Տիգրան Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելուց ի վեր հասարակությանը սկսեցին պարբերաբար հույսեր ներշնչել, որ մեր երկիրը ուր որ է կդառնա տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, մի խոսքով՝ իսկական բիզնես դրախտ օտարերկրյա ներդրողների համար։
Սակայն Համաշխարհային բանկի «Doing Business-2009» զեկույցը ցույց տվեց, որ մենք այս առումով նահանջ ենք ապրում եւ զգալիորեն զիջում ենք մեր հարեւաններին՝ Ադրբեջանին եւ Վրաստանին։ Իսկ ռուս-վրացական օգոստոսյան հակամարտությունն ակնառու դարձրեց, որ մենք, եթե անգամ կենտրոն ենք, ապա դժվարությունների կենտրոն ենք։ Մի քանի օր տեւած հակամարտության պատճառով տնտեսությունը հասավ կաթվածահար լինելու եզրին՝ բարձրացան գրեթե բոլոր ապրանքների գները, վառելիք չկար եւ այլն։ Ինչպես նշել էինք, ամերիկացի կոնգրեսմեն Բրեդ Շերմանն անգամ քանակական գնահատական էր տվել, թե մեր երկրի տնտեսությունը որքան վնաս է կրել Ռուս-վրացական պատերազմի պատճառով՝ 680 միլիոն դոլար։ Չգիտենք, ինչ հիմքերով էր նա այդ թիվն ասել, ով էր հաշվարկել, ինչպես։ Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց հայաստանյան որեւէ կառույցից այս առումով պարզաբանում ստանալ՝ արդյո՞ք վնասն այդքան մեծ է, եւ ի՞նչ ձեւով է այն արտահայտվում։
Երկու օր առաջ փորձեցինք այդ հարցը ճշտել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոյից։ «Մենք այդպիսի գնահատում չենք արել, բայց գիտեինք, որ շատ բեռներ մնացել էին նավահանգստում, եւ հնարավոր չէր լինում դրանք տեղափոխել Հայաստան»,- ասաց նա։
Մենք էլ դա գիտեինք, մեր կաշվի վրա էինք զգում։ Իսկ եթե անկեղծ խոսենք՝ տիկին Կաստելո-Բրանկոյից որեւէ նոր ու օգտակար բան չլսեցինք։ Չէ, օրինակ, հեռուստատեսային լրատվականների համար շատ էլ օգտակար էր՝ տիկնոջ ասած մի քանի նախադասությունները ոչ այլ ինչ էին, քան իշխանությունների գովքը։ Օրինակ՝ կառավարությունը շատ շրջահայաց քաղաքականություն է իրականացնում, հավակնոտ բարեփոխումներ՝ հատկապես հարկային եւ մաքսային ոլորտներում, բյուջեի կատարումը շրջահայաց մինչ այժմ է եղել, Վրաստան-Ռուսաստան հակամարտությունն էական բացասական ազդեցություն չի թողել աճի հեռանկարի վրա, եւ եթե լարվածությունը չշարունակվի, ապա այս տարի հնարավոր կլինի ապահովել 10 տոկոս իրական տնտեսական աճի տեմպ եւ այլն։
Տիկին Կաստելոյից հետաքրքրվեցինք՝ մեր կառավարությունն արդյոք իրենց հետ խորհրդակցե՞լ է հարկային եւ մաքսային մարմինները միավորելուց առաջ, եւ ԱՄՀ-ն ինչպե՞ս է վերաբերվում այդ քայլին։ Պատասխանից, ճիշտն ասած, ոչինչ չհասկացանք՝ նա նշեց, որ այդ կառույցներն ինչ-որ առումով պետք է առանձին կառավարվեն, որպեսզի գործառույթները չկրկնվեն, հետո նորից խոսեց բարեփոխումների մասին, վերջում էլ ավելացրեց, որ ԱՄՀ-ն ավելի շատ իր ուշադրությունը կենտրոնացնում է հարկային ոլորտի վրա։ Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ ըստ ԱՄՀ-ի՝ բյուջեի կատարումը շրջահայաց է եղել, սակայն Սերժ Սարգսյանի խոսքերով՝ հարկայինը շատ վատ էր աշխատում։
Եթե շարունակենք անկեղծ լինել, ապա այնպիսի տպավորություն էր, թե ԱՄՀ ղեկավարներն ընդհանրապես կտրված են հայաստանյան իրականությունից, եւ այդ իրականությունն իրենց առանձնապես չի էլ հետաքրքրում։ Օրինակ, գնաճի մասին խոսելիս՝ ԱՄՀ-ն նշում է, որ օգոստոսին 11.5 տոկոսի հասած գնաճը հիմնականում պայմանավորված է արտաքին ցնցումներով, սակայն կա նաեւ ներքին պահանջարկի ավելացման գործոնը՝ պայմանավորված եկամուտների աճով, վարկավորման արագ աճով եւ խոշոր արտարժութային ներհոսքերով։ Տիկին Կաստելոյին, օրինակ, մտահոգում է աշխատավարձերի արագ աճը (իր իսկ խոսքերով), որը կարող է ազդել գնաճի վրա։ Իսկ մտահոգություն առ այն, որ հայրենի ներմուծող-մոնոպոլիստները առիթից օգտվելով շատ ավելի թանկ են վաճառում ապրանքները, չլսեցինք։
Հայաստանյան իրականությունից կտրված լինելու մասին է խոսում նրա այն լավատեսությունը, թե միջազգային գների (մասնավորապես՝ վառելիքի) անկումը կանդրադառնա նաեւ մեր երկրի վրա։ Եվ դա՝ զուգորդվելով դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության խստացման հետ, գնաճի ցուցանիշը տարվա վերջին կիջեցնի շուրջ 7.5 տոկոսի։ Այս առումով հիշեցնենք միայն, որ նավթամթերքի համաշխարհային գները նվազել են մոտ 20-25%-ով, իսկ Հայաստանում՝ շուրջ 5%-ով։ Եվ այդ 5%-ի իջեցումն էլ ներկայացվեց որպես վառելիք ներկրողների կողմից մեծագույն բարեհոգություն։
Ինչեւէ, պետք էլ չէ զարմանալ, որ միջազգային կազմակերպություններին իրականությունն այնքան էլ չի հետաքրքրում։ Նրանց ավելի շատ հետաքրքրում են ցուցանիշները՝ գույնզգույն թվերի տեսքով։
Մի խոսքով, որքան էլ ցավալի լինի, փաստն այն է, որ մենք աշխարհից կտրված ենք, աշխարհն էլ՝ մեզնից։ Թեեւ դրա մեջ էլ լավ բաներ կան։ Օրինակ՝ աշխարհն այսօր խիստ մտահոգված է «Lehman Brothers» բանկի սնանկացմամբ։ Գրեթե բոլոր զարգացած երկրների ֆոնդային բորսաներում խուճապ է, անկում է գնում։ Մեզ մոտ նման բան չկա, որովհետեւգ ֆոնդային բորսա՝ որպես այդպիսին, չունենք, կամ ունենք՝ միայն թղթի վրա։ Վտանգի տակ է հայտնվել զարգացած երկրների բանկային համակարգերի գործունեությունը. կենտրոնական բանկերը քայլեր են ձեռնարկում՝ միլիարդավոր դոլարների վարկեր են տրամադրում վարկային կազմակերպություններին, քանի որ, եթե այս ամենի դեմը չառնեն՝ բանկերը կդադարեցնեն ֆինանսավորել տնտեսությունը եւ տնտեսական ակտիվությունը կանգ կառնի։ Մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է, բանկերում ընդամենը հետաքրքրության համար են կարդում այս ինֆորմացիան, որովհետեւ որքան էլ ասում են, որ մեր երկրում բանկային համակարգը զարգացած է, այն չի կատարում իր հիմնական ֆունկցիան՝ չի ֆինանսավորում տնտեսությունը։ Որեւէ ազդեցություն ՀՀ բանկերի գործունեության, պայմանների, տոկոսադրույքների վրա միջազգային այս ճգնաժամը չի ունեցել։ Բրիտանական ֆինանսական փորձագետներից մեկը «Եվրոնյուսով» երեկ ասում էր. «Մեր առջեւ այս ֆինանսական ճգնաժամի պատմության վերջին գլուխն է։ Դա չի նշանակում, որ ավելի վատ այլեւս չի լինի. կլինեն հերթական վատ նորությունները, կլինի նաեւ նոր ցնցում։ Սակայն ինչ-որ բան մենք բոլորս արդեն գիտակցեցինք՝ վարկերն այլեւս երբեք չեն լինի այնպիսին, ինչպիսին էին 1-2 տարի առաջ։ Հիպոթեքային վարկերի տրամադրման համակարգը կփոխվի։ Փողի հասանելիությունը կախված կլինի ձեր վճարունակությունից։ Մենք վերադառնում ենք 1970-ական թվականներգ»։
Իսկ մեզ ոչինչ չի սպառնում, թեկուզ հենց այն պատճառով, որ մենք այս առումով դեռեւս 1970-ականներում ենք։