ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն պատերազմը համարում է ինքնասպանություն, որը չի կարող օգնել լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: «Վերջերս Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները պարզորոշ ցույց տվեցին, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները իրավացի էին, պնդելով, որ պատերազմն ինքնասպանություն է, որեւէ արդյունք չի տա եւ չի կարող ծառայել ղարաբաղյան հակամարտության լուծմանը»,- շաբաթ օրը Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Բ. Ֆասիեն: Նա նաեւ նշել է, որ մարտական գործողությունների սկսվելու դեպքում, անկախ այն բանից՝ ով հաղթող դուրս կգա եւ ով կպարտվի, դա ինքնասպանություն կլինի բոլորի համար: Ֆրանսիացի համանախագահն ընդգծել է հակամարտության կարգավորման նկատմամբ նոր մոտեցումներ կիրառելու կարեւորությունը եւ որպես դրական պահ է նշել Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններում դիտվող դրական տեղաշարժերը: «Դրանք գուցեեւ միայն տեղաշարժեր են, բայց շատ խորհրդանշական ու կարեւոր տեղաշարժեր»,- ասել է Բեռնար Ֆասիեն: