Վճռական անկումների սարսափից

23/09/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ամեն օր, դիտելով տարբեր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները, լսելով, թե տարբեր տրամաչափի պաշտոնյաներն ինչ գեղեցիկ, հուսադրող ու վճռական խոսքեր են ասում, մտածում ես, որ Հայաստանին փայլուն ապագա է սպասում։

Սակայն, երբ հիշում ես, որ այդ խոսքերը հնչում են արդեն երկար տարիներ՝ նույն վճռականությամբ ու պաթոսով, հատկապես անցյալ տարվա վերջից, ու հետո նայում ես տնտեսության վիճակը նկարագրող անգամ պաշտոնական տեղեկատվությունը, հասկանում ես, որ այդքան խոսելուց հետո գործ անելու ժամանակ ու էներգիա կարծես չի մնում։ Նույն զգացողությամբ կարելի է համակվել հաստատուն պարբերականությամբ, օրինակ՝ Ազգային վիճակագրական ծառայության յուրաքանչյուր հրապարակումից հետո: ԱՎԾ-ն երեկ հրապարակել է հերթական հաշվետվությունը՝ տնտեսական վիճակի ամփոփ բնութագիրը 2008թ. հունվար-օգոստոս ժամանակաշրջանի համար։

Տվյալները նախնական են, սակայն դա այնքան էլ էական չէ։ Էականն այն է, որ հունվար-օգոստոսին ունեցել ենք ՀՆԱ-ի 10.3%-անոց աճ։ Եվ կրկին՝ հիմնականում շինարարության եւ ծառայությունների ոլորտի հաշվին. դրանք աճել են համապատասխանաբար 12.8 եւ 15.1 տոկոսով։ Իսկ արդյունաբերությունը, որը լրիվ մոռացության է մատնվել հայրենի իշխանությունների կողմից, աճել է ընդամենը 2.2 տոկոսով։ Ընդ որում, եթե արդյունաբերությունը դիտարկում ենք առանց էներգետիկայի, ապա աճը 1 տոկոսի էլ չի հասնում՝ 0.9%։ Երկրորդ կարեւոր ցուցանիշը, որի մասին մեր իշխանությունները չեն սիրում խոսել, վերաբերում է արտահանմանը. արտահանման ծավալները նվազել են 4.8%-ով՝ հունվար-օգոստոսին կազմելով 696.8 միլիոն դոլար։ Իհարկե, փորձ կլինի այս անկումը հիմնականում բացատրել օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հակամարտությամբ։ Օրինակ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երկու օր առաջ ասում էր, որ այդ հակամարտության արդյունքում մեր երկրի տնտեսությունը լուրջ վնասներ է կրել, այդ օրերին նվազել են արտահանումները եւ ներկրումները։ Եթե նայում ենք ամսվա կտրվածքով, ապա այո՝ հուլիսի համեմատ օգոստոս ամսին արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 21.6%-ով։ Սակայն անհամամասնությունը աչք է ծակում՝ արտահանումը նվազել է 36%-ով, ներմուծումը՝ 17.4։ Սակայն ընդհանուր միտումը՝ այն, որ ներմուծումը շարունակում է աճել, անհերքելի է։ 2008թ. հունվար-օգոստոսի ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36%-ով՝ կազմելով 2.6 միլիարդ դոլար։ Փաստորեն, այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը մոտենում է 2 միլիարդ դոլարի սահմանագծին։

Պակաս հետաքրքիր չեն մյուս ցուցանիշները: Օրինակ՝ շինարարությունը շարունակում է աճել, բայց ամփոփ տեղեկատվությունից չի երեւում՝ այդ աճը կառուցվող շենքերի հաշվի՞ն է, թե՞ լայնամասշտաբ ճանապարհաշինության։

Մի նրբություն էլ կա. կառուցվող մեծաքանակ բազմաբնակարան շենքերը դեռ գնորդներ չունեն, եւ սեփականատերերը մեծ հույսեր էին կապում հիպոթեքային շուկայի զարգացման հետ։ Ու եթե վերջին տարվա ընթացքում այս ոլորտում ինչ-որ առաջընթաց նկատվում էր, ապա այժմ մտավախություն կա, որ ամեն ինչ այդքան հարթ չի գնա։ Մասնավորապես ՎՏԲ-Հայաստան բանկի տնօրեն Վալերի Օվսյաննիկովը 3 օր առաջ կարծիք է հայտնել, որ Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքները շարունակելու են աճել, իսկ միջոցները՝ թանկանալ: «Խնդիրը նրանում է, որ առաջ բանկերը կարող էին հանգիստ ֆինանսավորել 5 տարի, որը բավականին նորմալ ժամկետ էր, այժմ՝ 3: Նաեւ բավական բարձրացել են տոկոսադրույքները»,- ասել է նա: Օվսյաննիկովն, ի դեպ, նշել է, որ այդտեղ «որեւէ ողբերգություն չի տեսնում»։ Սակայն նույնը դժվար է ասել, օրինակ, երիտասարդ ընտանիքների մասին, որոնք Երեւանում միջին կարգի 2 կամ 3 սենյականոց բնակարան ձեռք բերելու համար, բացի 25-30 տոկոս կանխավճարից, ամսական պետք է մուծեն 250-350 հազար դրամ՝ հիպոթեքի դեպքում։ Սա՝ այն դեպքում, եթե վարկը տրամադրվում է 10 տարով, եւ 12-14 տոկոս տոկոսադրույքով։ Եթե Օվսյաննիկովը ճիշտ է, ապա վարկի մարման ժամկետը կրճատվելու է, տոկոսադրույքը՝ հետեւաբար եւ հիպոթեքային վարկը մարելու համար անհրաժեշտ ամսական վճարումները՝ աճելու։ Այսինքն՝ ամսական 350 հազարն էլ չի բավականացնելու հիպոթեքով տուն գնելու համար։

Հատկապես, որ միջին ամսական աշխատավարձը, ըստ ԱՎԾ-ի, կազմում է 89 հազար դրամ։ ԱՎԾ-ն արձանագրում է նաեւ, որ հունվար-օգոստոսին աշխատավարձերի աճը կազմել է 21.2 տոկոս։ Երեւի հենց սա էր այն թիվը, որ այդքան մտահոգել էր Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոյին։ Վերջինիս կարծիքով, աշխատավարձերի ու թոշակների շեշտակի աճը այլ գործոնների թվում նպաստում է գների աճին։ Իսկ գների դինամիկան այսպիսին է։ 2008թ. հունվար-օգոստոսին գնաճը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 9.5%, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ գներն աճել են 3.7 տոկոսով։ Թվում է՝ այնքան էլ սարսափելի չէ։ Աշխատավարձերն ավելի արագ են աճում, քան գները։ Մնում է աշխատանք ունենալ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, այս հարցում էլ առաջընթաց ունենք. պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 7.8 տոկոսով՝ կազմելով 75.600 մարդ։ Այս առումով նշենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանի խոսքերով, թաքնված գործազրկության մակարդակը կազմում է մոտ 150 հազար մարդ։ Այսինքն՝ այսքան մարդ, ըստ նախարարի, զբաղված են, սակայն դա որեւէ տեղ գրանցված չէ։ Չի բացառվում, որ այդ 150 հազարի մեջ շատ լինեն պաշտոնապես գործազուրկ գրանցվածները։ Փաստորեն, եթե իշխանությանը հաճո տեսանկյունից ենք նայում, ապա գործազրկության իրական մակարդակն ավելի ցածր է։ Սակայն դա, իհարկե, այդպես չէ, քանի որ կա նաեւ թաքնված գործազրկություն՝ մեծ թվով գործազուրկներ, ովքեր գրանցված չեն Զբաղվածության ծառայությունում։ Պաշտոնական վիճակագրության տվյալների մեջ կարելի է եւ՛ ուրախալի բաներ գտնել, եւ՛ հակառակը. նայած՝ ով ինչպես է տրամադրված։ Սակայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող տնտեսական ինդեքսներն ավելի շատ մտահոգվելու տեղիք են տալիս, քան ուրախանալու։

Այսպես, 2008թ. երրորդ եռամսյակի գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ կազմել է 96.8%, տնտեսական ակտիվության ինդեքսը՝ 94.4%, իսկ սպառողների վստահության ինդեքսը՝ 98.4%։

Ուրախանալ կարելի է միայն նրանով, որ թե՛ ԱՎԾ-ն, թե՛ ԿԲ-ն չեն փորձել ամեն ինչ շա՜տ փայլուն ներկայացնել։