ՊՆ-ի նոր շենքը

24/09/2008

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության օրը, բացվել է ՀՀ Պաշտպանության նախարարության նոր շենքը: Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: «Այսօր մեզ համար կրկնակի տոն է, քանզի Հայաստանի Հանրապետության Անկախության օրը բացվում է Պաշտպանության նախարարության նորակառույց շենքը: Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները զորքերի ղեկավարումը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելու համար, եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների կենտրոնացումը մեկ շինության մեջ խորհրդանշում է նաեւ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ինտեգրված ղեկավարման համակարգը»,- հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ներկայացնելով բանակում իրականացվող փոփոխությունների պատկերը` նա նշել է. «Բանակաշինությունը երբեք ավարտուն չի կարող լինել, եւ ժամանակի յուրաքանչյուր փուլ նոր հրամայականներ է առաջադրում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ ներկայումս լուրջ բարեփոխումներ են իրականացվում պետության ռազմական կառույցում: Բարեփոխումների արդյունքում մենք կունենանք է՛լ ավելի հզոր եւ կատարելագործված բանակ, որն ընդունակ կլինի չեզոքացնել Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին սպառնացող ցանկացած ագրեսիա»: «Գեղեցիկ եւ փառաշուք այս կառույցը, որն իր հնարավորություններով, արդի սարքավորումներով լիովին ծառայելու է մեր բանակի առավել հզորացմանը, մեր Հայրենիքի` Հայաստանի եւ Արցախի պաշտպանությանը, նույնպես վկայություն է մեր երկրի առաջընթացի: Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում այս վեհատես կառույցը բարձրացրած ճարտարապետներին ու շինարարներին»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նշենք, որ Պաշտպանության նախարարության նոր շենքին հատկացված է 26 հեկտար տարածք, շինարարության համար ծախսվել է ավելի քան 53 միլիոն դոլար: