«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Երեւանի «Շտապ օգնություն» ծառայությունում գրանցվել է 5768 կանչ»,- այդ մասին «Panorama.am»-ին հայտնել է «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Արտյոմ Պետրոսյանը: Ըստ նրա, սեպտեմբեր ամսին գրանցված օրական կանչերի միջին թիվը 412 է: Ընդհանուր կանչերի 31%-ը` այսինքն 1788 կանչ, գրանցվել է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների մասով: «Սիրտ-անոթային համակարգին վերաբերող գանգատներից հետո, մեզ մոտ գրանցված կանչերի 18%-ը վերաբերել է նյարդային համակարգի հիվանդություններին, դրան արդեն հաջորդում են վիրաբուժական` 5.9 %, շնչառական համակարգի` 8.8%, վնասվածքների` 4.2% եւ ապա մանկաբարձական-գինեկոլոգիական` 1.04% հիվանդություններին վերաբերող կանչերը»,- նշել է Ա. Պետրոսյանը: Ըստ նրա ներկայացրած տվյալների, մյուս հիվանդությունների համար կանչերը կազմում են ընդհանուր թվի 31.19 %-ը: Այս ամիս, «Շտապ օգնություն» ծառայության տնօրենի խոսքով, մայրաքաղաքում կրկին գերակշռում են սիրտ-անոթային ու նյարդային համակարգերի հիվանդություններին վերաբերող կանչերը: Սակայն Ա. Պետրոսյանը նկատել է նաեւ, որ սեպտեմբերին վնասվածքների մասով գրանցված կանչերը գերազանցում են նախորդ ամսվա ընթացքում գրանցված կանչերի թվին: «Իսկ որ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին վերաբերող գանգատները կրկին «առաջին տեղում են», ապա պետք է նշել, որ դրանք մեր հանրապետությունում ու Խորհրդային Միության բոլոր երկրներում միշտ էլ գերակշռել են»,- ասել է Ա. Պետրոսյանը: Փորձագիտական տվյալների համաձայն, Եվրամիության երկրներում գերակշռում են տրավմաներին վերաբերող կանչերը: