Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը շաբաթ օրը հանդիպել է Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզային: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունները, այլ հարցեր: Էդուարդ Նալբանդյանը հայտնել է, որ հայկական կողմը դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Հայաստան կատարած այցելությունը, ինչը հանդիսանում է երկխոսություն սկսելու լուրջ խթան: Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնության առնչությամբ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Նշենք, որ Թուրքիայի` միջնորդական ջանքերի ակտիվացման համատեքստում, որոշ կարծիքների համաձայն, բացառված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունը: Փորձագետները նաեւ այդ հանգամանքով են պայմանավորում Բրայզայի` տարածաշրջան կատարած վերջին այցելությունը: