ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը երեկ «Հայելի» ակումբում իրենց բանավեճը սկսեցին Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքներով եւ բարեմաղթանքներով:
Այնուհետեւ անդրադարձան իշխանությունների կողմից, այսպես կոչված` բարեփոխումների իրականացմանը: «Արդյոք այդ բարեփոխումների շրջանակի մե՞ջ էր մտնում նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հրաժարականը» հարցին ՀՀԿ-ական Գ. Մելիքյանը պատասխանեց, թե բարեփոխումներ կատարվում են տնտեսական, քաղաքական, ինչպես նաեւ կադրային ոլորտներում: Նա մասնավորապես մատնանշեց մաքսային, հարկային եւ ներդրումային բնագավառներում կատարված փոփոխությունները, որոնց արդյունքներն, ըստ նրա` դեռեւս զգալիորեն արտահայտված չեն, բայց, այնուամենայնիվ, «սպասելի են եւ կան». «Սկսած թեկուզ այն հանգամանքից, որ նույնիսկ վրաց-օսական, վրաց-ռուսական հարաբերությունների լարվածությունից մեր տնտեսությունը որոշակի ցնցումներ ապրեց, բայց այդ հանգամանքը չկարողացավ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել մեր տնտեսության համար»,- ասաց նա: Թեեւ տարածաշրջանային լարվածությունը շարունակվում է, այդուհանդերձ, Գ. Մելիքյանի կարծիքով` ՀՀ կառավարության եւ իշխանությունների կատարած «դրական քայլերի հետեւանքով» մեր ազգաբնակչության համար առաջնահերթություն հանդիսացող սննդամթերքի արժեքների թանկացման վրա զգալի հետեւանքներ չարձանագրվեցին եւ վառելանյութի հետ կապված կոնկրետ դժվարություններ չառաջացան: Մինչդեռ, Գ. Մելիքյանին հիշեցնենք, որ վրաց-օսական հակամարտության արդյունքում մեր երկրում լայն սպառման շատ ապրանքների` ալյուրի, վառելիքի, ինչպես նաեւ տպագրական թղթի ինքնարժեքը բարձրացավ, եւ մինչ օրս էլ գնային քաղաքականությունն անփոփոխ է: Ի դեպ, Ա. Մանուկյանն անդրադառնալով Գ. Մելիքյանի մատնանշած «բարեփոխումներին»՝ առաջարկեց նշել մի մեծ հարկատուի անուն, որն այդ բարեփոխումների արդյունքում հայտնվել է հարկային դաշտում, նշել մի ապրանք, որի գինն էժանացել է, եւ համայնքի մի ղեկավարի, որը քրեական կամ օլիգարխիկ չէ: «Բառերով չէ, որ ասվում է՝ բարեփոխումներ, այլ դրանք կոնկրետ գործողություններ, մարդիկ, անձեր են: Այս վերջին շրջանում ընտրված կամ նշանակված համայնքապետերը կրիմինալի կամ ֆինանսի ծնունդ են, որոնց հասարակությունը չի ճանաչել, մեկ նախադասությամբ անգամ հասարակությանը հայտնի չեն նրանք, եւ իրենց գործունեությամբ իրենք բացասական են հիշվել: Տնտեսական դաշտում բացարձակ բարեփոխում չկա, եւ բացարձակ բացասական իմիջ ունեցող մարդիկ նախարարներ են դառնում»,- նշեց Ա. Մանուկյանն` ավելացնելով, որ նրանք անսկզբունքային, բացասական բնութագիր ունեցող մարդիկ են: Իշխանությունների ստեղծած քաղաքական բարեփոխումների պատրանքին Ա. Մանուկյանը հակադարձեց իր թվով 40 ընկերների բանտում գտնվելու հանգամանքով, որոնցից ոչ ոք, ըստ նրա, մեղավոր չեն: Գ. Մելիքյանի ասելով, ցանկացած երկրում յուրաքանչյուր հարկատուի հիմնական գաղափարախոսությունը պետությունից հարկերը թաքցնելն է, եւ այդ առումով, ըստ նրա` մեր երկիրը բացառություն չէ: «Չի բացառվում, որ որոշ խոշոր կամ մանր հարկատուներ թաքցնում են իրենց հարկերը: Պետության հիմնական գործառույթն այս բնագավառում պետք է լինի՝ հարկային դաշտ բերել բոլոր հարկատուներին,- մեկնաբանեց Գ. Մելիքյանն, ով Ա. Մանուկյանի հարցին, թե՝ մի հարկատուի անունը տվեք, պատասխանեց հետեւյալ կերպ,- Մեկին ասեք, որին չենք բերել հարկային դաշտ: Եթե գիտեք մեկին, ով հարկային դաշտից դուրս է աշխատում` խնդրում եմ անմիջապես գրավոր այդ մասին հայտնել Դատախազությանը»: Ա. Մանուկյանն էլ ի պատասխան՝ սկսեց թվարկել. «Հովիկ Աբրահամյանի ականջը կանչի, Լֆիկի, Ծառուկյանի, հարյուրավոր հզոր տղերքի ականջը կանչի: Եկել եք մանկապարտե՞զ, թե՞ քաղաքական զրույցի»:
ՀՀԿ-ի դրսեւորած հերթական անսկզբունքային դիրքորոշումներից մեկն էլ Ա. Մանուկյանը համարում է Տ. Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելը. «Այդ քայլով ՀՀԿ-ն իր միջից վանեց, վտարեց միակ քաղաքական էլեմենտին, այսինքն` մի մարդու, որը բիզնեսի մեջ չէր եւ քրեական գործի մեջ թաղված չէր, գոնե զբաղվում էր մաքուր քաղաքականությամբ: Թեպետ Թորոսյան Տիգրանը մարտի 1-ի հետ կապված իր բաժին մեղքն ունի, բայց այս էլ որերորդ անգամ ՀՀԿ-ն բարեփոխումների շուքի տակ քաղաքական էլեմենտը հանում, վտարում է իր հոտից, կուսակցությունից»: Ա. Մանուկյանն ափսոսանք հայտնեց այն բանի համար, որ Հայաստանում տիրող քաղաքական ուժը զրկված է բազմախոսությունից, այլախոհությունից, քանի որ մարդիկ «այլախոհությունը կուլ տված ստամոքս են պահում» եւ խոնարհ ձեւով ենթարկվում են մեկ անձի: Այդուհանդերձ, Ա. Մանուկյանը ՀՀԿ-ում չի տեսնում ավելի քաղաքական դեմք, քան Տ. Թորոսյանն էր: Մինչդեռ Գ. Մելիքյանն ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանին համարում է բավականին կազմակերպված քաղաքական գործիչ, որի աշխատանքը երեւացել է եւ՛ կառավարության կազմում, եւ՛ կերեւա ԱԺ նախագահի «պոստում»: «ՀՀԿ-ն գտնում է, որ Հ. Աբրահամյանն իր կազմակերպչական ջիղով ԱԺ աշխատանքների արդյունավետությունն ավելի կբարձրացնի»,- նշեց Գ. Մելիքյանը` չընդունելով Ա. Մանուկյանի այն դիտարկումը, որ ԱԺ նախագահի նման փոփոխությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պայքարի արդյունքն է: Ինչ վերաբերում է Տ. Թորոսյանի՝ Հանրապետական կուսակցությունից հեռանալու հանգամանքին, ապա Գ. Մելիքյանն այդ արարքը համարում է զգացմունքային որոշում: «Տ. Թորոսյանը ֆինանսական հարց չէր կարող լուծել, իսկ Հ. Աբրահամյանը կարող է: Տ. Թորոսյանը կազինոյի պարտք չէր կարող փակել, իսկ դա կարեւոր է, լուրջ գործոն է ԱԺ նախագահ լինելու համար»,- իր կարծիքն արտահայտեց Ա. Մանուկյանը: