Ի՞նչ է թաքնված լռության ետեւում

24/09/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Թեեւ ընդամենը 16 օր է անցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Երեւան կատարած այցից, սակայն հայ-թուրքական սառեցված հարաբերությունները «զարգանում» են սրընթաց կերպով: Ու չգիտես ինչու, այդ «զարգացումների» մասին մենք տեղեկանում ենք միայն թուրքական ու ադրբեջանական մամուլից:

Հայաստանի իշխանություններն այդ զարգացումների մանրամասների մասին առայժմ լռում են, լավագույն դեպքում` հանդես գալով թուրքական կողմից հնչած հայտարարությունների եւ հասարակության մեջ առկա մտահոգությունների շուրջ անորոշ մեկնաբանություններով: Եվ մինչեւ օրս մեր հասարակության համար այդպես էլ պարզ չի դարձել, թե ինչ հարցեր են քննարկել Աբդուլլահ Գյուլն ու Սերժ Սարգսյանը: Եվ, որ ամենակարեւորն ու ամենավտանգավորն է` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են Ա. Գյուլի այն հայտարարությունները, թե Ս. Սարգսյանն իր հետ հանդիպման ընթացքում ինչ-որ խոստումներ է տվել, մասնավորապես՝ ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Ա.Գյուլը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե «Հայաստանը խոստացել է վերադարձնել Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Իսկ ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին խոսելով, Ա.Գյուլն իր դժգոհությունն էր հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբից: «Գործելով 17 տարի` այն չկարողացավ էական արդյունքների հասնել»,- ասել էր Թուրքիայի նախագահը, որը մինչ այդ արդեն հայտարարել էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ միջնորդի դեր ստանձնելու իր մտադրության մասին: Օրեր առաջ Ս.Սարգսյանը ողջունել էր Թուրքիայի` օգտակար լինելու ցանկությունը:

Հիշեցնենք նաեւ, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ էլ Ս.Սարգսյանն էր հայտարարել Ցեղասպանության հարցի ուսումնասիրման նպատակով թուրքական կողմի հետ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին: Եվ չնայած այս ընթացքում նշված հարցերի վերաբերյալ որոշակի մեկնաբանություններին, դեռեւս ամենեւին հստակ չէ` արդյոք Հայաստանի իշխանությունները խոստացե՞լ կամ համաձայնե՞լ են վերադարձնել «օկուպացրած» տարածքները, ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով եւ համաձայնել ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավմանը: Այդ մասին տեղյակ չեն նաեւ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները: «Բանակցությունները վարում է գործադիրը` նախագահն ու արտգործնախարարը, եւ ես անձամբ խորապես տեղեկացված չեմ այդ գործընթացից»,- ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը:

«Ես կարծում եմ, որ եզրակացություններ անելը վաղ է: Մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, որովհետեւ հիմա խառնափնթոր տեղեկատվություն է հոսում: Կարծում եմ, դեռ պետք է Հայաստանի իշխանությունների կողմից հնչեն պարզաբանումներ»,- սա էլ ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանի տեսակետն է: Նույն կարծիքին են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները: «Այստեղ պետք է պարզություն մտցվի,- ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանն` ավելացնելով,- Իշխանությունները դժվարությամբ ընդունեցին, որ բանակցություններ են ընթացել: Մենք բացարձակ անգիտության մեջ էինք, երբ թուրքական մամուլից եղավ Գյուլի խոսակցությունների մասին ուղղակի հաղորդագրությունը: Քանի որ իրավիճակը արմատապես այլ է, ճակատագրական իրավիճակում ենք այսօր, շարժման մեջ է դրված քարտեզը, պատասխանատվություն վերցնելու համար քաղաքական դաշտը գոնե պետք է ունենա գաղտնազերծված բանակցությունների այն բաժինը, որը կողմնորոշվելու, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ սեփական ներդրումն անելու հնարավորություն կտա»: «Ես ուզում եմ տարակուսանք հայտնել, թե պաշտոնական Երեւանն ինչո՞ւ որեւէ հստակ պատասխան չի տալիս: Պատասխանի բացակայությունը վկայում է, որ այդ պաշտոնյաները կամ արհամարհում են ժողովրդին եւ ժողովրդի մեջ առկա անհանգստությունը, կամ կա ինչ-որ գործարքի վերաբերյալ պայմանավորվածություն, ինչին ես չեմ հավատում»,- ասում է Արտաքին գործերի նախարարի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Հայ-թուրքական բանակցությունների մասին տեղեկություններ չունենալով հանդերձ` մեր զրուցակիցներն իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հնչեցնում վերը նշված հարցերի շուրջ: Նրանք բոլորն էլ ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ դեմ են Թուրքիայի՝ որպես միջնորդ հանդես գալու հնարավորությանը: «Թուրքիան կարող է ինչ-ինչ քայլեր անել, բայց սա չի նշանակում նոր ֆորմատի ստեղծում եւ հին ֆորմատի լուծարում: Կարելի է մտածել, որ Թուրքիան նման ցանկություն կունենա, բայց ես չեմ կարծում, որ նման ցանկություն կունենան նաեւ Հայաստանը կամ համանախագահները: Մյուս կողմից էլ, եթե Բրայզան հայտարարում է, թե մենք կպաշտպանենք Ադրբեջանին, ուրեմն կողմ են հանդիսանում: Այս դեպքում ես չեմ կարող հասկանալ, թե Ամերիկան ինչպե՞ս կարող է միջնորդ լինել, եթե շահագրգռված է Ադրբեջանի շահերով»,- հարցնում է Ա. Շահբազյանը: «Հարաբերություններ են, որոնք պետք է հարթվեն այդ երկու հզոր պետությունների միջեւ (ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի.- Ա.Ա.): Ամեն դեպքում իշխանությունը պետք է հանդես բերի ռադիկալիզմ եւ մերժի բոլոր այդպիսի զարգացումները հենց արմատում: Պետք չէ մոռանալ, որ խոսքը մի երկրի մասին է, որը բազմիցս իր արտաքին քաղաքական վեկտորը հակահայկական կողմնորոշման է բերել: Թուրքիան պահանջում է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի վերաբերմունքի արմատական փոփոխություն, ԼՂՀ խնդրի` հօգուտ Ադրբեջանի լուծում: Չմոռանանք, որ նա ըստ էության կոնֆլիկտի կողմ է, եւ փակ սահմանը նշանակում է՝ ագրեսիվ գործողություն հարեւան պետության հանդեպ: Եվ այս առումով Թուրքիայի միջնորդական առաքելությունը Հայաստանի համար ուղղակի անթույլատրելի է»,- համոզված է Վ.Խաչատրյանը: «Ինձ համար անհասկանալի է Նյու Յորքում երեք արտգործնախարարների հանդիպման նպատակը: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ներգրավված են բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով, եւ ինչպես պաշտոնյաներն են բազմիցս նշել, համանախագահների ինստիտուտը ցույց է տվել իր պրակտիկ, օգտակար լինելը, մեկ այլ, ընդ որում կողմնակալ միջնորդի ներգրավումն ի՞նչ իմաստ ունի: Ի՞նչ պետք է ստանանք Թուրքիայից, որը միշտ կողմնակալ է եղել, եւ դա 15-16 տարվա մեջ ցույց է տվել: Այդ ի՞նչ էր Թուրքիան առաջարկել, որն անտեսել է Մինսկի խմբի ֆորմատը: Ու հիմա ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների մեջտեղը պետք է նստի թուրք արտգործնախարարը»,- տարակուսում է Վ.Կարապետյանը եւ ավելացնում, որ Ցեղասպանության հարցի ուսումնասիրման համար համատեղ հանձնաժողով ստեղծելն էլ դավադրություն է:

Իշխանությունները, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահը, չեն արձագանքում նաեւ «օկուպացրած տարածքները» վերադարձնելու մասին Գյուլի հայտարարությանը: Ի՞նչ է նշանակում այս լռությունը. արդյո՞ք դա կարող է համաձայնության նշան լինել: «Այս պարագայում չեմ կարծում, որ լռությունը համաձայնության նշան է»,- ասում է պարոն Ադոնցը: Իսկ Ա.Շահբազյանն առայժմ առաջարկում է սպասել, մինչեւ հայտարարությամբ հանդես կգա նախագահը: «Ես չեմ կարող փաստել, բայց ստեղծված իրավիճակից կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները անհաղորդ են այս ամենին»,- ասում է Վ.Խաչատրյանը: «Մտահոգված եմ, որ թուրքական կողմին է տրվում դիվիդենտներ քաղելու հնարավորությունը: Եվ մենք կարծես թե գնում ենք զիջումների` տեղը ոչինչ չստանալով: Եթե մենք խոսում ենք սեղանի վրա դրված Մադրիդյան փաստաթղթի մասին, այնտեղ շատ հստակ կան դրույթներ եւ՛ տարածքների, եւ՛ ամենակարեւորը` կարգավիճակի վերաբերյալ: Ինչո՞ւ մենք չենք հերքում թուրքական լրատվամիջոցների տարածած` տարածքների վերադարձի մասին տեղեկատվությունը»,- հարցնում է Վ.Կարապետյանը: