Շատ բան է կախված այն փաստից, թե ինչպես ենք մենք սնվում: Այնպես որ` պետք է վերջ տալ օրգանիզմը քայքայող դիետաներին կամ խելքից դուրս շատակերությանը:
Մի բան պետք է լավ հասկանալ, որ ի տարբերություն սնվելու ճիշտ համակարգի` դիետաները կարճաժամկետ են, որովհետեւ միայն ջրով կամ բանջարեղենով մարդը երկար չի կարող դիմանալ: Այդ դիետաներով մարդը ոչ թե կնիհարի, այլ պարզապես կհյուծվի: Իսկ ահա ամբողջ կյանքի ընթացքում ճիշտ սնվելը պարզապես պարտադիր է: Ճիշտ ընտրված սնվելու համակարգը կօգնի ձեզ թոթափվել շատ խնդիրներից: Յուղոտ սննդամթերքից, հոթ-դոգերից ու համբուրգերներից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ, սակայն անհրաժեշտ է: Ինչպես դիետաներում, այստեղ էլ կան կանոններ ու արգելքներ: Թեկուզ դրանք այնքան էլ շատ չեն, բայց մեր ուտելու ցանկությունն ու կարողությունը, որոշակի ռեժիմի սովորելն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է: Իհարկե, այս փուլը հեշտ կանցկացնեն հատկապես դիետաների սիրահարները, բայց նրանց համար այն կարող է հետո դժվարություններ առաջացնել, քանի որ նրանց օրգանիզմը սովոր չէ սննդի մեջ երկարատեւ սահմանափակումների: Մասնագետները մշակել են ճիշտ սնվելու 12 սկզբունք.
– Ճիշտ սնվելու առաջին ու գլխավոր կանոնը սնվելու հաճախականությունն է` ուտել օրը մի քանի անգամ, 4 անգամից ոչ պակաս, բայց քիչ քանակությամբ եւ միշտ միեւնույն ժամին:
– Երկրորդ կարեւոր պայմանը սննդի բազմազանությունն է: Պետք չէ տանջվելով փորձել ուտել այնպիսի ուտելիք, որը չեք սիրում դեռ մանկուց, ասենք` ծաղկակաղամբ: Տապակած, ճարպոտ, կծու ու թթու սննդամթերքի քանակը պետք է սահմանափակել: Օրգանիզմի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ օրգանական ու հանքային նյութեր, որոնք անպայման ձեր ռացիոնում պետք է լինեն:
– Չի կարելի միանգամից հրաժարվել այն ռեժիմից, որին դուք սովոր եք տարիներ շարունակ, այդ պատճառով որոշ մթերքի տեսակներից փորձեք հրաժարվել աստիճանաբար: Միանշանակ պետք է կրճատել աղի ու շաքարի օգտագործման քանակը:
– Պետք է պահպանել էներգետիկական բալանսը: Սնունդը պետք է լրացնի մեր էներգիայի կորուստները: Կարելի է ուսումնասիրել սննդամթերքի կալորիականության աղյուսակն ու վերականգնել կամ ծախսել մեզանում բացակայող կամ ավելացած էներգիայի քանակը:
– Նախաճաշը պարտադիր է: Այն պետք է լինի բազմազան ու լիակատար` մեկ գավաթ սուրճն ու պանրով բուտերբրոդը բավական չէ:
– Կարեւոր է նաեւ գրաֆիկով սնվելը: Նրանք, ովքեր գիշերային հերթափոխով են աշխատում, պետք է անպայման սնվեն, չի կարելի հրաժարվել սնունդից:
– Ճաշին ու ընթրիքին մի մոռացեք սուպերի մասին, քանի որ դրանք հեշտացնում են մարսողությունը ու չեն ծանրաբեռնում ստամոքսը: Կարելի է խմել հյութ, թեյ, առանց գազի հանքային ջուր, բայց մեկընդմիշտ մոռացեք գազավորված խմիչքների մասին: Ցանկացած գազավորված խմիչք բացասական ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի վրա:
– Քաղցր` չի նշանակում՝ օգտակար: Քաղցրի սիրահարներին խորհուրդ է տրվում չչարաշահել կրեմով տորթերն ու այլ քաղցրավենիքները: Քաղցր մթերքների մեջ օգտակար են մեղրը, քաղցր մրգով կաթնաշոռը: Ի դեպ, աղանդերն ավելի ճիշտ կլինի ուտել հիմնական ուտելիքից առաջ, քանի որ այն փակում է ախորժակը, եւ ամեն դեպքում շատակերության վտանգ չի լինում: Ճաշից կամ ընթրիքից հետո կերած մրգերը շատ դժվար են մարսվում եւ կորցնում են օգտակարությունը:
– Պետք է չմոռանալ գենի մասին: Մթերքներ ընտրելիս մի պահ կարելի է մտածել ընտանիքի գենոլոգիայի մասին: Օրինակ` եթե ձեր նախնիները Հյուսիսից են, ուրեմն նրանց կողմից անպայման կողջունվի ձկնեղենն ու մսամթերքը, բայց նրանք էլ չեն ընդունում էկզոտիկ մրգատեսակները: Հնարավոր է, որ գեները դեռեւս չեն հասցրել հարմարվել այս կամ այն սննդի տեսակին:
– Սննդակարգում անպայման ու անհրաժեշտ պայման են մրգերն ու բանջարեղենը: Դրանք պարունակում են մեր օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ: Մրգերի պակասն օրգանիզմում կարող է հասցնել վատ հետեւանքների:
– Ամբողջովին պետք չէ հրաժարվել յուղոտ սննդամթերքից: Ճարպերի որոշ տեսակներ ու որոշակի քանակություն մեր օրգանիզմին անհրաժեշտ է:
– Իսկ ամենագլխավորն ու կարեւորը միշտ չափի զգացում ունենալն է: Պետք չէ օրգանիզմը դնել անմարդկային պայմաններում, բայց սնվելուն պետք է վերաբերվել պատասխանատվությամբ: Այնպես որ` գեղեցկությունն ու առողջությունը մեր ձեռքերում են, իսկ ավելի ճիշտ` մեր ափսեներում: