Այցելել են Եռաբլուր

24/09/2008

Սեպտեմբերի 21-ին` Անկախության 17-ամյակի օրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ զինվորական բարձրագույն հրամանատարակազմը եւ այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր` Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը լրագրողներին ասել է, որ անկախությունը բացառիկ արժեք է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն մեր երկրի անվտանգությունն ապահովելու, այլեւ նրան՝ բնականոն զարգանալու: «Մենք այս տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ զրկանքներ, կորուստներ, հաղթահարել դժվարություններ, եւ այդ դժվարությունների գինն այն է, որ ունենք անկախ պետականություն, անկախ Հայաստան: Այսօր, բարեբախտաբար, առկա են բոլոր նախադրյալները, որպեսզի մենք այս տարիների ընթացքում ձեռք բերած մեր հաջողությունները եւ նվաճումները կրկնապատկենք եւ բազմապատկենք»,- ասել է նա: «Այցելելով Եռաբլուր` մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն մարդկանց, ում ջանքերով եւ շնորհիվ այսօր ունենք անկախ պետականություն, եւ սա այն օրն է, երբ մենք ազգովի պարտավոր ենք հիշել նրանց ու մեր հարգանքի տուրքը մատուցել ազատամարտիկների հիշատակին»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, Անկախության օրվա խորհուրդն իր համար հնարավորություն է` ամփոփելու մեր երկրի անցած ուղին եւ նայելու դեպի ապագա: «17 տարի անց ունենք անկախ պետություն, հաղթանակած Արցախ, համոզմունք, որ մենք ի վիճակի ենք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք այսօր մեր առջեւ ծառացած են, եւ մենք համոզված ենք, որ 21-րդ դարում մենք մեր արժանի տեղն ենք զբաղեցնելու ազգերի ընտանիքում»,- ասել է նա: