ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի հավաստմամբ` ընթացիկ գյուղատնտեսական տարին հաջող էր եւ՛ հացահատիկի, եւ՛ գյուղատնտեսական մյուս մշակաբույսերի նորմալ աճի ու բերքատվության համար: Ըստ նրա` հավաքվել է 240-245.000 տոննա համախառն հացահատիկ, որը համարյա չի զիջում անցած տարվա ցուցանիշներին: Հարթավայրային եւ նախալեռնային (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Շիրակ) գոտիների ցանքերից հեկտարից միջին հաշվով ստացվել է 30-35 ց բերք: Բարձր բերքի համար նախապայման են հանդիսացել նպաստավոր կլիման, ցանքի ժամանակին եւ ագրոտեխնիկական կանոններով կատարումը: Ստացված հացահատիկը կիսով չափ կբավարարի եղած պահանջարկը: Մնացածը կլրացվի ներկրումների հաշվին: