Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆետ Ասքերովը երեկ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական նոր ձեւաչափ ստեղծելու անհրաժեշտություն չկա: «ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է 1992թ., եւ առայժմ նրա գործունեության արդյունքներ չկան: Չնայած դրան, Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը»,- ասել է Ասքերովը` հավելելով, թե հակամարտության կարգավորման միջնորդական նոր ձեւաչափի ստեղծումը կարող է հանգեցնել միայն ժամանակի կորստի: «Պարզապես Մինսկի խմբի անդամ յուրաքանչյուր երկիր պետք է հասկանա, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համաձայն եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ, որ այլընտրական ճանապարհ չկա»,- ասել է նա: Ասքերովը նաեւ ասել է, թե` «ամեն ինչ չէ, որ կախված է միջնորդներից, շատ բան կախված է Հայաստանից»: «Վերջիվերջո, Հայաստանը կհասկանա, որ հակամարտության շարունակումը հեռանկարներ չունի, որ դա վնասում է միայն հենց իրեն»,- ասել է Ասքերովը: Անդրադառնալով միջնորդական գործընթացին միջազգային այլ կազմակերպությունների միանալուն՝ Ասքերովը նշել է, որ «դրան կարող են միանալ բոլոր ցանկացողները, բայց դա պետք է լինի ոչ թե խոսքով, այլ իրական օգնություն»: «Եթե որեւիցե միջազգային կազմակերպություն ցանկանում է իրական օգնություն ցուցաբերել, թող միանա գործընթացին»,- ասել է նա: