Ասում է ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի անդամ Վահե Հովհաննիսյանը, ով 2008թ. մայիսին հրաժարվեց պատգամավորական մանդատից:
– Ինչո՞ւ հրաժարվեցիք պատգամավորի մանդատից: Մինչ օրս կարծես թե որեւէ մեկնաբանություն ձեր կողմից չի եղել, սակայն տարբեր վարկածներ էին շրջանառվում ներքաղաքական կուլիսներում:
– Ես հրաժարականի դիմում ներկայացրեցի այս տարվա մայիսին` նշելով երկու հիմնական պատճառ. չեմ ուզում աշխատել Ազգային ժողովում եւ այս փուլում չեմ ուզում զբաղեցնել պետական պաշտոն` նախընտրելով մասնավոր գործունեությունը: Չգիտեմ` որքանով էին սպառիչ իմ բացատրությունները: Իմանալով այսօր Հայաստանում ընդունված նորմերը` շատերը հակված չէին հավատալու եւ փնտրում էին այլ` ավելի հետաքրքիր վարկածներ` կոնֆլիկտներ, իջեցված հրահանգ եւ այլն: Ազգային ժողովում ես աշխատել եմ մոտ մեկ տարի, եղել եմ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի անդամ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ: ԱԺ-ում եւս ունեմ ընկերներ, մտերիմ մարդիկ` առանց բացառության բոլոր խմբակցություններից, եւ ես որեւէ պարագայում այդ մարդկանց հասցեին որեւէ ոչ կոռեկտ բան չեմ ասել եւ չեմ կարող ասել, որքան էլ դա հետաքրքիր լիներ լսելը:
Այլ հարց է տիրող մթնոլորտը, հիմնական խաղի կանոնները, որոնք առանձին քննարկման թեմա են, ու այստեղ արդեն կարելի է խոսել այլ ձեւակերպումներով:
Ինչ վերաբերում է, իբր, իմ ունեցած հնարավոր կոնֆլիկտին: Որքան ես հասկանում եմ` մանդատից հրաժարվելու համար կոնֆլիկտը պետք է լինի խմբակցության ղեկավարի հետ: Թե՛ հրաժարականի պահին, ու թե՛ հիմա, հավաստիացնում եմ, Գագիկ Ծառուկյանի հետ որեւէ խնդիր չի եղել եւ չկա: Մենք աշխատել ենք բացառապես փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտում: Այդ ընթացքում եղել են մարդկային ամենաջերմ հարաբերությունները, որոնք կան նաեւ հիմա: Իմ համոզմամբ` Ծառուկյանն այսօրվա քաղաքական էլիտայում գտնվող շատերից ավելի խորն է պատկերացնում երկրի առջեւ առկա խնդիրները, ավելի սթափ է նայում իրականությանը եւ ամենածանր իրավիճակներում շատերից ավելի պարկեշտ է գտնվել: Կան բաներ, որոնք մանրամասնելը, կարծում եմ, այսօր դեռ տեղին չէ: Հիմա կողքից ավելի հանգիստ եւ ավելի անկողմնակալ եմ նայում թե՛ Ազգային ժողովին, թե՛ պետական համակարգին, եւ, որ ամենակարեւորն է, քաղաքական-հասարակական պրոցեսներին: Կրկին եկել եմ այն համոզման, որ կարեւորն ընդհանուր մթնոլորտն է, խաղի կանոնը, պետական համակարգում եւ հասարակության մեջ հարաբերությունների որակը, խրախուսվող արժեքների տեսակը: Այստեղ է, որ հսկայական խնդիրներ կան, առկա է սողացող այլասերում:
– Այսինքն՝ համաձա՞յն եք, որ ԱԺ պատգամավորն իրականում որեւէ դերակատարություն կան ֆունկցիա չունի:
– Պատգամավոր լինել-չլինելն իմ եւ խորհրդարանի կյանքում, ըստ էության, ոչինչ չի փոխում: Պատգամավորի ֆունկցիան այսօր, ցավոք (չնչին բացառություններով), կոճակ սեղմելն է, թելադրված հայտարարություն կարդալը, ինստրուկտավորված հեռուստաեթերները եւ այլն: Կանես դու թե կանեն մյուսները` չկա ոչ մի տարբերություն: Այլ հարց է, որ կարող ես նաեւ չանել: Ես որեւէ կերպ չեմ կարող հասկանալ, թե ինչպես է հնարավոր, որ պատգամավորը մի խնդրի վերաբերյալ (ընդ որում` պարտադիր չէ` քաղաքական) ունենա մի կարծիք, որը միջանցքներում կամ աշխատասենյակում բոցաշունչ պաշտպանում է, բայց երբ կառավարությունը բերում է տրամագծորեն հակառակ օրինագիծը, նույն բոցաշնչությամբ արդեն ԱԺ ամբիոնից պաշտպանում է այդ հակառակ տեսակետը, կողմ քվեարկում, իսկ հետո ասում՝ «էս մեզ ինչ օրն են գցում»: Ցավոք, այդպես են անում շատերը: Բնական հարց է առաջանում. ով է «էդ օրը գցում», եթե ոչ` ինքներս մեզ: Սա է այսօրվա խաղի կանոններից մեկը` բացարձակ եւ անվերապահ հնազանդություն` անկախ նրանից, թե ինչ դիրք ես զբաղեցնում, եւ ինչ լիազորություններ են քեզ տրված օրենքով ու Սահմանադրությամբ: Այս մոտեցումը պետք է ջարդել, ու դրանից երկիրը կշահի, նույն իշխանությունը կշահի, հասարակության մեջ վստահությունը կմեծանա պետական համակարգի հանդեպ: Նման որակներով պետությունն առաջ չի գնա: Այսօր պետական համակարգի հարաբերություններում առավել հաճախ շրջանառվում է երեք սկզբունքային «դիրքորոշում»` բամբասանք, քծնանք եւ հնազանդություն: Դրանց շնորհիվ են ունենում առաջխաղացում աշխատանքում, ձեռք են բերում «վստահություն», նյութական բարիքներ:
– Օրինակ, Հարկային պետական ծառայությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթն իշխանական լրատվամիջոցները ներկայացնում էին հենց Ձեր նշած տրամաբանության մեջ, սակայն շատերի կարծիքով՝ այն ինչ-ինչ ներքին խնդիրների լուծման նպատակ ուներ:
– Ինձ, անկեղծ ասած, մարդկայնորեն հասկանալի էր Սերժ Սարգսյանի պոռթկումը Հարկայինում: Նշված սկզբունքներից երկուսը նա մատնանշեց: Բայց միայն մատնանշելը շատ քիչ է: Կարեւոր է հասկանալ պատճառները եւ ունենալ խնդիր` փոխել դրանք: Այդ երեւույթների ծավալները, իրոք, սահմռկեցուցիչ են, եւ եթե դու համակարգի ներսում չես եղել, ապա շատ դժվար է դա պատկերացնել: Այդ «սկզբունքները» չէին գերիշխի, չէին խեղդի այլ սկզբունքների, եթե դրանք չխրախուսվեին: Պետական համակարգում եւ հասարակական հարաբերություններում նման որակներ խրախուսելը ծանր աղետների է բերելու: Բազմաթիվ պատրաստված, պարկեշտ մասնագետներ ինքնակամ դուրս են գալիս պետական համակարգից, իսկ այն մասն էլ, ով, այնուամենայնիվ, դեմ գնալով իր սկզբունքներին, մնում է, ամեն հերթական ստորացումից հետո ավելի է չարանում ու պետության համար ավելի անպիտան դառնում: Պետք է դադարեցվի պետական մակարդակով անմեղսունակության խրախուսումը, եւ պետությունը պետք է անցնի անհատներից պետական ինստիտուտների միջոցով կառավարմանը: Սրանք անհետաձգելի քայլեր են: Ուզում եք ասեք՝ բարեփոխում, բարեշրջում, հեղափոխություն` միեւնույն է, եթե սա չարվեց, ապա Հայաստանի Հանրապետությունն ապագա չունի: Ասում եմ առանց չափազանցության: Երկիրն իր մշակութաբանությամբ վերածվելու է կիսաարեւելյան, կիսախանական մի անհասկանալի բանի: Իմ նշած երկու քայլերն իրագործելն իրականում շատ դժվար է, անձնական հարաբերություններում ճահճացած պետական համակարգում շատ բարդ է նման անցում կատարել: Բայց եթե հիմնական ուղղությունը, դրա անհրաժեշտությունն ընդունվի, ապա մեխանիզմների ընտրությունը քննարկումների, բանավեճերի առարկա է: Իմ խորին համոզմամբ` առանց պետության միջամտության, այդ թվում` կոշտ, դրան հասնելը հնարավոր չէ: Բայց պետությունը պետք է տարանջատվի ընկերական ու ընտանեկան կապվածությունից: Մեր երկրում այսօր որեւէ ինստիտուտ լիարժեք չի գործում` առանց բացառության: Իմիտացիան հասել է անչափելի մակարդակի: Ապրելու, աշխատելու, կառավարելու, ընդվզելու, կարծիք հայտնելու, բարեփոխելու եւ այլ իմիտացիոն պրոցեսների մեջ մենք բոլորս ենք ներքաշված: Վերցրեք ցանկացած համակարգ ու դուք կհամոզվեք:
– Ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել պետության ներսում ոչ լիարժեք կառույցների, համակարգերի առկայությունը:
– Կառավարման համակարգում, հասարակական կյանքում ինստիտուտների իմիտացիայի վառ օրինակ էր ռուս-վրացական հակամարտությունը: Յոթ օր շարունակ Երեւանից ընդամենը մի քանի հարյուր կմ հեռավորության վրա պատերազմ էր ընթանում: Ի՞նչ կատարվեց մեզ մոտ. հերթով թվարկեմ` ա) խորհրդարանը չհրավիրեց արտահերթ նիստ` չլսեց արտգործնախարարին, պաշտպանության նախարարին, տրանսպորտի նախարարին, արտակարգ իրավիճակների նախարարին, բ) Անվտանգության խորհրդի նիստը գումարվեց ռազմական բախումի սկզբից միայն 7-րդ օրը, գ) որեւէ խորհրդարանական կուսակցություն չգումարեց իր ղեկավար մարմնի հրատապ նիստ եւ պաշտոնապես չհրապարակեց իր տեսակետը, դ) հեռուստաընկերություններից ոչ մեկը չապահովեց օպերատիվ տեղեկատվություն հակամարտության գոտուց եւ ներկայացրեց լուրջ վերլուծություններ: Ես առնվազն չորս համակարգ թվարկեցի, որոնք գործեցին իրավիճակին ոչ համարժեք: Սա մեծ հաշվով նշանակում է, որ մենք չունենք իրական խորհրդարան, իրական Անվտանգության խորհուրդ, իրական կուսակցություններ, իրական հեռուստաընկերություններ: Մեր կողքին պատերազմ է, գերտերությունները մտել են խաղի մեջ, այն ափին, որտեղ մեկ ամիս առաջ տասնյակ-հազարներով լողում էին մեր հայրենակիցները, այսօր դեմ-դիմաց կանգնած են ամերիկյան եւ ռուսական ռազմական նավերը, իսկ մեր եթերը երգ-երաժշտությունից ու սերիալներից այն կողմ չանցավ: Մենք սրանով չենք փախչում իրականությունից, մենք ընդամենը ցույց ենք տալիս, որ մենք մեր վիճակին «ոչ ադեկվատ» պետություն ենք:
Մեկ այլ օրինակ է հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը: Ընդամենը մեկ-երկու տարի առաջ մարդիկ, որոնք այսօր ինքնամոռաց ողջունում են հայ-թուրքական հարաբերությունների լավացման թեման, հանդես էին գալիս լրիվ հակառակ տեսանկյունից: Ընդամենը մեկ բան էր պետք. Սերժ Սարգսյանը հստակեցրեց իր տեսակետը, ու քաղաքագետների, քաղաքական գործիչների, կուսակցականների լայն զանգվածներն ինքնամոռաց լծվեցին այդ տեսակետը պաշտպանելու սուրբ գործին: Մեկ-երկու տարի առաջ, երբ նախագահ Քոչարյանը ավելի զուսպ քաղաքականություն էր վարում այս հարցում, նույն մարդիկ, նույն կառույցները մոլեռանդ հակաթուրքական դիրքորոշում ունեին: Ինքս երբեք չեմ եղել Դաշնակցության համախոհը եւ չեմ կիսել նրանց տեսակետները շատ հարցերի վերաբերյալ, բայց եթե այս «թուրքասեր ինքնամոռացության» փուլում չլինեին դաշնակների ակցիաները, ապա անհատական եւ պետական ամոթի զգացողությունը շատ ավելի մեծ կլիներ:
Իհարկե, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, հարեւանների մեջ փակ սահմանները հակաբնական են, եւ ես ինքս բազմիցս խոսել եմ այդ մասին եւ տարբեր կառույցների միջոցով ու համագործակցությամբ նպաստել խնդրի լուծմանը դեռ այն ժամանակ, երբ մեր քաղաքական համակարգը թուրքատյացության փուլում էր, եւ խիստ մոդայիկ էր իրար մեղադրել ազգային դավաճանության մեջ: Բայց խնդիրն այստեղ բոլորովին այլ է:
Եթե մեր պետության մեջ լինեին լուրջ գործող ինստիտուտներ, օրինակ` ինչպես նույն Թուրքիայում, մենք մեկ օրում չէինք դառնա այդչափ թուրքամոլ, թուրքասեր, թուրքակախ եւ այլն: Սա հնարավոր էր միայն ինստիտուտների բացակայության եւ անհատների վրա հիմնված համակարգերում: Սա չափազանց վտանգավոր երեւույթ է: Սա վտանգավոր է ոչ միայն այն իմաստով, որ մեզ չեն հարգի, լուրջ չեն ընդունի, այլեւ այն պարզ պատճառով, որ մեր պետությունն ի վիճակի չի լինելու ճիշտ ձեւակերպել իր խնդիրները եւ գտնել դրանց լուծման ճիշտ ճանապարհները: Այսօրվա աղետալի վիճակը ձեռնտու չէ որեւէ իշխանության:
Եթե Հայաստանում լինեին լուրջ կառավարական եւ ոչ կառավարական կառույցներ, կենտրոններ, ինչո՞ւ չէ` կուսակցություններ, Սերժ Սարգսյանը Գյուլին Երեւան հրավիրելուց առաջ եւ հետո ունենար նրանց խորհրդատվությունը, պատրաստված զարգացման հնարավոր սցենարների տարբերակները, հասարակության հետ աշխատելու բանաձեւերն ու մեխանիզմները, ապա թե՛ ինքը, թե՛ պետությունը շատ ավելի շահեկան վիճակում կգտնվեին, եւ ոչ թե մինչեւ սեպտեմբերի չորսի երեկոն ազգովի կսպասեինք Գյուլի պատասխանին:
– Իսկ ի՞նչ է լինելու հետո:
– Մենք ունենք մեկ ամսում պատվերով «թուրքասեր» դարձած իշխող կուսակցություններ, հասարակություն, մամուլ, եւ ունենք Թուրքիա, որը հետապնդում է բացառապես իր շահերը եւ որեւէ նշույլ ցույց չի տալիս Հայաստանին ընդառաջելու: Թուրքիան մտել է երկարատեւ, մանեւրային խաղի մեջ, որին մենք շատ քիչ ենք նախապատրաստված` առաջին հերթին համապատասխան ինստիտուտների բացակայության պատճառով: Կարծում եմ, պետք է չափազանց զգոն լինել: Ոչ մի դեպքում չարախնդալ պետք չէ, պետք է հետեւություն անել: Նման իրավիճակներն անընդհատ կրկնվելու են: Ես ուզում եմ շեշտել, որ ոչ միայն արտաքին քաղաքականության հարցերում: Լրջագույն խնդիրներ, մարտահրավերներ են առաջանալու երկրի ներսում: Այսուհետ մենք միշտ կանգնելու ենք ելքեր փնտրելու խնդրի առաջ: Անհրաժեշտ է նոր աշխատելաոճ, նոր կառույցներ, նոր մարդիկ, բայց ավելի շատ` առաջին երկուսը: Մարդկանց այն ցանկը, որը միշտ կրկնելու է ղեկավարին ու կյանքում գոնե մեկ անգամ չի ասելու, որ թերեւս այլ կերպ ավելի լավ կլիներ, ցավոք, չափազանց մեծ է եւ փոփոխության դժվար ենթարկվող: Մեր պետության ռեսուրսները մեծ չեն, եւ իրատեսական չէ նրանց արագ փոխարինել այլ ցանկով: Միայն իրական գործող ինստիտուտների շնորհիվ է հնարավոր իրավիճակին եւ խնդիրներին ադեկվատ ելքեր գտնելը:
– Ինչո՞վ եք այսօր զբաղված: Նոր աշխատանքի կարծես թե չեք անցել:
– Զբաղված եմ իմ մասնավոր գործով, որը թույլ է տալիս ապահովել իմ ընտանիքի բարեկեցությունը, ազատ ժամանակ աշխատում եմ գրքիս վրա: Ինչ վերաբերում է հրապարակային գործունեությանը, ապա ունեմ ծրագրեր, որոնք նախապատրաստական փուլում են: Չեմ բացառում արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ նորից խորհրդարան վերադառնալու հնարավորությունը` պայմանով, որ երկրում ընդհանուր մթնոլորտը եւ խաղի կանոնները էապես փոփոխված լինեն: