Մամուլը «ծայրահեղ միակողմանի» է

23/09/2008 Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հայաստան-Սփյուռք կապերի առավել գործնական ուղիներ գտնելու եւ համահայկական լրատվամիջոցների դերն այս ոլորտում ուժեղացնելու նպատակով սեպտեմբերի 17-22-ը Ծաղկաձորում հավաքվել են հայաստանյան եւ Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարները:

Համաժողովը կրում է «Աշխարհի հետ մեր ինքնությամբ» խորագիրը եւ կազմակերպվել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագրի շրջանակներում: «Սփյուռքը բնակավայր է այնտեղ ապրող հայերի համար, բայց ամեն հայ պետք է ապրի Հայաստանով: Մենք տասը միլիոն ենք, սա հսկայական ուժ է, միայն թե ամեն ոք պետք է մտածի Հայաստանի մասին եւ ասի` ես հայ եմ»,- ասում է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Ըստ տիկին Գեւորգյանի, ցանկալի է նաեւ, որ հայաստանյան լրատվամիջոցներն ունենան «Լուրեր Սփյուռքից» խորագիր, որպեսզի ընթերցողները տեղյակ լինեն Սփյուռքի անցուդարձից, որպեսզի կապը Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ փոխադարձ լինի: Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ, ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանն էլ կարեւորեց որոշ հարցերի շուրջ համահայկական դիրքորոշում ունենալը, ինչում, ըստ նրա` անփոխարինելի է մամուլի դերը: «Օրինակ` Ադրբեջանը պահանջում է Հունգարիայի կառավարությունից Սաֆարովին հանձնել Ադրբեջանին: Եթե ողջ համահայկական լրատվամիջոցները միասնական ճակատով հանդես գան, իրենց ազդեցությունը կունենան Հունգարիայի կառավարության որոշման վրա»,- նշեց Արամ Սարգսյանը: Համաժողովին զեկույցներով հանդես եկող բոլոր մասնակիցներն էլ նշեցին, որ կարեւոր է հայոց հիմնական արժեքի` էության հայկականության պահպանումը: Ուստի պետք է համահայկական լրատվամիջոցներն այս ուղղությամբ ակտիվ գործունեություն ծավալեն, միավորեն Հայաստանը եւ Սփյուռքը մեկ գաղափարի շուրջ: «Այստեղ մեր գտնվելու հիմնական նպատակը հարցեր շոշափելն է, եւ դրանց համար լուծում գտնելը: Նման համաժողովից մենք պետք է դուրս գանք մի քանի կարեւոր որոշումներով: Մի մասը մենք կարող ենք իրականացնել, մի շարք խնդիրներ էլ պետականորեն պետք է լուծում ստանան»,- ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը` հանդես գալով «Աշխարհի հետ մեր ինքնությամբ. Հայրենիք-Սփյուռք համագործակցության հիմնախնդիրներ» խորագրով զեկույցով: Անդրադառնալով համաժողովի քննարկման հիմնական թեմային` Հակոբ Ավետիքյանը ներկայացրեց Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների խնդիրներն ու դժվարությունները, առաջխաղացումներն ու ձեռքբերումները: Ըստ Հ. Ավետիքյանի` սփյուռքահայ մամուլի հիմնական խնդիրներից է ընթերցողների նվազումը, նրանց ծերացումը: Ըստ նրա` Սփյուռքի մամուլի խնդիրներից են նաեւ կադրերի, գովազդի պակասը, ֆինանսական միջոցների սղությունը, ինչպես նաեւ՝ համակարգչային սուղ միջոցները, ինչը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով: Իսկ որպես մեծ բացթողում` Հ. Ավետիքյանը նշեց համահայկական նշանակության հեռուստատեսությունների բացակայությունը: Սակայն, ըստ Հ. Ավետիքյանի` չնայած այս ամենին, կա նաեւ որոշակի առաջընթաց: Որոշ սփյուռքահայ թերթեր ունեն բարեկարգ եւ ժամանակակից տեխնիկայով հագեցած խմբագրատներ: Բացի այդ, Հ. Ավետիքյանի հավաստմամբ` սփյուռքահայ մամուլը սկսել է ակտիվ գործել նաեւ ինտերնետում: Բեյրութում, Պոլսում (Ստամբուլում) ստեղծվել են օրաթերթային կայքէջեր, որոնք աստիճանաբար զարգանում են: Իսկ հայաստանյան մամուլը Հ. Ավետիքյանը բնորոշեց որպես ծայրահեղ բեւեռացված, որոնք հանդես են գալիս հիմնականում միակողմանի լուսաբանմամբ: Ըստ նրա` հայաստանյան մամուլին բնորոշ է միաբովանդակ լինելը: Համաժողովի մասնակիցները սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ, կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանին, կմասնակցեն Անկախության օրվա միջոցառումներին: «Խորհրդանշական է, որ այս գործնական նպատակներ հետապնդող համաժողովը համընկավ Հայաստանի Անկախության 17-րդ տարելիցի հետ»,- ասաց Աստղիկ Գեւորգյանը: