Հոկտեմբերի սկզբին պարզ կդառնա Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի անունը։ Հիշեցնենք, որ նախաորակավորման փուլն անցել են երեք ընկերություններ՝ «Orange» (պատկանում է «France Telecom»-ին (Ֆրանսիա), «CEO Blackrock Communications» (կոնսորցիում՝ Անգլիա եւ Իռլանդիա) եւ «M&A Tele2 AB» (Շվեդիա)։ Առաջիկայում այս երեք կազմակերպությունները պետք է մրցութային հանձնաժողովին ներկայացնեն հայտ-առաջարկներ, որոնց հիման վրա կորոշվի հաղթող ընկերությունը։
«France Telecom»-ն աշխարհում հայտնի եւ առաջատար օպերատորներից է, որն ավելի քան 170 մլն հաճախորդների ծառայություն է մատուցում 5 մայրցամաքներում, դրանցից 120 միլիոնին՝ «Orange» ապրանքանիշով։ Այս տվյալները ներկայացրին «France Telecom»-ի կապերի եւ ապրանքանիշերի բաժնի ներկայացուցիչ Բերտրան Դերոնշենը եւ միջազգային բիզնեսի զարգացման տնօրեն Ժան-Միշել Սերը։ «Orange»-ը երկու տարի անընդմեջ արժանացել է «Աշխարհի լավագույն օպերատոր» եւ «Լավագույն նորարար» մրցանակներին։ 110 մլն հաճախորդ օգտվում է շարժական լայնաշերտ կապից, որոնցից 13 միլիոնը՝ նաեւ «Orange World» շարժական պորտալից։ Ընկերությունը ողջ աշխարհում ունի մոտ 187 հազար աշխատակից, տարեկան հասույթը 52,9 մլրդ եվրո է, որի 47 տոկոսը՝ Ֆրանսիայից դուրս։ 2007-ին ունեցել է 4,6 մլն եվրոյի շահույթ։ Սպասարկման կենտրոններ ունի 166 երկրում, ցանցում ընդգրկում է մոտ 220 երկիր։ «France Telecom» խումբը ծառայություններ է մատուցում 3750 բազմազգ ընկերությունների եւ ավելի քան 400 հազար փոքր, միջին եւ խոշոր ձեռնարկությունների։ Ինչո՞վ է հայաստանյան փոքր շուկան գրավել աշխարհում բջջային կապի առաջատար օպերատորներից մեկին։ «Orange»-ի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանը թեեւ փոքր, բայց բավականին զարգացած երկիր է՝ կրթված կադրերով ու հասարակությամբ, բաց արտաքին աշխարհի համար եւ պատրաստ ընդունելու նորագույն տեխնոլոգիաներ։ «France Telecom»-ն աշխատանքի փորձ ունի բոլոր տեսակի տնտեսություններում, եւ ընկերության ներկայացուցիչները հավատացած են, որ Հայաստանում իրենց գործունեությունն արդյունավետ կլինի։ «France Telecom»-ը տարեկան 900 մլն եվրո է ծախսում ուսումնասիրությունների եւ նորարարությունների վրա։ Ողջ աշխարհում գործում են ընկերության 4 հազար փորձագետներ, որոնք ուսումնասիրում են տվյալ երկրի շուկան եւ առկա պահանջարկը։ Աշխատանքի արդյունքում «Orange»-ի ներկայացուցիչները եկել են եզրակացության, որ բոլոր երկրներում էլ հաճախորդները ցանկանում են ծառայությունների բարձր որակ, տեխնոլոգիաների օգտագործման հեշտություն։ 1988 թվականից հեռահաղորդակցության շուկայում գործող «France Telecom»-ը տարին երկու անգամ կազմակերպում է ցուցահանդես, որի ընթացքում ներկայացնում է ավելի քան 20 նոր ծառայություններ եւ տեխնոլոգիաներ։ «France Telecom»-ի խմբի ներկայացուցիչները նշում են, որ իրենք, մուտք գործելով որեւէ երկրի շուկա, այնտեղ մնում են երկար եւ հանդես են գալիս ոչ միայն որպես ֆինանսական ներդրող, այլեւ արդյունաբերական գործընկեր՝ այդպիսով նպաստելով տվյալ երկրի տնտեսության զարգացմանը։ Ընկերության ներկայացուցիչներին չի անհանգստացնում Հայաստանի քաղաքական անկայունությունը եւ հարեւան Ադրբեջանի հետ հակամարտության մեջ գտնվելը։ Նրանք Հայաստանը համարում են կայուն եւ զարգացող տնտեսություն ունեցող երկիր, ուստի ռիսկեր իրենց գործունեության համար չեն տեսնում։ Ընկերությունն այժմ ուսումնասիրություններ է կատարում հայկական շուկայի տարբեր ոլորտներում՝ ամբողջական պատկերացում կազմելու համար, որոնց արդյունքում կտան զարգացման իրենց ծրագիրը։