Մոսկվայի Չեխովի անվան Գեղարվեստական թատրոնի հյուրախաղերին հայ հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ էր սպասում: Ներկայացումը դիտելուց հետո, սակայն, այդ ոգեւորությունը
շատերի մոտ մարեց:
Դրա պատճառը գուցեեւ գավառում իմիջիայլոց ելույթ ունենալու ռուսների ավանդույթն էր, կամ էլ` ներկայացվածը պարզապես անհաջող բեմադրություն էր: Լավագույն ռուսական թատրոններից մեկը Երեւանում ցուցադրեց Շեքսպիրի «Համլետը», որտեղ խաղում էին «մենթերի» մասին պատմող ու բարձր վարկանիշ ունեցող հեռուստասերիալների դերասան-աստղեր Կոնստանտին Խաբենսկին, Միխայիլ Տրուխինը, Միխայիլ Պորեչենկովը:
Ընդունված է ասել, որ «Համլետը» ժամանակի յուրահատուկ հայելին է, որտեղ լավ երեւում է, թե ովքեր եւ ինչպիսին են մեր ժամանակների հերոսները: Իսկ այդ ներկայացումը փորձեց ակնարկել, որ այսօր հերոսը ոչ թե Համլետն է, այլ` եղբորը սպանած թագավոր Կլավդիոսը: Այդ միտքը միայն ակնարկվեց ներկայացման մեջ, հետո կորավ, հետո ի հայտ եկավ մերթ ջղաձիգ, մերթ խեղկատակ Համլետ-Տրուխինը, ով կարծես չգիտեր` ի՞նչ անել իր հերոսի հետ: Այդ Համլետը փիլիսոփա չէր, ոչ էլ` զոհ, նա … անհասկանալի էր: Ներկայացման ռեժիսոր Յուրի Բուտուսովը մտերմացրել ու ընկերացրել էր Համլետին ու նրա վրեժի եւ ցասումի թիրախ Կլավդիոսին, կարծես նրանք մանկության ընկերներ լինեին: Եվ այդ մտերմացումը զրկել էր ներկայացումը ողբերգական երանգից, փոխարենը վերածելով դրան կլիպային դրվագների: Ընդ որում` շատ գեղեցիկ ձեւավորված ու բուտաֆորիայով լեցուն դրվագների, որոնք առանձին վերցրած բավականին տպավորիչ էին, բայց ընդհանուր պատկեր չէին ստեղծում, եւ անհասկանալի էր մնում, թե իրականում ինչո՞ւ է հենց այդ` բազմաթիվ ավարտներ հուշող պիեսը ընտրվել, եթե հիմնական միտքը անավարտությունն էր: Համենայնդեպս, հիշողության մեջ մնում էին հենց դեկորացիաները, լույսի ու խավարի հաշվարկված չափաբաժինն ու մի քանի դրվագներ (օրինակ, լավն էին գերեզմանափորների զրույցն ու սրնգի փոխարեն աթոռի ոտքի ու փայտի օգտագործումը, որոնք հանկարծ «նվագում» էին):
Կլավդիոս-Խաբենսկին շատ ավելի համոզիչ ու հետաքրքիր էր, քան Դանեմարքայի իշխանը, քանի որ սրիկաներ խաղալը միշտ էլ ավելի հեշտ ու շահեկան է: Իսկ Համլետ-Տրուխինը պարզապես չգիտեր ինչպես վարվել իր հերոսի հետ: Դերասանը Երեւանում ասաց, որ շատ տպավորված է եղել Վլադիմիր Վիսոցկու Համլետից: Եվ ՄԽՏ-ի ներկայացման մեջ նա իրոք ջանասիրաբար փորձում էր Վիսոցկուն հատուկ ողբերգական խռպոտություն մտցնել, սակայն այդ ներկայացման մեջ դա ավելորդ էր, նրա Համլետը ոչ թե մարդկության քողարկված խիղճն էր, այլ` ընդամենը հիստերիկ մի անձ, որին թեեւ սազում էին կատակները, բայց ոչ` լինել, չլինելու խնդիրների մասին խորհելը: Նույնիսկ այդ հայտնի մենախոսությունը ասելու համար դերասանին պետք եկավ մետաղյա սեղանը, որը նա բեմով մեկ էր քաշում` կարծես «լինելը» զուտ ֆիզիկական գործ կատարել էր նշանակում:
Ներկայացումն ընդհանրապես կլիպային կառուցվածք ուներ, եւ յուրաքանչյուր միտք կիսատ էր մնում: Կարծես որոշվել էր ոչ մի դեպքում թույլ չտալ, որպեսզի հանդիսատեսը ձանձրանա, եւ արդյունքում ստացվել ներկայացում, որտեղ, թեեւ ձանձրույթ չկար, բայց մտածելու առիթներ էլ չկային: Երեւանի Շեքսպիրյան փառատոնի հյուր, շեքսպիրագետ Անդրեյ Բարտոշեւիչը ՄԽՏ-ի այդ ներկայացման մասին բավականին զուսպ արտահայտվեց` խորհուրդ տալով ամեն դեպքում դիտել այն: Փաստ է, որ ՄԽՏ-ի «Համլետը» ներկայացումը լի էր խոտանով, որի առկայությունը չէին կարողանում մեղմել խորություն ստեղծող խորամանկ ու գեղեցիկ դեկորացիաները ու հնչեղ դերասանական անունները: Ռուս դերասանները Երեւանում գտնվելու ժամանակ նշեցին, որ զարմացած են մնացել հայ հանդիսատեսի արձագանքից: «Երբեմն թվում էր, որ հայ հանդիսատեսի մեծ մասը տեքստը չի հասկանում կամ էլ ներկայացման ընթացքում մեկ այլ բանի մասին է մտածում»,- ասաց աստղային դերասան Կ.Խաբենսկին: Իսկ շարքային հայ հանդիսատեսը, որը բավականին մեծ գումարով ներկայացման տոմսեր էր գնել ու եկել էր լավ թատրոն դիտելու, կարող էր հակադարձել` ասելով՝ «Թեեւ մենք լավ ներկայացումներ քիչ ենք դիտել, բայց ձեր ներկայացումը հաստատ այդ շարքերում չէր»: