Չհիմնավորված գներ

22/09/2008

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ վարույթ է հարուցել ավիավառելիքի, ցորենի ալյուրի եւ բրնձի շուկաներում գների չհիմնավորված պահպանման կամ բարձրացման հնարավոր փաստերի առիթով: Հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի համաձայն, ցորենի ալյուրի իրացման գների դինամիկան ոչ համարժեք է միջազգային շուկայի գների դինամիկային: Շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Սալեքս Գրուպ» եւ «Մանանա Գրեյն» ընկերությունները: Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության` ցորենի, ալյուրի շուկայում հակամրցակցային համաձայնության երեւույթներ էր արձանագրել դեռեւս հուլիսի 22-ին, ոլորտի տնտեսվարողների հետ անցկացված քննարկում-խորհրդակցության ժամանակ: Հանձնաժողովն այդ ժամանակ նախազգուշացրել է տնտեսվարողներին` զերծ մնալ հակամրցակցային համաձայնություններից, եւ ժամկետ էր տվել հնարավոր խախտումները վերացնելու համար: «Օգոստոսի 8-ին Վրաստանում ստեղծված պատերազմական իրավիճակի պատճառով հայաստանյան շուկայի համար ֆորս-մաժորային վիճակ ստեղծվեց, եւ բեռներն ընդհանրապես Հայաստան հասցնելու հետ կապված խնդիրներ առաջացան, ինչով պայմանավորված` հանձնաժողովը հետաձգեց վարույթի հարուցման որոշումը` մինչեւ բեռնափոխադրումների շուկան կայունանա: Իրավիճակի կայունացումից հետո, սակայն, հայաստանյան շուկայում գների իջեցումը, նախնական գնահատականով, համարժեք չէ միջազգային շուկայում ցորենի ալյուրի գնանկմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հանձնաժողովի մոնիտորինգը գների բարձրացում է արձանագրել բրնձի շուկայում: Բրնձի շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Կարի Թով» եւ «Մոկոնաթ» ընկերությունները, որոնք գրավում են շուկայի 59.6 տոկոսը: «Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան շուկայում բրնձի թանկացումը համատարած բնույթ է կրում, հանձնաժողովի հարուցած վարույթը կընդգրկի շուկայի առնվազն 90 տոկոսը գրավող տնտեսվարող սուբյեկտների վարքագծի ուսումնասիրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ` վարույթ է հարուցվել ավիավառելիքի շուկայում գների ուսումնասիրության նպատակով, քանի որ միջազգային շուկայում ավիավառելիքի գնանկում է արձանագրվել: