ՀՀ պետբյուջեի միջոցներով Շիրակում իրականացվում են Մանթաշ-Արեւշատ-Սպանդարյան 4960 մետր եւ Գետափ-Անուշավան-Արթիկ 4180 մետր երկարությամբ ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Շիրակի մարզպետարանի կապի, տրանսպորտի եւ Ճանապարհաշինության վարչության պետ Մարզպետունի Մարգարյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ այդ նպատակով հատկացվել է համապատասխանաբար 185 եւ 164 մլն դրամ: Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են «Մերձմոսկովյան» ԲԲԸ եւ «Ախուրյանճանշին» ՓԲԸ կողմից: Ի դեպ, այս միջհամայնքային ճանապարհները չէին վերանորոգվել երկրաշարժից հետո: Բացի պետբյուջեի միջոցներով կատարվող աշխատանքներից, մարզում ճանապարհաշինություն իրականացվում է նաեւ «Լինսի» հիմնադրամի ծրագրով՝ հիմնանորոգվում է Արմավիր-Իսահակյան-Գյումրի 16 կմ 220 մետր երկարությամբ հատվածը: