Եվ այսպես, ամերիկացիները՝ ավելի ճիշտ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին հրապարակել է իր ամենամյա զեկույցը կրոնական ազատությունների մասին։ Եվ կրկին այդ զեկույցում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ մենք՝ հայերս, գենետիկորեն անհանդուրժող ենք տարբեր աղանդների նկատմամբ։
Չէ, «աղանդներ» չպետք է ասեի, այլ՝ կրոնական փոքրամասնություններ։ Դե, զեկույցում հատուկ նշվում է (ոչ այնքան դրական իմաստով), որ հայաստանյան մամուլը շարունակում է պիտակավորել Հայ Առաքելական եկեղեցուց դուրս գտնվող կրոնական խմբավորումների՝ որպես աղանդներ։
Ինչեւէ, բուն թեմայից չշեղվենք։ Ասենք, որ այս զեկույցը գրեթե չի տարբերվում նախորդ զեկույցներից։ Միակ նոր բանն այն էր, որ զեկույցում արդարացիորեն տեղ էին գտել Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա կնոջ դեմ ուղղված կեղտոտ ռեպորտաժները, որտեղ նախկին նախագահը ներկայացվում էր որպես սիոնիստ ու ազգի դավաճան։ Այս զեկույցը նախորդներից տարբերվում էր նաեւ նրանով, որ Տիգրան Կարապետյանի ու Հայ արիների միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանի մասին խոսք չկա։ Փոխարենը զեկույցի հեղինակներն ուշադրության են արժանացրել «Մեկ ազգ» կուսակցությանը, որը տարբեր թռուցիկներ է փակցնում պատերին եւ էլեկտրասյուներին՝ ազգաբնակչությանը զգուշացնելով հեռու մնալ աղանդներից։ Մնացած ամեն ինչը նույնն է։ «Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը, այդուամենայնիվ, օրենքը որոշակի սահմանափակումներ է մտցնում կրոնական փոքրամասնությունների ազատությունների նկատմամբ»,- ասում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ կառավարությունն այդ սահմանափակումները կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր չի կատարել, եւ, որ հաղորդումներ են եղել հավատքի կամ կրոնական պատկանելության վրա հիմնված վատ վերաբերմունքի եւ խտրականության մասին:
Եթե ամփոփ ներկայացնենք, ապա այս զեկույցում շեշտը դրված է երկու բանի վրա՝ Հայ Առաքելական եկեղեցու «արտոնյալ» եւ Եհովայի վկաների «ողբերգական» վիճակների նկարագրության վրա։ «Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը, սակայն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»,- ասվում է զեկույցում։ Ընդ որում, դա ասվում է բացասական իմաստով, որպես կրոնական ազատության դեմ ուղղված մի երեւույթ: Զեկույցի հեղինակներին առանձին մտահոգություն է պատճառել այն, որ չնայած պետությունն ու եկեղեցին օրենքով տարանջատված են, սակայն Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնապես ունի ազգային եկեղեցու կարգավիճակ։ «Աչք է ծակել» նաեւ այն, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի որոշ արտոնություններ. օրինակ, եկեղեցում կատարված ամուսնությունն ունի իրավական ուժ (թեեւ համապատասխան օրենսդրական ակտերը դեռ չեն ընդունվել)։ Կամ այն, որ Հայ Առաքելական եկեղեցին, ըստ օրենքի, կարող է մշտական ներկայացուցիչներ ունենալ հիվանդանոցներում, որբանոցներում, զորամիավորումներում, կալանավայրերում եւ այլն, մինչդեռ մյուսները նման իրավունք կարող են ունենալ միայն ըստ պահանջի։ Զեկույցը կազմողների աչքից չի վրիպել նաեւ այն, որ հունվարի 6-ը՝ երբ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը, ազգային տոն է։ Այս ամենը (եւ ոչ միայն), նշվում է որպես բացասական երեւույթ։ Զեկույցի սկզբում էլ խոսվում է այն մասին, որ էթնիկ հայերի եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ կապը շատ ուժեղ է։ Մեկը հարցնի՝ բա ո՞ւմ հետ պիտի ուժեղ կապի մեջ լինեինք՝ գիշերը վատ երազ տեսած եւ առավոտյան ինչ-որ բանից վեր թռած ու նոր կրոնական կազմակերպություն ստեղծած ինչ-որ շիզոֆրենիկի՞։
Հիմա խոսենք Եհովայի վկաների մասին։ Նախ նշենք, որ զեկույցի սկզբում նշվում են Հայաստանում գոյություն ունեցող կրոնական ուղղությունները՝ կաթոլիկ քրիստոնյաներ, մխիթարյան կաթոլիկներ, ուղղափառ քրիստոնյաներ, ավետարանչական եկեղեցի, մոլոկաններ, մորմոններ, եզդիներ, հրեաներ, մուսուլմաններ եւ այլն։ Այսքան կրոնական ուղղություններ կան, բայց զեկույցում տեղ են գտել միայն եհովականների բողոքները։ Ասենք, բողոքում են, որ դատավորներն այլընտրանքային զինծառայությունից խուսափելու համար սահմանում են օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը։ Հղում անելով ինչ-որ դիտորդների, զեկույցի հեղինակները փաստում են, որ բնակչության մեծ մասը բացասական վերաբերմունք ունի «Եհովայի վկաների» նկատմամբ, քանի որ վերջիններս հրաժարվում են ծառայել բանակում։ Իսկ այն, որ բացասական վերաբերմունքի մեջ երեւի ավելի քիչ դեր չի խաղում այն աներեսությունը, որը ցուցաբերում են եհովականները (մանավանդ վերջին շրջանում), զեկույցում տեղ չի գտել։ «Բացի այդ, կա համատարած, սակայն չհիմնավորված համոզմունք, որ «Եհովայի վկաները» հոգեորսությամբ են զբաղվում հատկապես ընչազուրկների շրջանում»,- ասված է զեկույցում: Իհարկե, ՀՀ օրենքն արգելում է հոգեորսությունը՝ չտալով այդ երեւույթի նկարագրությունը (ինչի մասին զեկույցում նույնպես խոսվում է), սակայն շատերի համար հոգեորսությունը հենց այն է, ինչով զբաղվում են Եհովայի վկաները՝ նախանձելի համառությամբ կպչելով մարդկանց, հատկապես չունեւոր եւ քիչ տեղեկացված, եւ տարբեր միջոցներով ստիպելով նրանց ընդգրկվել իրենց շարքերը։ Այն, որ Եհովայի վկաներին շատերը համարում են ազգի թշնամի, նույնպես հիմնավորում ունի։ Չլուծված հակամարտություն եւ թշնամաբար տրամադրված հարեւաններ ունեցող փոքր երկրում նա, ով բանակում չծառայելու կոդ է անում, այլ կերպ չի էլ կարող ընկալվել։
Զեկույցի հեղինակներն, օրինակ, ճիշտ կանեին իրենք իրենց հարցնել՝ ինչո՞ւ են հայերն ու եզդիները միմյանց հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ։ Կամ ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Նվեր Մելքոնյանը Սիսիանում ծեծել է հենց Եհովայի վկայի (ինչպես նշված է զեկույցում), եւ ոչ թե, ասենք, մի մոլոկանի։
Իսկ գլխավոր հարցը, թերեւս, մի քիչ հռետորական հնչի. ինչո՞ւ է աշխարհի դրվածքն այնպիսին, որ 300 տարվանից էլ քիչ պատմություն ունեցող ամերիկացիներն իրենց իրավունք են վերապահում աշխարհի բոլոր երկրների գլխին՝ այդ թվում 1700-ամյա քրիստոնյա հայերիս գլխին քարոզ կարդալ, այն էլ՝ կրոնի ու հավատքի վերաբերյալ։ Հարցը հռետորական է, բայց պատասխանը՝ պարզ։ Քարոզ ու խրատ կարդում են նրանց գլխին, ովքեր թույլ են տալիս դա անել։ «Կրոնական ազատությունների» մասին զեկույցը հրապարակվում է բոլոր երկրների համար, սակայն ընկալումն ու հնչեղությունն է տարբեր։ Օրինակ, անգլիացու կամ ֆրանսիացու հեչ պետքն էլ չի՝ ամերիկացին իրենց, իրենց կրոնական ու մյուս ազատությունների մասին ինչ կարծիք ունի։ Իսկ մեզ… Ըստ էության, մեզ էլ պետք չի, սակայն մեզ պետք է ցույց տալ, որ դա մեզ համար կարեւոր է, ու քայլեր ենք ձեռնարկում վիճակը շտկելու համար։ Որովհետեւ մենք փոքր երկիր ենք, ու ԱՄՆ-ից կախում ունենք որոշ չափով։ Իսկ ինչ անե՞լ։ Թեեւ ես ինձ իրավունք չեմ վերապահում խորհուրդ տալ, սակայն կարծիք արտահայտելու իրավունք ինձ տալիս է Սահմանադրությունը (ինչպես Եհովայի վկաներին ու մորմոններին)։ Իսկ կարծիքն այն է, որ եհովականներին ու մյուս «ներվուտողներին» պետք չէ ծեծել, եթե անգամ նրանց շա՜տ չեք սիրում։ Հարկավոր է պարզապես խոսել իրենց լեզվով՝ գործել զուտ իրավական դաշտում։ Եթե գտնում եք, որ ինչ-որ մեկը խանգարում է ձեր հանգիստը, ազդում ձեր նյարդերի վրա, հիշեք, որ ՀՀ Սահմանադրության Հոդված 33-ի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: Այդ իրավունքը պակաս կարեւոր չէ, քան Եհովայի վկաների՝ իրենց հավատքը քարոզելու իրավունքը։ Այնպես որ, աներեսության ցանկացած դրսեւորում ոտնձգություն է ՀՀ Սահմանադրության դեմ։ Պարզապես հիշեցրեք նրանց այդ մասին։ Նրանք բանտից ու զինծառայությունից ավելի շատ են վախենում, քան դժոխքից։