Սեպտեմբերի 9-ի առավոտյան Աբխազիայի հետ վարչական սահմանից մոտ 1 կմ հեռու գտնվող Գանմուխուրիի բնակիչները հավաքվել էին գյուղի կենտրոնում: Աբխազ զինյալների կողմից չորս շաբաթ շարունակ գրավված մնալուց հետո այն ամայացած էր: Բոլորի շուրթերին նույն հարցն էր` «Նրանք իսկապե՞ս հեռացել են»:
Աբխազները հեռացան գյուղից այդ օրը վաղ առավոտյան` նույնքան անսպասելի, որքան հայտնվեցին այստեղ օգոստոսի 12-ին: «Աբխազները (հսկիչ) պահակակետ էին տեղադրել իմ տան դիմաց` գյուղապետարանի շենքում: Ամսի 9-ի վաղ առավոտյան ես արթնացա զինվորական մեքենաների աղմուկից եւ ռուսերեն լեզվով բղավոցներից: Ես չափազանց վախեցած էի, որպեսզի դուրս գամ, դուրս եկա միայն մեքենաների հեռանալուց հետո: Ես տեսա, որ բոլոր աբխազները հեռացել են պահակակետից: Չէի հավատում, որ նրանք այսքան շուտ կհեռանան»,- ասում է գյուղի բնակիչ Էթեր Կվարացխելիան:
Աբխազները հեռացան, երբ գյուղ ժամանեցին վրացական ոստիկանները եւ պաշտոնյաները, եւ այն բանից հետո, երբ Մոսկվան խոստացավ եվրոպական երկրների ղեկավարներին, որ Ռուսաստանը եւ իր դաշնակիցները կսկսեն դուրս բերել իրենց ուժերն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմաններից դուրս` Վրաստանի տարածքում գտնվող, այսպես կոչված, «բուֆերային գոտիներից» (թեեւ Գանմուխուրին նույնպես գտնվում է 12 կմ-անոց անվտանգության գոտում, որտեղ 1993թ. ի վեր տեղակայված են ռուս խաղաղապահները): Առաջին հերթին վրաց ոստիկանները Ինգուրի գետը նետեցին աբխազների կողմից տեղադրված ցուցանակը, որի վրա գրված էր՝ «Ապսնի» (աբխազերեն` «Աբխազիա»):
Հետո սակրավորները սկսեցին հետազոտել եւ ականներ փնտրել քաղաքի շրջակայքում, հատկապես Սեւ ծովի ափամերձ գոտում: Դրանից հետո կսկսվեն աբխազ զինյալների կողմից ոչնչացված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները: Գյուղում էր գտնվում երիտասարդների «հայրենասիրական ճամբարը», ուր անցյալ տարի այցելել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ճամբարը, ինչպես նաեւ տները, ռեստորանները եւ սպորտային հրապարակներն այրված էին: «Նրանք այրեցին իմ ռեստորանը: Հիմա կարեւորն այն է, որ նրանք հեռացել են: Մենք մեծ ոգեւորությամբ կսկսենք վերականգնել այն, ինչ կորցրել ենք»,- ասաց Գոգի Զարկուան:
«Այս տարի մեզ համար հատուկ սեզոն էր լինելու,- ասում է Գուլի Ախալավան,- Ծովափը հրաշալի էր, հանգստյան գոտիներ էին կառուցվել: Ամեն օր հարյուրավոր մարդիկ էին այստեղ գալիս, եւ այդ ամենը մի օրում ի չիք դարձավ: Նրանք մի քանի ժամում ամեն ինչ կործանեցին»:
Հենց աբխազները հեռացան, վերադարձան գյուղը լքած բնակիչներից շատերը: «Ես հեռացել էի գյուղից աբխազների գալուց մի քանի ժամ առաջ,- ասում է Տեա Դագարգուլիան: -Հեռացել էին նաեւ գրեթե բոլոր կանայք եւ երեխաները, մնացել էին միայն տղամարդիկ եւ տարեցները: Իմ հարեւանները նույնպես այստեղ էին մնացել` չցանկանալով լքել իրենց տները`չնայած երեխաների խնդրանքներին»:
Գյուղաբնակներն ասում են, որ Վրաստանի զինված ուժերն իրենց անպաշտպան էին թողել: «Կառավարությունը դուրս էր բերել իր ուժերը, իսկ մեզ նույնիսկ չէին զգուշացրել,- ասաց կանանցից մեկը, որ չցանկացավ նշել իր անունը: -Իհարկե, մենք վախենում էինք, քանի որ մնացել էինք առանց որեւէ պաշտպանվածության, եւ աբխազները կարող էին անել, ինչ կցանկանան: Աբխազները գյուղ մտան ամսի 12-ին, ժամը 11:30-ին եւ տեղավորվեցին գյուղի կենտրոնում: Բարեբախտաբար, նրանք ձեռք չէին տալիս տեղի բնակիչներին, եւ մենք խուսափում էինք նրանց հետ շփվելուց: Մի անգամ նրանք եկան եւ ինձնից ջուր խնդրեցին: Նրանք տեսան, որ ես վախեցած եմ, եւ հավաստիացրեցին, որ ձեռք չեն տա ինձ: Նրանք խմեցին ջուրը եւ հեռացան»:
Զավթիչները դպրոցի եւ գյուղապետարանի շենքերից հանեցին Վրաստանի ազգային դրոշները եւ գյուղի մուտքի մոտ աբխազական դրոշ տեղադրեցին: Օգոստոսի 26-ին, այն օրը, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, Աբխազիայի մայրաքաղաք Սուխումից 10 ոստիկաններ եկան եւ ամենուր գրեցին` «Կեցցե՜ Աբխազիայի անկախ Հանրապետությունը»:
«Վերջին երեք օրերը, որ նրանք այստեղ անցկացրեցին, համարյա ամեն օր կրակում էին հրազենից: Նրանք բարձրանում էին տների տանիքներին եւ սկսում կրակել բազեներին: Մրցում էին, թե ով ավելի լավ նշան կբռնի: Նրանք մեզ ձեռք չէին տալիս, բայց միեւնույն է` մենք վախենում էինք: Նրանք բոլորը հարբած էին, եւ մենք չգիտեինք, թե նրանք էլ ինչ կարող են անել»,- ասում է կանանցից մեկը:
Գյուղի բնակիչների խոսքերով, վերջում աբխազները նույնքան շատ էին ուզում տուն գնալ, որքան եւ տեղաբնակներն էին ուզում, որ նրանք հեռանան:
«Նրանք անընդհատ ասում էին, որ դա պարզապես քաղաքականություն է, եւ իրենք դրա հետ կապ չունեն,- շարունակում է նա: -Մի երիտասարդ կար, որ տանն էր թողել 2-3 ամսական իր որդուն, եւ մտածում էր միայն, թե երբ են իրեն տուն ուղարկելու: Առավոտյան, երբ աբխազները սկսեցին հեռանալ, ես տեսա, թե որքան ուրախ են բոլորը, որ մեքենա են նստում, բոլորն ասում էին` «Վերջապես տուն ենք գնում»:
Երկար ժամանակ կպահանջվի, որ Գանմուխուրիում կյանքն իր բնականոն հունին վերադառնա: «Կարեւորն այն է, որ պատերազմ չլինի, որ մարդիկ կարողանան վերականգնել այն, ինչ ոչնչացվել էր, եւ վերադարձնել կորցրածը»,- ասում է ուսուցչուհի Նինո Ջիկիան:
Իրակլի ԼԱԳՎԻԼԱՎԱ, Գանմուխուրի
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR Կովկասյան լրատու պարբերականից