«Ես խոնարհվում եմ այն 6000 զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակի առջեւ, ովքեր իրենց արյունով վերագծեցին 12.000 քառակուսի կիլոմետր տարածքով մեր սահմանները: Մենք բոլորս չհատուցած պարտք ունենք նրանց տալու»,- այս տողերը գրված են Սամվել Բաբայանի գրքի հենց առաջին էջում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ: Գիրքը կոչվում է «Հաղթանակներն ինչպես եղել են. Ազդականչ-44»: Հեղինակը` Սամվել Բաբայանը, այն անվանում է պատմություն: Այն, ըստ նրա, գալիս է ճշմարտությունն ասելու սերունդներին. «Պատմությունը մութ, չբացահայտված էջեր չի հանդուրժում: Վաղ թե ուշ սերունդների պատմական գիտակցության եւ հիշողության մեջ դրանք ճշմարտացի լուծում են ստանում, արժանանում արդարացի գնահատականի»,- ասաց նա: Գրքի հրապարակման ֆինանսավորումն արվել է ոչ թե պետության, այլ` Ս. Բաբայանի կողմից, ինչը, շնորհանդեսին ներկա ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի գնահատմամբ` ճիշտ չէ: «Ճիշտ չէ, երբ անհատների ֆինանսավորմամբ է կերտվում պատմությունը: Պետք է լինի պետական պատվեր մասնագետներին. ես գտնում եմ, որ այդ տիպի գործը պետք է լինի պետական հովանավորությամբ եւ պետական հսկողությամբ, պետք է հատուկ խմբագիրներ լինեն, մասնագետ, որպեսզի թույլ չտան թյուրիմացություններ: Բայց սա ընդունված ձեւ է. ասենք, Հայրենական պատերազմի բոլոր մասնակիցները, մարշալները գրեցին իրենց հուշերը, եւ, ըստ էության, այդ հուշերում ներկայացրին պատմությունն իրենց տեսակետից՝ իրարամերժ, հակասական: Իսկ պատմաբանների խնդիրն այն է, որ դրանք մաքրեն եւ, ի վերջո, ներկայացնեն հանրությանը: Այդ տեսակետից այսպիսի գրքերը եւս շատ կարեւոր են, որովհետեւ առաջին ձեռքից են, մանավանդ, որ կա մասնակից»,- ասաց նա` հավելելով, թե այդ գրքում կլինի փաստագրական շատ մեծ նյութ: Ելույթ ունեցան նաեւ Սամվել Բաբայանի մարտական ընկերները, ինչպես նաեւ՝ լրագրող, պատերազմի մասնակից Ցվետանա Պասկալեւան: