…Ներեցին անգամ Բարաբբային

24/09/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Տրաֆարետային միջոցառումները, որոնք արդեն տասնյոթ տարի սեպտեմբերի 21-ին անփոփոխ սցենարով մատուցվում են հասարակությանը, այս տարի կարող էին եւ նոր արժեք ունենալ: Հանրապետության հրապարակում հայ երգիչների ոչ այնքան թարմ ռեպերտուարին ծանոթանալու կամ հրավառությամբ հիանալու տրամադրություն ունենալ ՀՀ քաղաքացիներից քչերը կարող էին իրենց թույլ տալ. թերեւս հանրապետության տարբեր գյուղերից մայրաքաղաք եկած երիտասարդները: Իսկ երկրի նախագահն այդ օրը սկսել էր՝ ինչպես սովորաբար ընդունված է մեզանում: Եռաբլուր, սգո պսակների վրայի ժապավեններն ուղղելու ՝ պրոտոկոլային, տարիներ շարունակ ձանձրացրած եւ ահավոր կեղծ արարողություն, զոհվածների հուշարձանի մոտ մի քանի վայրկյան գլուխ խոնարհել եւ այլն: Այն դեպքում, երբ վաղուց ձանձրացրած այս սցենարին կարող էր փոխարինել առողջ, կեղծ էմոցիաներից զուրկ, ներքաղաքական կյանքում շրջադարձային փոփոխություն մտցնող մի քայլ:

Ենթադրվում էր, որ գոնե Հայաստանի Անկախության տոնին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհայտարարեր այդքան սպասված համաներումը: Բոլորը կհասկանային, որ Անկախության տոնը՝ որպես արժեք, վեր է նախագահների բնավորության ինչ-ինչ գծերից, քաղաքական նախասիրություններից, որ տոնը ի զորու է գոնե մեկ օրով բարիացնել երկրի ղեկավարությանն այնքան, որ կարողանար ներել: Թեեւ, հանուն արդարության, պետք է նկատել, որ իր երդմնակալությանը հաջորդած պահից երկրում ներքաղաքական իրավիճակի կայունացման ուղղությամբ դեռեւս լուրջ քայլեր չկատարած նախագահի համաներման որոշումը, եթե անգամ այն տեսականորեն հայտարարվեր, արժեք չէր ունենա եւ ամենեւին չէր վերագրվի նրա բարի կամքին՝ յոթ ամիս մարդկանց, առանց հիմնավորման, մեկուսարաններում պահելուց հետո: Պարզապես ամիսներ շարունակ անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչները, պատգամավորները, թող որ ուշացումով, սակայն ազատ կարձակվեին: Սակայն ոչ: Սպասված համաներումը չեղավ: Եվ դատելով Անկախության առիթով Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագին ներկա իշխանավորների` դեպի երկինք ուղղված հեզ հայացքից, նրանք իրենց խղճի հետ խնդիրներ չունեն, քրիստոնեությունը համարում են զուտ եկեղեցու տարածքում լոկալ, սահմանափակ կիրառության գործիք, որը ոչ մի կերպ կառավարման ընթացքում չպետք է օգտագործվի եւ, ի վերջո, վստահ են, որ հումանիստի եւ իմաստուն քաղաքական գործչի դափնիները ավելորդ ծանրություն են:

Զրկելով բազմաթիվ մարդկանց Անկախության օրն ազատության մեջ գտնվելու հնարավորությունից՝ հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ անհամեմատ շռայլ էր կոչումներ եւ մեդալներ բաժանելիս: Կոչումների անհասկանալի առատություն, տասնյակ մեդալներ, որոնք բաժանվեցին աջուձախ՝ առանց երկար կշռելու՝ ում եւ ինչի համար են հանձնվում: Զինվորականների, արվեստագետների, գիտնականների այն բազմությունը, որ ընդունում էր տարաբնույթ կոչումներն ու մեդալները, պիտի որ լուրջ անհարմարություն զգար այն դեպքում, երբ գիտեր, որ իրենց բազում գործընկերներ, ովքեր պակաս տաղանդավոր չեն եւ գիտությանը, մշակույթին պակաս ծառայություններ չեն մատուցել, ոչ միայն նման կոչումների չեն արժանանում, այլեւ ազատվում են աշխատանքից, ձերբակալվում են քաղաքական հայացքների համար, որ շատ ընտանիքներ արդեն յոթ ամիս է՝ զրկված են իրենց հարազատին տեսնելու ուրախությունից, քանի որ դատական համակարգը կոռումպացված է, որեւէ ոլորտում արդարություն չկա: Սակայն սրանք գուցե այնքա՞ն էլ լուրջ հիմնավորումներ չեն՝ հրաժարվել իշխանությունների սիրալիրություններից այնպիսի իրո՛ք արժանի մտավորականի համար, որպիսին է, օրինակ, Պերճ Զեյթունցյանը: Առավել եւս, որ կոչումներ եւ մեդալներ շնորհելու՝ նախկին նախագահի ավանդույթը, խոշոր իմաստով, արժեզրկում է անգամ ամենաազնիվ մետաղից պատրաստված մեդալը:

Երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում շնորհեց ռաբիս կատարման ոլորտում զգալի հաջողություններ արձանագրած Թաթա Սիմոնյանին, շատերը պարզապես ապշեցին, թեեւ վաստակավոր արտիստների ցանկում նաեւ նշված երգչի անունը թույլ տվեց կարծիք կազմել նախագահի՝ ոչ այնքան հղկված ճաշակի մասին:

Սակայն Հայաստանի Անկախության 17-ամյակի առիթով Սերժ Սարգսյանի շռայլությունն աննախադեպ էր: Պարգեւատրվեցին գրեթե բոլորը, որոնցից շատերը չէին ծուլացել շնորհավորանքի խոսքեր շշնջալ՝ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, եւ քարկոծել ընդդիմության ավերիչ գործողությունները:

Սակայն իրականությունն այն է, որ ներքաղաքական խնդիրների, մարդկանց ճակատագրերի հանդեպ իշխանությունների այս ընդգծված, անհարգալից անտարբերությունը ավելի կսրի հասարակության լարվածությունը իշխանությունների հանդեպ: Թեեւ համաներումը երկրի նախագահի մենաշնորհն է, սակայն թե կառավարության ղեկավարի, թե ԱԺ նախագահի շուրթերից որեւէ անգամ չի լսվել նման քաղաքական ժեստի անհրաժեշտության մասին: Հետեւաբար Անկախության օրը համաներում չհայտարարելու մեղավորությունը կրում են թե՛ անձամբ երկրի նախագահը, թե՛ մնացած բարձրաստիճան պաշտոնյաները: Սերժ Սարգսյանը գուցե համաներումը պահում է ավելի՞ հարմար առիթով օգտագործելու համար: Ասենք, երբ հարկ կլինի լիցքաթափել խիստ շիկացած մթնոլորտը: Սակայն այդ հաղթաթղթի վաղեմության ժամկետը լրացավ սեպտեմբերի 21-ին. հաջորդ պահից արդեն այն կորցրել է իր ուժը, ու եթե անգամ մի օր հայտարարվի այդ համաներումը, այն ոչնչով չի կարողանա աշխատել իրավիճակը կայունացնելու կամ իշխանությունների օգտին: Իշխանությունները սպառում են հումանիզմի, բարի կամք դրսեւորելու, հետեւաբար՝ երկիրը ներքին ցնցումներից զերծ պահելու իրենց հնարավորությունը: Իսկ կարող էին չսպառել…