսկ նվագախումբը կնվագի: Այո, դա հեշտ գործ է: Իսկ գիտեք, որ երբ դերասան Սուրեն Քոչարյանը գնացել էր Լոռի ու այնտեղ կարդում էր Թումանյանի պատմվածքները, լոռեցիներն ասացին` է՜, նրան ո՞վ է բերել, նա դերասան չի, նա մեզ պես է խոսում: Ուզում եմ ասել, որ հենց դա է դժվարը, իսկ ամենահեշտը մեյմունություն անելն է:

Դասականի ու ժամանակակիցի մասին

– Ժամանակակից ասելը չի նշանակում, որ գործողությունը միայն մեր օրեր է հարկավոր տեղափոխել: Ժամանակակիցը ինձ համար ծանոթ կրքերն են: Բոլորիս մեջ էլ կա «Լինե՞լ, թե՞ չլինել» հարցը, եթե դրա մասին ինձ բեմից ասվում է, ապա ոչ մի նշանակություն չունի` այդ ասողը տրիկո՞ է հագել, թե՞ «տրուսիկ»: Ինչ ունես` հագիր, դա մանրուք է:

Ի՞նչ է իրականությունը: Իրականությունը մի բան է, որը քողարկված է: Հենրիկ Իբսենն, օրինակ, ասել է, որ երբ սյուժե ես գրում, պետք է ամեն ինչը մանրամասն գրես, իսկ հետո այդ ամենը «փակես», որպեսզի գաղտնիք հայտնվի: Կարեւորն այդ գաղտնիքն է, որն ըստ Չեխովի` փակ է այնքան ժամանակ, մինչեւ Աստված չկամենա այն բացել մեզ համար:

Բոլոր դերերն էլ ցավից, դարդից են ծնունդ առնում: Բայց ես իրավունք չունեմ իմ ցավի մասին պատմել ձեզ: Ցավը թափառում է իմ օրգանիզմի մեջ, եւ ինչ-որ ճանապարհներով կամ արվեստ է դառնում, կամ էլ միջիցս դուրս է գալիս` այդպես էլ արձագանք չգտնելով:

Արվեստի ազդեցությունը շատ արագ չի նկատվում, այն ավելի շուտ երակային ներարկման է նման: Արվեստը այն դեղահաբը չէ, որը խմելով` զգում ես, որ գլխացավդ անցել է: Դա ավելի երկար պրոցես է:

Հայ թատրոնի ու հայ հանդիսատեսի մասին

– Պետք է հիշել, որ Հայաստանը դեռ շատ երիտասարդ է: Իսկ թատրոնն ընդհանրապես բավականին կամակոր օրգանիզմ է, եւ իմ պատկերացմամբ՝ լավ թատրոնը բնության օրենքներով աշխատող թատրոնն է: Թատրոնի ներսում ուժեղագույնի իրավունքը, բնական ընտրությունն ու էլի բնության շատ օրենքներ են գործում: Եվ դա հույս է տալիս, որ եթե թատրոնի ղեկին կանգնած է մի մարդ, ով գիտե` ուր է գնում, ապա թատրոնը կապրի: Վերջիվերջո, թատրոնում միայն 2 կարեւոր տարր կա` դերասաններն ու հանդիսատեսը, իսկ մնացածը միայն կցորդ է, որը հենց այդ երկուսի համար է աշխատում:

Մեր թատրոնում, օրինակ, մի ադմինիստրատոր կար, որն ասում էր` իսկ եթե դերասանն ինձանից դեղ է ուզում, ես պե՞տք է դեղատուն գնամ, թե՞ ոչ: Ես ասացի` եթե դերասանը հիմա, ներկայացումից 15 րոպե առաջ քո գլխին նույնիսկ եռացրած ջուր է լցնում, դու պիտի դիմանաս, որովհետեւ մենք բոլորս հավաքվել ենք միայն մի բանի համար, որ այդ դերասանը բեմ դուրս գա: Ուրիշ տարբերակ չկա, թե չէ կստացվի, որ թատրոնն անիմաստ է: Մի առիթով Գեորգի Տովստոնոգովը շատ սրամիտ բան ասաց: Ասաց. «Պատկերացրու, որ բոլոր դերասանները մի ինքնաթիռ են նստել, իսկ թատրոնը սնող ղեկավարները` մեկ այլ ինքնաթիռ: Եթե ուշանա առաջին ինքնաթիռը՝ ներկայացումը տեղի կունենա՞: Իհարկե: Իսկ եթե ուշանա երկրո՞րդը: Ոչ»: Ուզում եմ ասել, որ բոլոր ղեկավարները, տնօրենները իրականում ոչինչ չեն որոշում: Եվ դա ամբիցիաների հարց չէ, այլ` իրականություն է:

Լսել եմ, որ Հայաստանում կարծիք կա, որ թատրոններին գեղարվեստական ղեկավարներ պետք չեն: Գուցե, իրոք պետք չեն: Թատրոնը կոլեկտիվ գործունեություն է, որտեղ կայսերական ամբիցիաները («Ես ասացի ու այդպես էլ պիտի լինի») անարդյունք են: Մենք այդ մասին երեկ զրուցում էինք Ալեքսանդր Կալյագինի հետ, փորձում էինք հասկանալ` ինչպիսին է թատրոնում լիդերը: Եթե կան իրական լիդերներ, որոնք առաջնորդում են «հոտը», ապա նրանց հետեւից մարդիկ կգնան: Եվ այդ լիդերներից անպայման «երեխաներ», այսինքն` լավ ներկայացումներ կծնվեն: Եվ բոլորովին էլ նշանակություն չունի, թե այդ «երեխան» ինչպես է ծնվել: Այն ծնվել է, եւ վերջ: Իսկ եթե այդ լիդերը նշանակված, նույնիսկ պարտադրված ու թատրոնի «վզին փաթաթված» է, դա վատ է: Շատ քիչ մարդ կա, ով սկսելով ճանապարհը, գիտակցում է, թե այն ի վերջո ուր է բերելու իրեն: Իսկ լավ թատրոնը հաշվարկում է, թե իր ճանապարհն ինչով է ավարտվելու: Եվ ուղղակի ցնցված եմ հայ երիտասարդ հանդիսատեսի ընդունելությունից: Բեմի ետեւում կանգնած ես զգում էի, թե ինչպիսի քար լռություն էր կախվում դահլիճում: Իսկ լռությունն ամենաարտահայտիչ բանն է թատրոնում, քանի որ նշանակում է, որ երկու կողմերն էլ իրենց սեփական պրոբլեմներն են լուծում:

Իսկ «ազատ բեմի» գաղափարը շատ վտանգավոր գաղափար եմ համարում, քանի որ հասկանալի չէ, թե ինչի՞ց ես ազատ: Դա նման է այն անեկդոտին, երբ հարցնում էին` ո՞րն է ամենաանկախ երկիրը, եւ պատասխանում էին. «Մոնղոլիան, քանի որ նրանից ոչինչ կախված չէ»: Նույնն էլ թատրոնում է: Չի կարելի թույլ տալ, որ մի սենյակում քրիստոնյան ու մուսուլմանը հայտնվեն: Նրանցից միայն մեկը կարող է գլխավոր լինել: Իսկ ասել, որ առավոտը մեկն է ներկայացում խաղում, իսկ երեկոյան` մյուսը, չի կարելի: Թատրոնը նման համատեղության վայր չէ: Հիշում եք, ժամանակին կային լոգարանն ու զուգարանը համատեղող սենյակներ, որոնք կոչվում էին՝ «գագ վաննա»: Ես համոզված եմ, որ թատրոնը «գավաննա» լինել չի կարող:

Հայ դերասանական խումբ ունենալու մասին

– Դա անհնար եմ համարում, քանի որ դերասաններին սովորեցնելու համար պարտավոր եմ ապրել նրանց հետ, «հոտոտել» նրանց: Նրանք էլ ինձ պետք է «հոտոտեն»: Ես 13 տարի ապրում եմ իմ թատրոնում, բայց դեռ շատերին լավ չեմ ճանաչում: Բոլորս էլ գիտենք, որ կարեւորն այն արդյունքն է, որը կարելի է ստանալ դերասանից: Իսկ դերասանի մեջ անընդհատ քիմիական պրոցեսներ են կատարվում, որը դադարեցնել չի կարելի: Երբ դաս էի տալիս, միշտ մեծ ուշադրությամբ հետեւում էի, թե ինչպես են իմ ուսանողները հանրության առջեւ իրենց զգացմունքներն արտահայտում, ինչպես են, օրինակ, համբուրվում բեմում: Ես գիտեի, որ նրանք վաղուց են կյանքում համբուրվում, բայց բեմում այդ համբույրը տեսնելը ցնցող մտքերի սկիզբ է դնում: Ստեղծագործելը շատ հետաքրքիր պրոցես է, եւ այն չի կարելի ընդհատել: Պետք է նայել, թե ինչպես են դերասանները փորձեր անում, ինչպես են բեմ դուրս գալիս: Իսկ Երեւանում դա անել ես չեմ կարող: