ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը» նախատեսում է հոկտեմբերից Երեւանի 10 դպրոցներում դասընթացներ անցկացնել՝ աշակերտներին աշխատաշուկայի պահանջներին, խնդիրներին ծանոթացնելու նպատակով: Կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանի հավաստմամբ` դասընթացների ժամաքանակները նախապես պետք է համաձայնեցվեն ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ: Դրանք կանցկացվեն մի քանի ուղղություններով. աշխատաշուկայի պահանջներին ծանոթացնելուց բացի, փորձ կարվի բարձրացնել աշակերտների իրազեկվածության մակարդակը: «Մեծ ծավալի աշխատանքներ են նախատեսվում, նախ պետք է աշակերտներին օգնենք, որպեսզի մասնագիտությունը զբաղմունքից տարբերեն կամ իմանան, թե ինչ է իրենից ներկայացնում իրենց ընտրած մասնագիտությունը»,- «Արմենպրեսին» ասել է Հ. Գեւորգյանը: Նրա խոսքով` այսօր հաճախ ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնցով բուհն ավարտելուց հետո դժվար է լինում աշխատաշուկա մտնել: «Սակայն ձեռք բերելով այնպիսի մասնագիտություններ, որոնք պահանջարկ ունեն, կարելի է հեշտությամբ աշխատանք գտնել, իսկ հետո ցանկության դեպքում զարգացնել մասնագիտական ունակությունները»,- հավելել է Հ. Գեւորգյանը: