Հայ խաղաղապահները Կոսովոյում

22/09/2008

Սեպտեմբերի 9-12-ը ՆԱՏՕ-ում ԱՄՆ պատվիրակությունն այցելություն էր կազմակերպել Կոսովոյի Հանրապետություն արտասահմանյան լրագրողների համար, որոնց թվում էր «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

Այցելության ընթացքում նրան հաջողվել է այցելել Ֆերիջայ ալբանաբնակ քաղաք եւ Ռիգաս Ֆերեոս ռազմական ճամբար, ուր տեղաբաշխված են եւ ծառայում են հայ խաղաղապահները: Ստորեւ ներկայացնում ենք Դ. Ալավերդյանի ռեպորտաժը Կոսովոյից:

Հայ խաղաղապահների հասցեին գովասանքի խոսքեր առաջին անգամ ես լսեցի ամերիկյան ռազմական Բոնդսթիլ Քեմփ ճամբարում, բազմազգ զինված ուժերի Արեւելքի հրամանատար, բրիգադի գեներալ Լարի Քեյի շուրթերից: Հենց նա է ղեկավարում այն ստորաբաժանումը, որի կազմում ծառայում են 8 երկրների զինվորականներ, այդ թվում՝ հայաստանցիները: Մեզ հետ զրույցում գեներալը գովասանքի խոսքեր չէր խնայում հայերի հասցեին` նշելով, որ մեր խաղաղապահներն իրենց շատ լավ են դրսեւորել պարեկության ընթացքում:

Նույն օրը մեզ առիթ ընձեռվեց ստուգելու գեներալի ասածները: Կեսօրից քիչ անց ամերիկացի երկու հատուկջոկատայինի հետ միասին մեկնեցինք Ֆելիջայ քաղաք, որը երրորդն է Կոսովոյում բնակչության թվով, եւ որտեղ հույների հետ միասին պարեկություն են անում հայ զինծառայողները: Քաղաքի կենտրոնական հրապարակում պատահաբար տեսա մեր երկու խաղաղապահների, որոնք իրենց հույն գործընկերոջ հետ պարեկություն էին անում այնտեղ: Նրանց տեսնելիս` անկեղծ պարծանք ապրեցի մեր բանակի նկատմամբ: Մեր զինվորականները շատ պատրաստված, լուրջ տեսք ունեին, եւ ակնհայտ երեւում էր, որ բնակչությունը մեծ հարգանքով է վերաբերվում նրանց:

Պետրոս Տոնոյանը եւ Արսեն Եդիգարյանը մի փոքր շփոթվեցին, երբ հայերեն բարեւեցի իրենց: Երեւի թե չէին սպասում, որ հեռավոր Ֆելիջայում կարող է հայ հանդիպել: Շուրջբոլորը մեծ թվով մարդկանց ներկայությունը թույլ չէր տալիս տղաներին հանգիստ պատմել իրենց ծառայության մասին, միայն նշեցին, որ իրենց ծառայության ընթացքում որեւէ պատահար չի եղել, քաղաքում ընդամենը մեկ սերբական ընտանիք կա, որին իրենք ամեն օր այցելում են, որպեսզի ալբանացիների հետ որեւէ խնդիր չունենան: Նաեւ նշեցին, որ հույն զինծառայողների հետ շատ լավ հարաբերություններ ունեն, շատերը հուներեն խոսել են սովորել, քանզի պարեկային ծառայության ընթացքում առանց իրար հասկանալու դժվար կլիներ: Պետրոսն ու Արսենը հրավիրեցին մեզ մոտակայքում գտնվող Ռիգաս Ֆերեոս ճամբար, ուր տեղաբաշխված էր հայկական խաղաղապահ ստորաբաժանումը: Ամերիկացի զինծառայողները չմերժեցին խնդրանքս եւ ուղեկցեցին ինձ մերոնց մոտ:

Հայաստանի ազգային դրոշը տեսանելի էր հեռվից: Երբ հասանք ճամբարի դարպասին, մեզ արդեն սպասում էին. պարեկում գտնվող տղաներն արդեն հայտնել էին, որ մենք մտադիր ենք ճամբար գալ: Դարպասի մոտ մշտապես հերթապահում է նաեւ հայ զինծառայող, սակայն մինչ ինձ բարեւելն ամենայն խստությամբ ստուգեցին բոլորիս փաստաթղթերը, ամերիկացի զինծառայողների զենքը եւ զննեցին մեքենան:

Հայաստանի խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար, ավագ լեյտենանտ Վահան Ծատինյանն ընդունեց ինձ իր առանձնասենյակում: Մեր հրամանատարները իրենց առանձին տնակն ունեն, որն ապահովված է նաեւ ինտերնետային կապով: Երիտասարդ հրամանատարը, չնայած հոգնել էր ճանապարհից, համաձայնեց ցույց տալ զորամասը եւ ծանոթացնել զինծառայողների ապրուստին: Պարզվեց, որ 70-հոգանոց ստորաբաժանման կեսն օրեր առաջ տեղափոխվել է Ֆելիջայից Սերբիայի հետ սահման` մի վայր, որն ամերիկացիք անվանել են Նաֆինգ հիլ, անգլերեն nothing բառից, որը նշանակում է՝ «ոչինչ»: «Այնտեղ պարզապես ոչինչ չկա, նույնիսկ խոտ չի աճում, մի բլուր է Սերբիայի հետ սահմանում, ընդ որում, շրջակա գյուղերի բնակիչներն էլ են սերբեր»,- պատմեց Ծատինյանը, նշելով, որ թե՛ ալբանացիները, թե՛ սերբերը հայերին եւ հատկապես հայ զինծառայողներին մեծ հարգանքով են վերաբերվում:

«Հիմա այնտեղ ապրելու նվազագույն պայմաններ արդեն ստեղծել ենք, իսկ սկզբում ընդհանրապես դատարկ տարածք էր, չկար ոչ ջուր, ոչ էլ էլեկտրականություն»,- պատմեց նա:

Ի տարբերություն Նաֆինգ հիլի՝ Ռիգաս Ֆերեոս ճամբարը բավականին բարեկարգ է, չնայած ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ ամերիկյան Բոնդսթիլի հետ համեմատվել չի կարող. Բոնդսթիլը իսկական մի քաղաք է, որտեղ կա ապրելու եւ ծառայելու համար անհրաժեշտ ամեն ինչ, նույնիսկ ավելին. մարզահրապարակներ, եկեղեցի, կինոթատրոններ, անվճար ինտերնետ եւ հեռախոսակապ, բարձրակարգ սնունդ, խանութներ եւ այլն: Սակայն հայ զինծառայողները դրանից բոլորովին չէին նեղվում, քանզի նրանց պայմանները եւս բարեկարգ էին, եւ իմ բոլոր հարցերին նրանք պատասխանում էին մեկ բառով` «նորմալ», ինչը Կոսովոյում գոյություն ունեցող ջրի եւ էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտի պայմաններում կարող էր նշանակել՝ «շատ լավ»: Զորանոցներում եւ ճաշարանում մաքրությունն ապահովում է հատուկ այդ նպատակով վարձված քաղաքացիական անձնակազմը, սնունդը եւս պրոֆեսիոնալ խոհարարներ են պատրաստում, լվացքն էլ կատարվում է ճամբարին կից լվացքատանը: Այնպես որ, մեր տղաներին մնում է մտածել միայն ծառայության մասին եւ, իհարկե, կարոտել հարազատներին եւ Հայրենիքը: Զորամասում նաեւ Հույն Ուղղափառ եկեղեցի է գործում, որը մեր տղաները ժամանակ առ ժամանակ այցելում են, հատկապես եկեղեցական տոներին: Սակայն հատկապես չեն մոռանում ազգային եւ ժողովրդական տոները: «Սեպտեմբերի 21-ին մտադիր ենք միջոցառում անցկացնել Անկախության օրվա առթիվ, ափսոս, այդ օրն այստեղ չեք լինի, թե չէ կտեսնեիք` ինչպես ենք նշում»,- ասաց ավագ լեյտենանտ Հակոբյանը: Տոնախմբության հետ կապված մի զվարճալի դեպք էլ պատահել էր վերջերս: Վարդավառի օրը տղաները սկսել էին միմյանց ջրել, իսկ հույները մտածել էին, թե վիճում եւ կռիվ են անում, անմիջապես գնացել էին հայ հրամանատարների մոտ՝ տեղյակ պահելու: Բավականին երկար ժամանակ է պահանջվել բացատրելու, որ դա ժողովրդական ավանդույթ է:

Մեր խաղաղապահների մի մասը դրսում պատրաստվում էր հերթապահության մեկնելու: Խմբերը միմյանց փոխարինում են 5-6 ժամը մեկ, իսկ ծառայությունը շուրջօրյա է: Հրամանատարների հետ միասին այցելեցինք զորանոցներ: Տղաներից մի քանիսը հանգստանում էին պարեկությունից հետո, մյուս մասը զբաղված էր կենցաղային խնդիրներով: Պատերին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քարտեզներն էին, մեր ազգային դրոշը: Տղաները պատմեցին, որ հայաստանյան անցուդարձին բավականին լավատեղյակ են, ամեն օր Հ1 են դիտում: Զորանոցները պարզ կահավորված էին, սակայն սենյակներից մեկ-երկուսում համակարգիչ տեսա: Ինչպես պարզվեց, դրանք միացած են ինտերնետին, եւ տղաները հնարավորություն ունեն ազատ ժամանակ հարազատների, բարեկամների հետ շփվելու: Զգացվում էր նաեւ, որ կարգապահությունը բարձր մակարդակի վրա է, քանզի հրամանատարների մտնելուն պես զինծառայողները վեր էին թռչում եւ զգաստ կանգնում:

Վահան Ծատինյանը պատմեց, որ ճամբարի հարեւանությամբ մարզահրապարակ եւ ֆուտբոլի դաշտ կա: Ասաց նաեւ, որ մի քանի անգամ հույների հետ ֆուտբոլ խաղալուց հետո հիմա խառը թիմերով են խաղում, որպեսզի ոչ մեկի համար այդքան ցավալի չլինի պարտվելը: Ի դեպ, մեր տղաները Կոսովո են բերել միայն իրենց ամրացված հրազենը, իսկ ահա հույները նաեւ մարդատար եւ զրահամեքենաներ էլ ունեն:

Ճամբարի ընդհանուր հրամանատարությունը հույներինն է, սակայն ցանկացած որոշում համաձայնեցվում է Հայաստանի Պաշտպանության նախարարության հետ: «Մեր կապը նախարարության եւ գլխավոր շտաբի հետ մշտական է, այնտեղից ամեն օր զանգահարում են, ճշտում իրավիճակը: Անհրաժեշտության դեպքում նաեւ մենք ենք կապվում իրենց հետ»,- ասաց ավագ լեյտենանտը: Մեր խաղաղապահները պարեկություն են անում թե՛ քաղաքում, թե՛ մերձակա բնակավայրերում: Եվ չնայած սերբեր այստեղ գրեթե չկան, սակայն մեր զինվորականները ստիպված են մասամբ ստանձնել նաեւ Ոստիկանության պարտականությունները, քանզի Կոսովոյում շատ բարձր է հանցագործությունների մակարդակը:

Իմ այն հարցին, թե ինչ բողոքներ, ցանկություններ ունեք, հրամանատարները զինվորականներին բնորոշ խրոխտ ձայնով պատասխանեցին. «Ոչ մի, ամեն ինչ շատ լավ է»: Գուցե հենց այդպես էլ պետք է պատասխանեին, չէ՞ որ նրանք գնացել են ծառայելու, իսկ ցանկացած ծառայություն որոշ զրկանքներ է պարտադրում:

Հաջորդ առավոտյան, երբ Պրիշտինայում ԱՄՆ դեսպանատան` մեզ ուղեկցող ազգությամբ ալբանացի աշխատակցի հետ մեկնել էինք սերբական Չագլավիցա անկլավ, նա մոտեցավ եւ ասաց. «Երբ հայ խաղաղապահների առաջին խումբը եկավ, այն ժամանակ ես էի նրանց օգնում տեղավորվել եւ լուծել կազմակերպչական հարցերը: Մի օր ձեր զինվորների մի մասը տեղավորվել էր մի բլուրի վրա, մյուսը` հարեւան բլուրի: Հանկարծ այս բլուրում տղաները մի շատ տխուր երգ սկսեցին երգել: Մի քանի վայրկյան հետո մյուս բլուրում եւս հնչեց այդ հրաշալի երգը: Այնքան լավն էր, որ խնդրեցի նորից երգել եւ ձայնագրեցի այն: Ձեր տղաներն ասացին, որ երգում են այն պատերազմի դաշտում: Այժմ դա իմ ամենասիրած երգերից մեկն է»:

Ես պարզապես ժպտացի. խոսքը «Զինվորի երգի» մասին էր: Ուրիշ ի՞նչ պետք է երգեին մեր զինվորները: «Թռչեի մտքով տուն»գ

Հատուկ «168 Ժամի» համար
Պրիշտինա-Երեւան