Այս ողջ ընթացքում, երբ տեղի ունեցան նախագահական ընտրությունները, եւ թվում է, թե փոխվեց իշխանությունը, եւ, այնուամենայնիվ, ընդդիմությունը չընկրկեց ու շարունակում է պահանջներ ներկայացնել իշխանություններին՝ մե՛րթ սպառնալով, մե՛րթ համոզելով, մե՛րթ էլ նույնիսկ ձեռք մեկնելով, պարզ ու միամիտ հարց է ծագում, թե ինչու, վերջապես, իշխանությունները չեն անում քայլեր, որոնք կբարձրացնեն իշխանության հեղինակությունը եւ կփրկեն երկիրը նորանոր անհեթեթությունների գիրկն ընկնելուց, մանավանդ, որ իշխանափոխության հարցն այնպես սուր չի դրվում, որքան իշխանությունների՝ ուղղվելու եւ ժողովրդավար ու արդարամիտ լինելու հարցը։
Սույն հարցին կարող է հետեւել տրամաբանական եւս մի հարց. արդյո՞ք իշխանությունները գիտեն ճանապարհը, որով պետք է տանեն երկիրը. սույն հարցը ենթադրում է եւս մի հարց. իսկ մի՞թե ողջ պատասխանատվությունը դրված է իշխանությունների վրա, եւ նրանք դատապարտված են երկրի համար այս ծանր պահին միայնակ գործելու։ Այն, որ իշխանությունները շատ լավ գիտակցում են իրավիճակը, ցույց տվեց դեռեւս նախագահական ընտրարշավը, երբ նախագահացուները, մեկը մյուսի ետեւից եւ մեկը մյուսից առաջ ընկնելով, շտապում էին արձանագրել այն բոլոր նեգատիվ երեւույթները, որի իշխանության տակ էին հայտնվել պետությունն ու ժողովուրդը։ Այդ ընթացքում եռանդագին նշվում էին այն ուղիները, որոնք երկիրը պետք է դուրս բերեին ճգնաժամից եւ «առաջ» տանեին այն։ Սակայն ճանապարհի հենց «առաջընթացից», այսպես ասած, ստարտային վիճակից, ուղղակի գնդակոծվեցին թե՛ ժողովուրդը, թե՛ «առաջընթաց» գաղափարները։ Այնուհետեւ իշխանությունն ընկավ իր իսկ իշխանության տակ, մի իշխանություն, որ սպառնում է նրան կուլ տալ անմնացորդ։ Այս վիճակը, կարծես, չի մտահոգում իշխանություններին։ Փոխարենը՝ մտահոգված է ժողովուրդը, մտահոգված են նրանք, ովքեր տեսնում են դրա հետեւանքները, ովքեր մատնացույց են անում այդ վիճակից դուրս գալու ելքը։ Այդ մասին սիրտ պատռելու աստիճան թմբկահարում է մամուլը, այն մամուլը, որ, թվում է թե, դեմ է այս իշխանությունների իշխանությանը, սակայն ավելի շատ է նրա օգտին վերլուծություններ ու առաջարկություններ անում, քան սազը ձեռքին այս իշխանությունների իշխանական բոյն ու բուսաթը գովերգող սեփական սազանդարական հրատարակությունները։ Մինչ այժմ չի եղել մի հարց, որ հրապարակային քննարկման առարկա չդառնա, իշխանություններին չընդունող ժողովուրդն անտարբեր լինի երկրի անմխիթար վիճակին ու չփորձի ինչ-որ կերպ օժանդակել հենց այն իշխանություններին, որ, թեկուզ իր սրտով չեն, սակայն տերն են իրավիճակի։ Բոլոր հարցերի վերաբերյալ իշխանություններն ստանում են անկողմնակալ, ճշգրիտ ու գրագետ պատասխաններ, ցույց են տրվում ելքի ուղիներ, սակայն իշխանությունները՝ ականջներն ու աչքները փակ, միամիտ ժպիտը դեմքներին՝ շարունակում են կեղծ սրտացավությամբ երկիրը գլորել զառիթափով՝ ելքի դուռը շարունակ փնտրելով առաստաղի վրա։ Այս էլ քանի վարչակազմ իր կարիերան փորձում է նշանավորել գիտության պարտեզը քար նետելով, գիտությունը՝ որպես նոխազ, իբր երկրի պաշտպանությանը զոհաբերելու ճիգեր անելով, եւ այս էլ քանի անգամ ժողովուրդը, գիտության սպասավորներն ու գիտությամբ մտահոգ մարդիկ ձայն են բարձրացնում ու աղաղակում, որ առանց գիտության, առանց մշակույթի, առանց արժեքների՝ երկիրն ուղղակի պաշտպանության առարկա չունի, որ երկրի լավագույն պաշտպանությունը նրա արժեքներն են, որ գիտությունն ավելի է պաշտպանում բանակին, ավելի մեծ ծառայություն է մատուցում երկրի պաշտպանությանը, քան սոսկ զենքը ձեռքին կռվողը եւ, ի վերջո, պատերազմը միայն մարտի դաշտում չէ եւ այնտեղ չէ, որ ավարտվում է այն։ Ի վերջո, պահեք երկիրն այնպես, որ մարդիկ չլքեն այն, որ երիտասարդները բավականացնեն թե՛ բանակին, թե՛ գիտությանը, մանավանդ այսօր դպրոցներ են փակվում առաջին դասարան չհավաքելու պատճառով. պահեք այս մի բուռ երկիրը, որ պաշտպանելու բան ունենաք, եւ մի խառնեք գիտությունն ու կոռուպցիան. դրանք տարբեր բաներ են, թեեւ այսօր, ինչպես մոլախոտն ու ծաղիկը, կարող են եւ նույն դաշտում աճել. քաղհանեք մոլախոտն այնպես, որ չվնասվի ծաղիկը, այլապես դաշտը կվերածվի խոպանի, իսկ խոպանին սովորաբար տիրություն են անում օտարները։ Սակայն, հանուն արդարության, պետք է ասել, որ միամտություն կլինի կարծելը, թե իշխանությունները չեն տարբերում գիտությունն ու կոռուպցիան, պարզապես իշխանությունները այսօր ունակ են սոսկ մեկ քայլ անելու, մնացած քայլերը թողնելով բախտի քմահաճույքին, հատկապես, երբ կարծում են, թե այդ մեկ քայլը ձիու այն քայլն է, որ անակնկալի է բերում հակառակորդին։ Եվ իրոք, քայլն անակնկալ է, քանի որ ուղղամիտ մարդու համար առնվազն տարօրինակ է գետի հունը մաքրելու նպատակով ակունքը փակելը, սակայն անակնկալ չէ այնքանով, որքանով ժողովուրդը վաղուց եւ խորապես ճանաչում է այն վիշապին, որ խոստանում է իրեն ջուր տալ։
Ու քանի որ հայտնի է սույն վիշապի վախճանը, ժողովուրդը մնում է զարմացած, թե ինչու, այնուամենայնիվ, իշխանություններն ուշքի չեն գալիս ու շարունակում են վիշապի քաղաքականությունը, ընտրելով մի ճանապարհ, որն ուղղակի կործանման է տանում նրան, ինչու չեն խոստովանում իրենց արատներն ու ազատվում դրանցից, փոխարենը շարունակելով անթաքույց ի ցույց դնել դրանք։ Այս հարցին, իհարկե, ժողովուրդը պատասխան չունի, այլապես չէր զարմանա, պատասխան չունեն եւ իշխանությունները, այլապես չէին անի այն, ինչ անում են, իսկ ես փորձում եմ պատասխանը փնտրել պատմության էջերում եւ օգնության կանչել հին դարերի փիլիսոփային, որ ժամանակին նկատել է. «Ինչո՞ւ մարդը չի խոստովանում իր արատները։ Որովհետեւ դեռեւս սուզված է դրանց մեջ։ Դա միեւնույն է, թե քնած մարդուց պահանջել պատմել իր երազը»։ Հարգանքներիս հավաստիքը մատուցելով Մեծն Սենեկային, թույլ եմ տալիս ավելացնել. իհարկե, մեղք է քնած մարդուց պահանջել պատմել իր երազը, սակայն, կարծում եմ, մեղք չէ ցնցել վատ երազ տեսնողին եւ ժամանակին արթնացնել նրան: