«Համաշխարհային բանկը դեռեւս չի ստացել Վերահսկիչ պալատի հաշվետվությունը` Քաղաքային ջեռուցման ծրագրի ստուգման արդյունքների վերաբերյալ»,- այդ մասին հայտնում են ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից: «Այդուհանդերձ, հիմնվելով մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա, ցանկանում ենք տալ հետեւյալ պարզաբանումները ՎՊ-ի կողմից հիշատակվող երկու առանցքային խնդիրների/ շեղումների վերաբերյալ, որոնք են. ա) 500.000 ԱՄՆ դոլարի փոխանցումը Պանամայում գրանցված մի օֆշորային կազմակերպության, եւ բ) ծրագրի «Կապիտալ դրամաշնորհների տրամադրում աղքատներին» բաղադրիչի իրականացման դանդաղ ընթացքը»,- նշված է ՀԲ տարածած հայտարարության մեջ: Ըստ այդմ, 460.000 ԱՄՆ դոլար իրոք փոխանցվել է Պանամայում գրանցված մատակարարի: Գումարը փոխանցվել է ծրագրի ենթավարկային բաղադրիչի մասնակից բանկերից մեկի` «Արդշինինվեստբանկի» կողմից: Սա 500.000 ԱՄՆ դոլար գումարով ենթավարկի մի մասն է, որն «Արդշինինվեստի» կողմից տրամադրվել է մասնավոր «Երֆրեզ» ՓԲԸ-ին` չորս շենքի համար ջեռուցման, տաք ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման սարքավորումներ գնելու նպատակով: «Երֆրեզ» ՓԲԸ-ն «Արդշինինվեստբանկին» ներկայացրել է հանձնարարական ենթավարկային միջոցներից 460.000 ԱՄՆ դոլարը ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի համակցված 4 միկրոտուրբինների ձեռքբերման նպատակով Պանամայում գրանցված մատակարարին փոխանցելու վերաբերյալ: «ՎՊ այս գործարքը համարել է որպես շեղում` ելնելով այն հանգամանքից, որ սարքավորումները դեռեւս Հայաստանում չեն: «Երֆրեզ» ՓԲԸ-ի եւ պանամական մատակարարի հետ հաղորդակցության համաձայն, միկրոտուրբինները պետք է մատակարարվեն 2008թ. դեկտեմբերին: Ծրագրի իրականացումը կարգավորող իրավական փաստաթղթերի որեւէ պահանջ չի խախտվել: Վարկային միջոցներն օգտագործվել են նախատեսված նպատակի, այսինքն` գազով աշխատող ջեռուցման եւ տաք ջրի մատակարարման ապակենտրոնացված համակարգերի ձեռքբերման համար»,- ասված է ՀԲ-ի հաղորդագրության մեջ, ըստ որի` ենթավարկային բաղադրիչի շրջանակներում գնումները կատարվում են առեւտրային հիմունքներով, ինչը խնդրո առարկա 500.000 ԱՄՆ դոլար գումարով ենթավարկի դեպքում նշանակում է, որ ենթավարկառուն գնային առաջարկներ պետք է ապահովի երեք մատակարարներից, որպիսին ներկայացրել է «Երֆրեզ» ՓԲԸ-ն եւ ընտրել ամենացածր գինն առաջարկած մատակարարին: Գործարքը ֆինանսական կառավարման խնդիրներ նույնպես չի հարուցում: Ենթավարկային բաղադրիչով նախատեսված է, որ «Արդշինինվեստբանկը» կրում է տրամադրված ենթավարկերի գծով 100 տոկոս ռիսկերը: Իրականացնող կազմակերպությունն ավտոմատ կերպով գումարը փոխանցել է «Արդշինինվեստբանկին»` վերջինիս կողմից վարկը հաստատելուց եւ գրավը գրանցելուց անմիջապես հետո: Ինչ վերաբերում է «Կապիտալ դրամաշնորհների տրամադրում աղքատներին» բաղադրիչին, ապա դրա իրականացումը իսկապես դանդաղ է ընթացել. սա փաստագրվել է Համաշխարհային բանկի կողմից պատրաստվող հուշագրերում, եւ այս մասին կառավարությունը նույնպես ահազանգվել է: Այդուհանդերձ, վերջին շրջանում այս բաղադրիչի իրականացման տեմպերը զգալիորեն արագացել են, եւ 2008թ. սեպտեմբերի դրությամբ գազամատակարարման միացումների ու ջեռուցման սարքերի տեղադրման աշխատանքներն ավարտվել են ավելի քան 4000 աղքատ ընտանիքների բնակարաններում: